Հայաստանի եւ ԱՄՆ ստորագրած փաստաթղթի ամբողջական տեկստը և հարցումներ

Հայաստանի եւ ԱՄՆ ստորագրած փաստաթղթի ամբողջական տեկստը և հարցումներ

Հայաստանի Մեդիամաքս կայքը 6 հացումների է պատասխանել Հայաստանի եւ ԱՄՆ ստորագրած փաստաթղթի մասին: Վերջում կարող էք տեսնել ամբողջական տեքստը:

  1. Ի՞նչ է ստորագրուել

ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը 2025թ. յունուարի 14-ին ստորագրել են ոչ թէ հայ-ամերիկեան ռազմավարական գործընկերութեան հաստատելու մասին փաստաթուղթ, այլ ԱՄՆ կառավարութեան եւ ՀՀ կառավարութեան ռազմավարական գործընկերութեան յանձնաժողովի կանոնադրութիւնը:

Կանոնադրութիւնը շրջանակ է սահմանում տնտեսական եւ անվտանգային համագործակցութեան, ժողովրդաւարութեան եւ արդարադատութեան ամրացման եւ մարդկանց միջեւ շփումների համար:

  1. Ի՞նչ է ասել Բլինքէնը անվտանգային համագործակցութեան մասին:

Ստորագրմանը նախորդող ելոյթում ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնն ասել է, որ «մենք աշխատում ենք Հայաստանի հետ անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտում, մասնաւորապէս՝ ի աջակցութիւն սեփական տարածքի անկախութեան եւ ինքնիշխանութեան հաստատման նրա ջանքերին»։

«Առաջիկայ շաբաթներին ԱՄՆ մաքսային եւ սահմանների պաշտպանութեան թիմը կայցելի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ՝ ամրապնդելու սահմանների անվտանգութեան կարողութիւնները, ուժեղացնելու անվտանգային համագործակցութիւնը եւ բարելաւելու Հայաստանի խաղաղապահ կարողութիւնները Eagle Partner-ի նման զօրավարժութիւնների միջոցով», — աւելացրել է նա:

  1. Ի՞նչ կապ ունի «Իսլամական պետութիւնը»:

Բլինքէնը յայտնել է, որ Հայաստանը մտադրութիւն է յայտնել միանալ «Իսլամական պետութիւն» (ISIS) ահաբեկչական կազմակերպութեանը պարտութեան մատնելու նպատակով ստեղծուած գլոբալ կոալիցիային, որն այժմ 87 անդամ ունի:

Ստորագրմանը նախորդող ելոյթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը հաստատել է, որ «համաշխարհային անվտանգութեան հանդէպ ընդհանուր յանձնառութեան ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետութեանը պարտութեան մատնելու գլոբալ կոալիցիային»՝ յաւելեալ ընդգծելով մեր նուիրուածութիւնը միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարին»:

  1. Ի՞նչ է ասել Բլինքէնը միջուկային ոլորտում գործակցութեան մասին:

Ստորագրմանը նախորդող ելոյթում ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնն ասել է, որ «մենք պատրաստ ենք սկսել բանակցութիւնները խաղաղ միջուկային համագործակցութեան մասին, ինչն, անկասկած, կարեւոր հանգրուան է»:

  1. Ի՞նչ յղում է կատարուել «բարդ աշխարհաքաղաքական պայմաններին»:

Արարատ Միրզոյեանն ասել է, որ հայ-ամերիկեան յարաբերութիւնները «հասել են այնպիսի մակարդակի, որի դէպքում ռազմավարական գործընկերութեան հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողութիւններին, այլեւ էական նշանակութիւն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում»։

  1. Ի՞նչ սպասելիքներ կան ԱՄՆ նոր վարչակազմից:

Յունուարի 20-ից ԱՄՆ-ում կը գործի Դոնալդ Թրամփի վարչակազմը:

