Այստեղի՛ց է վանաձորցին սկսել Ղարաբաղեան շարժումը

Այստեղի՛ց է վանաձորցին սկսել Ղարաբաղեան շարժումը

Այստեղի՛ց է վանաձորցին սկսել Ղարաբաղեան շարժումը. Վանաձորի Արցախ պուրակում բարձրացուել է Արցախի դրօշը

Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատութեան հրապարակում հնչեցուած «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախօսին եւ հանրապետութեան քաղաքներում Արցախի դրօշի տեղադրման վերաբերեալ կոչին՝ այսօր 300-ից աւելի վանաձորցիներ Վանաձորի Արցախ պուրակում էին. պատմական այդ  պուրակում հերթական կարեւոր իրադարձութիւնն էր՝ Արցախի Հանրապետութեան դրօշի տեղադրումը։

Համազգային Դիմադրութեան շարժման շրջանակներում նախաձեռնուած միջոցառումն անցկացուեց հայրենասիրական ոգեշնչող երաժշտութեան ներքոյ, խօսք ասացին ՀՀ ԱԺ պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը, Վանաձորի Աւագանու «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Վահէ Դոխոյեանը, ասմունքով հանդէս եկաւ պօէզիայի թատրոնի արտիստ Հրաչուհի Լոռեցեանը։

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Լոռու մարզային կառոյցի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի ելոյթը.

Սիրելի՛ վանաձորցիներ

Այսօր արդէն փաստ է, որ օրուայ իշխանութիւնները, խաբելով ժողովրդին, սուտ խոստումներով եկան իշխանութեան։ Խոստացան աւելի բարեկեցիկ կեանք, բայց պարզուեց՝ միայն իրենց համար: Խոստացան աւելի բարեկեցիկ կեանք, բայց ժողովուրդն օր-օրի աւելի է ճկռում վարկային բեռի տակ, օր-օրի աւելի է զգում թանկացումների ազդեցութիւնը իր ընտանիքի վրայ։ Խոստացան ժողովրդավարութիւն, ասել է, թէ ժողովուրդը էապէս ազդելու է իր իսկ կեանքի վերաբերեալ որոշումների կայացմանը, սակայն այսօր վանաձորցու ընտրութեան արդիւնքները յայտարարում են ոչ կայացած եւ ուզում են միանձնեայ որոշել, թէ ով է լինելու Վանաձորի քաղաքապետը, սկզբի համար որպէս ԺՊ։ Լսի՛ր, Փաշինեան, վանաձորցին ընտրել է իր աւագանուն եւ ոչ ոք իրաւունք չունի վանաձորցու ընտրութիւնը արհամարհել։

Խոստացան խաղաղութիւն, Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց բերեցին պատերազմ, բերեցին զոհեր ու Արցախի 75% -ը յանձնեցին թշնամուն։

Սիրելի՛ վանաձորցիներ

Մենք այսօր հաւաքուել ենք այստեղ, Վանաձորի Արցախ հրապարակում, որպէսզի տեղադրենք Արցախի Հանրապետութեան դրօշը եւ դրանով իսկ փաստենք, որ տէր ենք Արցախին, որ տէր ենք Հայաստանին, տէր ենք Հայաստանի ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը։

Մենք Արցախ պուրակում տեղադրում ենք Արցախի Հանրապետութեան դրօշը, որպէսզի փաստենք, որ վանաձորցին հայ ժողովրդի հետ համախմբուած է Արցախի ճակատագիրը որոշելու հարցում։ Վանաձորցին շատ լաւ գիտակցում է, որ Հայաստանի լինելութեան հարցը կախուած է Արցախի ճակատագրից եւ ամէն օր նոր զիջումների գնով կեղծ խաղաղութեան թեզին վանաձորցին չի հաւատում ու չի հաւատացել։ Այս դրօշի տեղադրումով վանաձորցին փաստում է, որ սուտ ու կեղծ են այն պնդումները, թէ հայ ժողովրդին Արցախը չի հետաքրքրում։

Մենք այսօր այստեղ ենք, որպէսզի յայտարարէնք, որ այս իշխանութիւնը չունի լեգիտիմ իրաւունք՝ երկիրը զիջումների տանելու։ Վանաձորցին եւ հայ ժողովուրդը նրան այդ մանդատը չէն տուել։

Այս հրապարակում Արցախի դրօշի տեղադրումն ունի իր խորհուրդը. այստեղից է վանաձորցին սկսել ղարաբաղեան շարժումը, այստեղից է վանաձորցին պայքարել հանուն Արցախի, Արցախի դրօշի, հանուն եռագոյնի, հանուն միասնութեան եւ վաղուայ յաղթանակի։ Եւ մենք այստեղից նորից հաւաստում ենք. Վանաձորցին ոտքի՛ է՝ հայ ժողովրդի հետ միասին տէր լինելու Արցախին, Վանաձորցին ոտքի՛ է՝ հայ ժողովրդի հետ միասին տէր լինելու Հայաստնանին, Վանաձորցին ոտքի՛ է՝ հայ ժողովրդի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը։

Վանաձո՛ր, ոտքի՛, Արցա՛խ, ոտքի՛, Հայաստա՛ն, ոտքի՛։

Share