«Ազատութիւն»«Սիվիլնեթ» «Մեղրին Արցախով փոխանակելու» բեմադրութիւնը և ՔՊի անտեղի ոգեւորութիւնը

«Ազատութիւն»«Սիվիլնեթ» «Մեղրին Արցախով փոխանակելու» բեմադրութիւնը և ՔՊի անտեղի ոգեւորութիւնը

Ռոբերտ Մարգարեան

«Ազատութիււն»-ը հիմք ընդունելով ԱՄՆ Պետքարտուղարութեան գաղտնազերծած Փաստաթուղթերը նախօրէին մի հրապարակման մէջ յաւակնել է, որ իբր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ու Ադրբեջանի ժամանակի նախագահ Հէյդար Ալիեւը Մեղրին Արցախով փոխանակելու շուրջ բանակցութիւններ են վարել:

Նախ անհասկանալի է այդ հաղորդման կապակցութեամբ ՔՊ-ականների ու նրանց քարոզչամեքենայի, այդ թուում Հանրայինի Պետրոս Ղազարեանի ու civic.am-ի այս աստիճան ոգեւորութեան պատճառը, երբ այդ հրապարակումն ու դրան կից տեսանիւթն առաջին հերթին երեւան են հանում հէնց իրենց ղեկավար Նիկոլ Փաշինեանի, վերջին շրջանի երկու գլխաւոր ստերը:

Եթէ ենթադրենք, որ ֆիլմում հնչած յաւակնութիւնները ճիշտ են ապա ստացուում է, որ Նիկոլ Փաշինեանն առնուազն երկու դէպքում ստում է:

Նախ հակառակ նրա պնդման 1994 թուականից յետոյ, առնուազն մինչեւ Քիվեսթեան պաշտօնական առաջարկները, Արցախը դիտարկուել է, որպէս Հայաստանի մաս: Յիշենք, որ անցած նոյեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանը պնդում էր, որ 1994 թուականից յետոյ բանակցային գործընթացը շարունակ եղել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ:

Նաեւ կրկին հակառակ Նիկոլ Փաշինեանի այն պնդման, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը Հայաստանի որեւէ կառավարութեան օրակարգում չի եղել, ֆիլմում ներկայացուում է այն մասին, որ նախագահ Քոչարեանը Մեղրին յանձնելու դիմաց պահանջել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումը:

Հիմա ՔՊ-ականները թող իրենք որոշեն որ տարբերակն են նախընտրում: Եթէ պնդում են որ ֆիլմում ներկայացուած յաւակնութիւնները ճիշտ են ապա իրենց ղեկավարն է ստախօս դուրս գալիս: Իսկ եթէ իրենց ղեկավարը ճիշտ է ասում, ապա հարցականի տակ է գնում ֆիլմի ողջ բովանդակութիւնը, որի համար իրենք այդպէս ոգեւորուած են:

Ի դէպ, ՔՊ-ականները եթէ ժամանակին գնած ու ընթերցած լինէին նախագահ Քոչարեանի յուշագրութիւնը այսպէս «էւրիկա, էւրիկա» կանչելով փողոցներն ընկնելու պատճառ չէին ունենայ: Քանի որ հակառակ իրենց ղեկավարի, նախագահ Քոչարեանն իր յուշերում անկեղծանալով, սրանից վեց տարի առաջ գրել ու նրանից յետոյ տարբեր հարցազրոյցներում պատմել է այն ամէն ինչի մասին, որ իբր «Ազատութիւն»-ը գտել է ԱՄՆ-ի Պետքարտուղարութեան գաղտնազերծուած փաստաթղթերի մէջ:

Միեւնոյն ժամանակ խիստ հետաքրքիր է այն փաստը, որ Պետդեպատմենտը որոշում է փաստաթղթեր գաղտնազերծել յատկապէս նախագահ Ռոբերտ Քոչարեանի մասին ու յատկապէս հէնց այս ժամանակահատուածում: Հետաքրքիր է, թէ այս փաստաթղթերը ե՞րբ, որտե՞ղ ու ինչպէ՞ս ու ամենակարեւորը ի՞նչ նպատակով են  բացայայտուել:

Շնորհակալութիւն այն մասին, որ ՔՊ-ն (ու ոչ միայն ՔՊ-ն) այսքան բացայայտօրէն ի ցոյց են դնում երկրորդ նախագահի ու նրա ղեկավարած խորհրդարանական ընդդիմութեան հետ կապուած իրենց վախերը:

«Ազատութիւն»-ի տեսանիւթի հետ կապուած աւելի ծիծաղելին դրա կապակցութեամբ Նիկոլ Փաշինեանի արձագանքն էր իր վերջին ասուլիսի ժամանակ:

«Յաջորդը, այնտեղ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանի մեկնաբանութիւնը կա այդ թեմայի հետ կապուած, որ ինքն էլ էր բանավէճի հրաւիրում ինձ, այդ ռեպորտաժի մէջ։ Ասում է՝ Քոչարեանը, որ այնտեղ Ալիեւի հետ հանդիպեց, ես ու Վազգէն Սարգսեանն էլ էինք այնտեղ, ասում է՝ երբ Քոչարեանը դուրս եկաւ, ասաց՝ Ալիեւը այսպիսի բան է առաջարկում, մեր առաջին ռեակցիան այն էր, որ Ալիեւը պատրաստ է Ղարաբաղը տա։ Այսինքն Ղարաբաղը Ալիեւի՞նն էր: 1999 թուին, փաստօրէն Ղարաբաղը Ալիեւին էր, որ դուք էլ ուրախացաք, որ Ալիեւը պատրաստ է Ղարաբաղը տա».-ասուլիսի ժամաակ նշեց Նիկոլ Փաշինեանը:

Իրականութեան մէջ  Հայր Ալիեւը Քի Վեսթում պատրաստուում էր անել այն ինչ արեց Նիկոլ Փաշինեանը 2023 թուականին՝ Պրահայում՝ իհարկէ հակառակ ուղղութեամբ։ Հէյդար Ալիեւն Արցախը պաշտօնապէս ճանաչելու էր Հայաստանի մաս։

Շնորհակալութիւն Նիկոլ Փաշինեանին բերած օրինակով կրկին իր դաւաճանութեան փաստը հաստատելու համար:

Նոյն տրամաբանութեամբ հիմա մենք պիտի հարցնենք Նիկոլ Փաշինեանին «Արցախը մե՞րն էր, չէ՞, որ յանձնեցիր թուրքին։ Եթէ ուրիշինը լիներ հո չէիր կարող յանձնել»։

Share