Իր ելոյթում Արարատ Միրզոյեանն ասել է, որ «մենք ցանկանում ենք շարունակել համագործակցութիւնն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերութեան կանոնադրութեան մէջ նշուած յաւակնոտ նպատակներն իրագործելու ուղղութեամբ»։


Հայաստանի Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերութեան մասին կանոնադրութեան ամբողջական տեկստը

Յունուարի 14-ին Վաշինգտօնում ԱՄՆ պէտքարտուղարութիւնում կայացել է Հայաստանի Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերութեան մասին կանոնադրութեան ստորագրումը։

ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը, ԱՄՆ կողմից՝ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը։
Ստորեւ ներկայացուած է Կանոնադրութեան ամբողջական տեքստը։

Հայաստանի Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների միջեւ Ռազմավարական գործընկերութեան կանոնադրութիւն

Նախաբան

Հայաստանի Հանրապետութիւնը եւ Ամերիկայի Միացեալ Նահանգները՝

  1. Հաստատում են իրենց բարեկամական եւ ռազմավարական գործընկերութեան յարաբերութիւնների կարեւորութիւնը: Նպատակադրւում են խորացնել իրենց գործընկերութիւնը՝ ի շահ երկու երկրների,  եւ ընդլայնել համագործակցութիւնը փոխադարձ առաջնահերթութիւնների լայն շրջանակում: 
  2. Ընդգծում են, որ երկու ժողովրդավարական երկրների միջեւ այս  համագործակցութիւնը հիմնուած է ընդհանուր արժէքների եւ համատեղ շահերի վրայ: Դրանք  ներառում են  ժողովրդաւարութեան եւ տնտեսական ազատութեան  առաջխաղացումը, ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը, օրէնքի գերակայութեան ու մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների յարգման ամրապնդումը, աջակցութիւնը նորարարութեանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպէս նաեւ էներգէտիկ անվտանգութեան ամրապնդումը:
  3. Ընդգծում են իրենց փոխադարձ ցանկութիւնը՝ ամրապնդելու յարաբերութիւնները  դիւանագիտական, տնտեսական, էներգէտիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրաւական, պաշտպանութեան  եւ անվտանգութեան  ոլորտներում:

Բաժին I․ Գործընկերութեան սկզբունքները

Սոյն կանոնադրութիւնը հիմնուած է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների եւ համոզմունքների վրայ: 

  1. Միմեանց ինքնիշխանութեան,  անկախութեան,  եւ տարածքային ամբողջականութեան աջակցութիւնը երկկողմ յարաբերութիւնների հիմքն է:
  2. Կողմերի բարեկամութիւնը բխում է ժողովրդավարական արժէքների ընդհանուր յանձնառութիւնից եւ համոզմունքից, որ ժողովրդավարութիւնը, քաղաքական լեգիտիմութեան եւ, հետեւաբար, կայունութեան գլխաւոր հիմքն է:
  3. Ժողովրդաւար գործընկերների միջեւ համագործակցութիւնը կնպաստի խաղաղութեան եւ կայունութեան խթանմանը:
  4. Ուժեղ, անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը, որն ի զօրու է պաշտպանել իր ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ միջազգայնօրէն ճանաչուած սահմանների անխախտելիութիւնը՝ առանցքային է տարածաշրջանային տեւական անվտանգութեան եւ բարգաւաճման համար։
  5. Հայաստանի շարունակական ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները  կարող են լիարժէքօրէն բացայայտել իր աշխատասէր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը`  դրանով իսկ խթանելով բարգաւաճումը տարածաշրջանով մէկ  եւ  դրանից դուրս:
  6. Միացեալ Նահանգներն  ողջունում է Հայաստանի ջանքերը՝  խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգութեան եւ սոցիալական կապերը եւրաատլանտեան համայնքի այլ երկրների եւ ժողովրդավարական լայն համայնքի հետ:  
  7. Արժանապատիւ եւ յարատեւ խաղաղութիւնը հիմնարար է Հարաւային Կովկասի առաւել կայուն եւ բարեկեցիկ ապագայի համար: Միացեալ Նահանգներն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան գործընթացին, այդ թւում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնուած 1991թ. Ալմայ-Աթայի հռչակագրի վրայ:
  8. Միացեալ Նահանգներն աջակցում է Հարաւային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակմանը՝  հիմնուելով երկրների ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան վրայ։
  9. Հաշուի առնելով, որ ապրանքների եւ մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս յանգեցնում է հարեւանների միջեւ փոխկախուածութեան եւ փոխշայաւէտ յարաբերութիւնների, Միացեալ Նահանգները նաեւ նպատակադրւում է շարունակել խրախուսել Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը:

