2022 թ. սեպտեմբերի 15ին հազարաւոր մարդիկ հաւաքուել են Փարիզում` երկրի ԱԳՆ շէնքի մօտ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանի կանխամտածուած ագրեսիայի նկատմամբ` ընդդէմ Հայաստանի ինքնիշխան տարածքի: Ցուցարարները վանկարկում էին «Կանգնիր Ալիեւ: Դուրս կորիր Հայաստանից», «Պանթուրքիզմ = ֆաշիզմ» եւ այլն: Գրում է Yerkir.am-ը։
Մօտ 20 քաղաքական գործիչներ եկել էին աջակցելու հայկական պայքարը` ներառեալ Գաբրիէլ Աթթալը` երկրի կառավարութեան նախկին խօսնակ, իսկ այժմ Պետական հաշիւների գծով նախարար-պատուիրակը:
Իր խօսքում, Արա Թորանեանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահը, շնորհակալութիւն է յայտնել Ֆրանսիային, որը գրեթէ միակն է աշխարհում, ով դիւանագիտօրէն արձագանգել է իրավիճակին` խնդիրը փոխանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին: «Բաւական է գլուխներդ թաղէք հողի մէջ: Եթէ ոչ մէկին չթողնենք բաժանել մեզ, մենք կը յաղթենք»,- նշել է նա` որպէս օրինակ բերելով 1918թ. Սարդարապատն ու 1990-ականներին Արցախը:
Ակցիային միացած Բերիւան Ֆըրաթը` Ֆրանսիայում Քրդական ժողովրդավարական խորհրդի խօսնակը, նշեց. «Հայերի պայքարը, ճնշուած ազգերի պայքարն է, իմ պայքարն է: Այսօր ես հայ եմ: Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, ասորիների եւ նաեւ Ֆրանսիայի համար, Արեւմուտքի համար, մեր երիտասարդութեան եւ սերունդների համար»:
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանն էլ իր հերթին աւելացրեց. «Այսօր Բաքուն յարձակուել է Հայաստանի Հանրապետութեան վրայ, ՄԱԿ-ի կողմից ճանաչուած տարածքի վրայ: Անթոյլատրելի է յարձակում գործել ՄԱԿ-ի կողմից ճանաչուած տարածքի վրայ եւպատասխան չստանալ դրա համար ՄԱԿ-ի կողմից: Մենք վախում ենք Հայաստանի, նրա անվտանգութեան եւ ժողովրդի համար: Մենք պէտք է ելք գտնենք` ապահովելու ՀՀ-ի եւ Արցախի հայերի անվտանգութիւնը»: