Ռուսական մամուից

Ռուսական մամուից

Regnum-Tarasov — Մոսկուան եւ Թեհրանը փոխըմբռնման բարձրակէտին են

Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան

https://regnum.ru/news/polit/3728269.html — Իրանի ԱԳ նախարարը յայտարարել է, որ մինչեւ այս տարուայ վերջ Թեհրանը եւ Մոսկուան կստորագրէն համագործակցութեան համապարփակ համաձայնագիր: Յիշեցնենք, որ Պուտինը Սամարղանդում իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ նոր պայմանագրի շուրջ աշխատանքներն աւարտական փուլում են: Աւելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ «երկու երկրներն էլ նախատեսում են երկկողմ համագործակցութիւնը հասցնել ռազմավարական գործընկերութեան մակարդակի»: Ներկայումս երկու երկրների դիւանագէտներն աշխատում են պայմանագրի նախագծի վրայ, որը Ռուսաստանին է փոխանցել իրանական կողմը։ Դրա վաւերականութեան ժամկէտը որոշւում է 20 տարի:

Եթէ իրավիճակը գնահատենք «ներքեւից վերեւ» դիրքերից, ապա վերջին տարիներին երկու երկրների միջեւ յարաբերութիւններն այնքան էլ հարթ չէն զարգացել։ Մի ժամանակ Ռուսաստանը հաւատարիմ մնաց Արեւմուտքի կողմից Իրանի դէմ սահմանուած որոշ պատժամիջոցներին, յատկապէս ռազմատեխնիկական համագործակցութեան ոլորտում, երբ Մոսկուայում որոշումների ընդունման վրայ նկատելի ազդեցութիւն ունեցան տարբեր քաղաքական եւ տնտեսական կոնիւնկտուրային պահեր։

Սակայն ամէն ինչ միանշանակ չէր նաեւ Թեհրանում, որտեղ դրսեւորւում էր այսպէս կոչուած արեւմտեան կուսակցութեան ազդեցութիւնը։ Նման իրավիճակում երկու երկրների փոխգործակցութեան շատ նոր ձեւերի ուրուագծերը դիտւում էին միայն ենթադրեալ սցենարի մակարդակում։ Դրանց գործնական իրականացումն անխուսափելի չէր համարւում։ Իհարկէ, Թեհրանում նշուել են զարգացման գլխաւոր վեկտորի տեղափոխման գործընթացները դէպի արագ զարգացող ասիական տնտեսութիւններ, ինչպիսիք են Չինաստանը եւ Հնդկաստանը։ Ընդ որում, այնտեղ չէն բացառել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի ստորագրման հնարաւորութիւնը եւ ամերիկացիների՝ պատժամիջոցային քաղաքականութիւնից հրաժարուելու հնարաւորութիւնը։ Այս համատեքստում գնահատուել են եւրոպական երկրների հետ տնտեսական գործընկերութեան հաստատման հեռանկարները։

Միեւնոյն ժամանակ Իրանում, ինչպէս եւ Ռուսաստանում, կային այնպիսի ուժեր, որոնք ախտորոշում էին Մոսկուայի եւ Արեւմուտքի յարաբերութիւններում բարդութիւններ, եւ յայտարարում էին երկու երկրների սերտ համագործակցութեան խորացման անհրաժեշտութեան մասին՝ ելնելով պրագմատիկ նկատառումներից։ Եւ այդպէս էլ եղաւ, երբ Ռուսաստանը, կապուած նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում ըեղի ունեցած իրադարձութիւների պատճառով յայտնուեց արեւմտեան երկրների հետ տնտեսական աննախադէպ առճակատման իրավիճակում։ Մոկուան շարժուեց դէպի Արեւելք։ Երկու երկրների ղեկավարների միջեւ տարբեր ձեւաչափերով շփումները յաճախակի են դարձել, երկու երկրների մայրաքաղաքները սկսել են տարբեր պրոֆիլային ուղղութիւններով այցելել կառավարական պատուիրակութիւններ, ստորագրել առեւտրատնտեսական փոխգործակցութեան ընդլայնման վերաբերեալ համաձայնագրեր: Մոսկուայի եւ Իրանի յարաբերութիւններում յայտնուեց «սիներգէտիկայի էֆեկտը», դրանք արագօրէն վերածուել են դաշնակցային յարաբերութիւնների, նոյնիսկ համագործակցութիւն է սկսուել փոխգործակցութեան ամենատարբեր ոլորտներում, այդ թւում՝ անվտանգութեան ոլորտում։ Արագ աճեց երկու երկրների ապրանքաշրջանառութիւնը, որը աւելի վաղ չէր համապատասխանում նրանց պոտենցիալ հնարաւորութիւններին։

Մոսկուան եւ Թեհրանը աւելի սերտ քաղաքական փոխգործակցութեան ուղի են մտել։ Նրանք արդէն ունեն նման համագործակցութեան փորձ Սիրիայի հակամարտութեան կարգաւորման Աստանայի գործընթացի ձեւաչափում։ Այժմ անհրաժեշտ է աւելի ակտիւօրէն փոխգործակցութիւն կառուցել աֆղանական եւ կովկասեան ուղղութիւններով, Միջին Ասիայում, իսկ աւելի լայն իմաստով՝ միաւորուել պատժամիջոցների ճնշումների ֆոնին, որը նրանց վրայ գործադրում են Վաշինգտօնը եւ նրա դաշնակիցները՝ դուրս գալով միջազգային իրաւունքի շրջանակներից։

Ժամանակն է յիշել, որ Իրանը մեր հարեւանն է։ Յարաբարութիւնները նրա հետ դարերի խորքն են գնում, ընդհում Հնագոյն Պարսկաստանի ժամանակներ։ Նա զաբեղեցնում է Պարսից ծոցի գոտում ամենակարեւոր ռազմավարական դիրքը, սահմանակից է Կովկասի հետխորհրդային հանրապետութիւններին, իսկ Կասպից ծովով՝ հէնց Ռուսաստանի հետ։ Պատահական չէ, որ  The Washington Post գտնում է, որ «Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ ձեւաւորուող դաշինքը փոխում է ուժերի դասաւորութիւնը ոչ միայն Մերձաւոր Արեւելքում, այլեւ համաշխարհային քաղաքականութեան մէջ»։ Որոշուել է Թեհրանի եւ Մոսկուայի ընդհանուր դիրքորոշումն աշխարհում գործընթացների գլոբալիզացիայի եւ բեւեռացման վերաբերեալ։

Չնայած որոշ անհամապատասխանութիւններին, երկու երկրների աշխարհաքաղաքական տեսակէտները շատ մօտ են կամ լիովին համընկնում են: Համագործակցութեան նոր տարբերակներ են որոնւում։ Նրանց ներուժը զգալիօրէն գերազանցում է յարաբերութիւնների ներկայիս մակարդակը։ Բանն այժմ այն է, որ Ռուսաստանում ուժեղացնեն ժամանակակից Իրանի ուսումնասիրութիւնը, այլ ոչ միայն առաջնորդուէն բացառապէս տնտեսական ասպեկտներով։ Բայց ինչ էլ որ լինի, շատ փորձագէտներ վստահ են, որ վերջին կէս դարի ընթացքում առաջին անգամ ռուս-իրանական յարաբերութիւնները սկսեցին հասնել փոխըմբռնման բարձրակէտին։ Երկկողմ յարաբերութիւնների յետագայ զարգացմանը կարող է նպաստել ռազմավարական գործընկերութեան մասին համապարփակ պայմանագրի կնքման։

Share