Բաժին II․ Տնտեսական, առեւտրային, տրանսպորտային եւ էներգէտիկ համագործակցութիւն 

Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցութիւնը` նպաստելու աշխատատեղէրի ստեղծմանն ու  տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին եւ ազատականացմանը, խթանելու տրանսպորտային հաղորդակցութիւնը, բարելաւելու երկկողմ գործարար միջավայրը եւ ապահովելու ապրանքների ու ծառայութիւնների շուկայական  հասանելիութիւնը։ Կողմերը գիտակցում են, որ արդար, աշխատողակենտրոն ու կայուն առեւտուրն էական  է մատակարարումների դիմակայուն շղթաները, հաւասարաչափ զարգացումը, ազատութիւնն ու բարեկեցութիւնն առաջ մղելու համար: Միացեալ Նահանգներն աջակցում է համաշխարհային տնտեսութեանն ինտեգրուելու Հայաստանի ջանքերին: 

  1. Ընդունելով առեւտրի եւ ներդրումների աւելացման կարեւորութիւնը տնտեսական աճի եւ զարգացման գործում՝ Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել երկկողմ առեւտրի եւ ներդումների աւելացման ռազմավարական հնարաւորութիւնները:
  2. Հաշուի առնելով կենսունակ, դիմակայուն եւ անվտանգ շուկայակենտրոն էներգէտիկ ոլորտի կարեւորութիւնը՝ Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրութեան եւ մատակարարումների բազմազանեցման եւ աճի հնարաւորութիւնները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացում՝ միջուկային ապահւութեան, անվտանգութեան եւ չտարածման բարձրագոյն ստանդարտներին համաձայն, էներգէտիկ անվտանգութեան եւ արդիւնաւետութեան խթանման ջանքեր, այդ թւում՝ Հայաստանի էներգէտիկ հաշուեկշռում վերականգնուող էներգիայի աղբիւրների մասնաբաժնի զգալի աճ,   ինչպէս նաեւ  տարածաշրջանային ու եւրոպական շուկաների հետ Հայաստանի էներգէտիկ կապակցուածութեանն ուղղուած միջոցառումներ:
  3. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել՝ ամրապնդելու երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողութեան կիրարկումը, համադրելու քաղաքականութեան շրջանակները եւ փոխանակելու տեղեկատուութիւնը: Հայաստանը  եւ Միացեալ Նահանգները նաեւ մտադիր են համատեղ երկխօսութիւն նախաձեռնել՝ ԱՄՆ Առեւտրի քարտուղարութեան արտահման վերահսկուող տեխնոլոգիաներին Հայաստանում գործող վստահելի ընկերութիւնների կողմից առաւել մեծ հասանելիութեան շուրջ:
  4. Հասկանալով առեւտրի բազմազանեցման կարեւորութիւնը պարենային անվտանգութեան խնդրի հասցէագրման եւ տնտեսական աճի խթանման գործում՝ Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցութեան հնարաւորութիւններն այն ոլորտներում, որոնք կաջակցէն գիւղատնտեսական ապրանքների առեւտրի միջավայրի ամրապնդմանը:
  5. Հաշուի առնելով Հայաստանի՝ դէպի ծով ելք չունենալը, եւ համաշխարհային առեւտրային շուկաներին սահմանափակ հասանելիութեան պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրաւէրները,  Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցութիւնն՝ ուղղուած Հայաստանի ինտեգրմանը առաւել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին եւ կապակցման նախաձեռնութիւններին, մասնաւորապէս՝ Հայաստանի «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցութեան եւ դրա խթանման միջոցով: 

Բաժին III․ Պաշտպանութիւն եւ անվտանգութիւն 

Միացեալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանին: Հարաւային Կովկասում խաղաղութիւնն առանցքային է Հայաստանի եւ տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի եւ ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանութեան եւ անվտանգութեան ոլորտներում Հայաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ համագործակցութիւնը շայաւէտ է ինչպէս երկու երկրներին, այնպէս էլ տարածաշրջանին։

  1. Հաշուի առնելով համաշխարհային խաղաղութեան եւ կայունութեան սպառնալիքների տեւականութիւնը՝ Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական եւ անվտանգային համագործակցութեան ծրագրերի ծաւալը, այդ թւում՝ առաջիկայ տարուայ ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցութիւններ, եւ մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինուած ուժերին:
  2. Միացեալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարեւոր ներդրումը Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում եւ Մալիում խաղաղապահ ջանքերում: Եւրաատլանտեան կառոյցներին Հայաստանի ինտեգրման խորացումը երկկողմ առաջնահերթութիւն է, եւ կողմերը նախատեսում են ընդլայնել անվտանգութեան ոլորտում  համագործակցութիւնը եւ բարեփոխումների ծրագրերն՝ ուղղուած Հայաստանի փոխգործունակութեան աճին եւ պաշտպանութեան ամրապնդմանը:
  3. Հաշուի առնելով զանգուածային ոչնչացման զէնքի տարածման վտանգը՝ Հայաստանը եւ Միացեալ Նահանգները նախատեսում են ուսումնասիրել զանգուածային ոչնչացման զէնքի եւ վտանգաւոր տեխնոլոգիաների տարածման դէմ պայքարի միջոցները՝ միջազգային չտարածման չափանիշներին համապատասխանելու, արտահանման վերահսկողութեան արդիւնաւետ կիրառման եւ վերահսկողութեան ամրապնդման միջոցով: Այդ նպատակով Միացեալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զօրքերի եւ Պետական եկամուտների կոմիտէի կարողութիւնների զարգացմանը:
  4. Հաշուի առնելով կառավարութեանը, բիզնեսին եւ հասարակութեանը վնասակար կիբեռդերակատարների կողմից տեւական սպառնալիքը՝ Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են աշխատել նորարարական, անվտանգ եւ մարդու իրաւունքները յարգող թուային ապագայի ուղղութեամբ: Հայաստանը եւ Միացեալ Նահանգները նախատեսում են շարունակել առկայ կամ նոր կիբեռսպառնալիքների վերաբերեալ կանոնաւոր խորհրդակցութիւններ կազմակերպել:
  5. Միացեալ Նահագները մտադիր է շարունակել իրաւունքները յարգող կառոյցների խթանումը, այդ թւում՝ Ներքին գործերի նախարարարութեան եւ իրաւապահ գերատեսչութիւնների բարեփոխումներին եւ արդիականացմանն ուղղուած Հայաստանի ջանքերին աջակցութեան միջոցով: Ակնկալւում է, որ նման աջակցութիւնը կը ներառի ոստիկանական կրթութիւն եւ այլ միջոցառումներ՝ ապահովելու հանրային անվտանգութիւնը, չարաշահումների համար պատասխանատուներին հետաքննելու եւ պատասխանատուութեան ենթարկելու, ինչպէս նաեւ անդրազգային յանցագործութեան եւ կոռուպցիայի դէմ պայքարելու համար: 

Բաժին IV․ Ժողովրդաւարութեան, արդարադատութեան եւ ներառման ամրապնդում

Հաշուի առնելով մինչ այժմ Հայաստանի նշանակալի ձեռքբերումները՝ մեր երկու երկրները յանձնառու են համատեղ աշխատանքներ տանել՝ անկողմնակալ, անկախ դատական ոլորտի ամրապնդման միջոցով օրէնքի գերակայութիւնը խթանելու, խօսքի ազատութիւնը, այդ թւում՝ լրատուամիջոցների, լաւ կառավարումը եւ հաշուետուողականութիւնը, հանրային կառավարման բարեփոխումները, արդար եւ թափանցիկ ընտրական մրցակցութիւնը, ազատ եւ ակտիւ քաղաքացիական հասարակութիւնը, յարգանքը մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների նկատմամբ, ինչպէս նաեւ Հայաստանում կոռուպցիայի դէմ պայքարին ուղղուած ջանքերն աւելի ամրապնդելու համար: 

  1. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները ծրագրում են համագործակցել՝ ամապնդելու անկախ լրատուական միջոցները, խօսքի ազատութիւնը եւ անաչառ լրատուութեան ու տեղեկատուութեան հասանելիութիւնը։
  2. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները նախատեսում են համագործակցել օրէնքի գերակայութեան խթանման եւ այդ ոլորտում քաղաքականութեան մշակման գործընթացների առաջմղման նպատակով Հայաստանի ջանքերն ամրապնդելու ուղղութեամբ, այդ թւում՝ աշխատանքներ տանելով դատական մարմինների անկողմնակալութեան եւ անկախութեան, հանրային վստահութեան եւ թափանցիկութեան, ինչպէս նաեւ՝ վէճերի կարգաւորման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղութիւններով: Իրաւապահ ոլորտի եւ դատական իշխանութեան  յարաբերութիւնների, ինչպէս նաեւ յանցագործութիւնների կանխարգելման եւ քրէական արդարադատութեան ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման միջոցով կողմերը մտադիր են հասցէագրել ընդհանուր անդրազգային քրէական սպառնալիքները, ինչպիսիք են՝ ահաբեկչութիւնը, կազմակերպուած յանցաւորութիւնը, մարդկանց թրաֆիքինգը եւ թմրանիւթերի ապօրինի շրջանառութիւնը, փողերի լուացումը ու կիբեռհանցաւորութիւնը:
  3. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են համագործակցել Հայաստանի հակակոռուպցիոն նախաձեռնութիւնների ու ջանքերի, եւ այս ոլորտում քաղաքականութեան մշակման ուղղութեամբ, այդ թւում՝ աշխատանքներ տանելով հակակոռուպցիոն կառոյցների եւ հանրային ծառայութիւնների բոլոր ոլորտներում բարեւարքութեան  ամրապնդման ուղղութեամբ։
  4. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները նախատեսում են Հայաստանում մարդու իրաւունքների պաշտպանութեան իրաւական եւ կանոնակարգող շրջանակները բարելաւելու եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան կառոյցներն ամրապնդելու նպատակով համատեղ աշխատանքներ տանել: Միացեալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ խտրականութեան դէմ պայքարի իրաւական դաշտի ընդլայնմանն ուղղուած աշխատանքներում:
  5. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները նախատեսում են  թափանցիկութեան եւ հաշուետուողականութեան աճի, հանրային կառավարման բարելաւման, բարեփոխումների վերաբերեալ արդիւնաւետ հաղորդակցութեան, կառավարութեան տեղեկատուութեանը քաղաքացիների եւ զանգուածային լրատուամիջոցների  հասանելիութեան ընդլայնման միջոցով աշխատանքներ տանել Հայաստանում լաւ կառավարումը խթանելու համար: 
  6. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել Հայաստանում քաղաքական բազմակարծութեան եւ թափանցիկ, արդար քաղաքական մրցակցութեան աճի ապահովման ուղղութեամբ։ Ընդ որում, մրցունակ ընտրական միջավայր ստեղծելու նպատակով՝ խրախուսել քաղաքական կուսակցութիւնների, ուղեղային կենտրոնների եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների զարգացումն` աջակցելով նրանց մասնակցութիւնն օրէնսդրութեան մշակմանը եւ բարեփոխումների իրականացմանը։ 
  7. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել՝ Հայաստանի քաղաքացիական հասարակութեան՝ հանրային քաղաքականութեան մշակման եւ վերլուծութեան, քաղաքացիների շահերի առաջմղման, օրէնսդրական գործընթացներին մասնակցութեան եւ հանրային պաշտօն զբաղեցնող անձանց վերահսկողութեան ապահովման կարողութիւնները ամրապնդելու նպատակով։
  8. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են կեանքի կոչել Հանուն ժողովրդաւարութեան գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած յանձնառութիւնները:
  9. Միացեալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձեւերի կանխարգելման եւ դրանց դէմ պայքարի ծրագրի իրականացման գործում:
  10.  Հաշուի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախուել է տեղահանման  ճգնաժամի՝ Միացեալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանուած անձանց եւ փախստականներին օգնութիւն տրամադրելու գործընթացում։

Բաժին V․ Մարդկային կապերի եւ մշակութային փոխանակումների խթանում 

Հայաստանը եւ Միացեալ Նահանգները ցանկանում են խթանել մարդկային կապերը, այդ թւում՝  ամերիկահայ համայնքի միջոցով, եւ ընդլայնել մշակութային, ստեղծագործական, կրթական, գիտական եւ մասնագիտական փոխանակման ծրագրերը, որոնք  նպաստում են  ժողովրդաւարութեան, ժողովրդավարական արժէքների եւ օրէնքի գերակայութեան ու փոխըմբռնման խթանմանը։ 

  1. Հաշուի առնելով Հայաստանի եւ Միացեալ Նահանգների ժողովուրդների միջեւ կապերի աճի կարեւորութիւնը՝ կողմերը նախատեսում են խթանել յետագայ մշակութային ու հասարակական փոխանակումներն եւ գործունէութիւնն այնպիսի նախաձեռնութիւնների միջոցով, ինչպիսիք են Ֆուլբրայթ ծրագիրը, Ապագայ առաջնորդների փոխանակման ծրագիրը (FLEX), Բակալաւրիատի փոխանակումը (UGRAD), Օրենսդրական կրթութիւնը եւ փորձառութիւնը (LEAP), Միջազգային այցելու առաջնորդութեան ծրագիրը (IVLP), Անգլերէն լեզուի դասաւանդման եւ ուսանելու ծրագիրը, եւ այլք:
  2. Ընդգծելով նորարարութեան եւ շարժունակութեան անհրաժեշտութիւնը երկու երկրների ապագայի համար՝ Հայաստանը եւ Միացեալ Նահանգները նախատեսում են խթանել բարձրագոյն կրթութեան, բիզնեսի եւ գիտական հետազօտութեան ոլորտներում համագործակցութեան աճը: Միացեալ Նահանգները նախատեսում է դիւրացնել ԱՄՆ մուտքի արտօնագրերի համար դիմումների ներկայացման գործընթացը՝ ԱՄՆ օրէնսդրութեան եւ ընթացակարգերի համաձայն, այնպէս, որ մշակութային, կրթական, բիզնես եւ գիտական գործունէութիւն ծաւալող որակաւորուած անձանց մասնակցութեան հնարաւորութիւն տրուի։
  3. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադէմիական քաղաքի ներուժը՝ որպէս ակադեմիական համագործակցութեան եւ նորարարութիւնների հանգոյց, որն առաջ է մղում կրթութեան եւ հետազօտութեան ոլորտներում ընդհանուր նպատակները:
  4. Հայաստանը եւ Միացեալ Նահանգները մտադիր են սատարել Հայաստանում մշակութային ժառանգութեան պահպանմանն  ուղղուած համատեղ նախաձեռնութիւնները:
Share