Ֆրանսիայի հրապարակը գլոբալիզմի յորձանուտում

Ֆրանսիայի հրապարակը գլոբալիզմի յորձանուտում

Վարդան Յակոբեան

Գլոբալ-լիբերալիստական յեղափոխութիւնը շարունակում է իր ընթացքը, ընդգրկում նորանոր տարածաշրջաններ ու պետութիւններ: Նոր՝ միաբեւեռ աշխարհակարգ հաստատելու նպատակով քանդում է գործող դրուածքը, միջպետական յարաբերութիւնները կարգաւորող միջազգային օրէնքները եւ դրանց փոխարէն պարտադրում իր խաղի կանոնները: Կամայականօրէն բաժանում է պետութիւնները, դրանց ղեկավարներին առաջադէմների եւ յետադէմների, ժողովրդաւարների եւ բռնապետների: Հիբրիդային եւ պրօքսի պատերազմներով այն աստիճան սրուել է դիմակայութիւնը խոշոր տէրութիւնների միջեւ, որ աշխարհը կանգնել է միջուկային բախման եզրին՝ հաշուի չառնելով ոչ մէկի ազգային եւ պետական շահերը:

Այսպիսի մասշտաբային ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ են գործին հաւատարիմ կադրեր, գաղափարական համակիրներ բոլոր այն երկրներում, որոնք ներքաշուած են լիբերալ յեղափոխութեան մէջ: Այդպիսիք անհրաժեշտ են նաեւ նորանոր երկրներ այդ յեղափոխութեան մէջ ներքաշելու համար: Այդպիսի կադրեր բուծելու համար գլոբալիստները հսկայական գումարներ են ծախսել, դպրոցներ հիմնել, ընտրել ու գնել են բազմաթիւ մարդկանց գրեթէ բոլոր երկրներում, յորդորել նրանց հրաժարուելու լիբերալիզմի տեսանկիւնից հնացած հոգեւոր արժեհամակարգից, բարոյական-կրօնական նախապաշարմունքներից, քաղաքակրթական ու պատմական կողմնորոշումներից, ազգային ու ընտանեկան աւանդներից եւ հաշուի չառնել մարդկանց միջեւ բնական սեռական տարբերութիւնները՝ այդպիսով նպատակ ունենալով ձեւաւորելու նոր տիպի մարդ՝ զերծ վերը նշուած «նախապաշարումներից եւ մոլորութիւններից», չկաշկանդուած ամօթի, խղճի, սիրոյ, հաւատարմութեան, ընկերասիրութեան, կարեկցանքի եւ այլ զգացումներով, որի երջանկութիւնը իր գաստրոնոմիկ եւ սեռական բնազդների ազատ բաւարարումն է միայն: Եւ ահա վերջին տարիներին բոլոր «առաջադէմ պետութիւններում»՝ ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիայ, Բրիտանիայից մինչեւ Հայաստան, բարձրագոյն պետական-քաղաքական պաշտօնները զբաղեցնում են լիբերալ-գլոբալիստները: Իսկ «դեռ չառաջադիմած պետութիւններում» դրանց տեղաւորում են ընդդիմութեան դաշտում՝ հրայեանգելով սպասել, մինչեւ որ գունաւոր յեղափոխութիւնը կթակի իրենց երկրների դռները:

Այժմ մի կողմ թողնենք գլոբալ գործընթացները՝ իհարկէ պահելով դրանք մեր մտքում, եւ մեր հայեացքը կենտրոնացնենք Երեւանի Ֆրանսիայի հրապարակի վրայ:

Արդէն չորրորդ ամիսն է, ինչ խորհրդարանական ընդդիմութեան առաջնորդութեամբ այստեղ է հաւաքւում 30-50 հազար մարդ եւ իր զայրոյթն ու բողոքն արտայայտում իշխանութիւնների դէմ: Ցուցարարները հանդէս են գալիս երկու հիմնական կարգախօսներով՝ «Առանց Նիկոլ Հայաստան» եւ «Առանց թուրքի Հայաստան»: Չնայած այս ցոյցերի երկար տեւողութեանը՝ չի կարելի ասել, թէ պետութեան քաղաքական կեանքում ինչ-որ բան է փոխուել կամ փոխւում է: Պարտուած ու կապիտուլեացիայ ստորագրած ռեժիմը շարունակում է խոնարհաբար կատարել իր ստանձնած պարտաւորութիւնները եւ բնականաբար ունակ չէ ու մտադիր էլ չէ դուրս գալու այդ շրջանակներից: Ունակ չէ սեփական արտաքին քաղաքականութիւնը վարելու, միջազգային յարաբերութիւններում կարող է հանդէս գալ միայն լսողի դերում: Եւ այդպէս բոլոր բնագաւառներում: Ուրեմն ընդդիմութիւնը ի՞նչը քննարկի, ի՞նչը դատապարտի: Քննադատութեան առարկայ չկայ: Այստեղից էլ՝ չափազանց վերացական, քաղաքական կոնկրէտութիւնից ու բովանդակութիւնից զուրկ երկու կարգախօսները: Իսկ կոնկրէտ եւ խորքային հարցերի առնչութեամբ իշխանութիւնների հասցէին քննադատութիւնը հանգում է 2020 թ. նոյեմբերի եռակողմ յայտարարութեան քննադատութեանը: Իսկ ի՞նչ է, չի՞ կարելի քննադատել, չի՞ կարելի պահանջել վերանայել այն: Չի՞ կարելի քննադատել իշխանութիւններին, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը: Ինչո՞ւ դիւանագիտական, քաղաքական յայտարարութիւններով եւ այլ միջոցներով դա կարող են անել Իրանը, Արեւմուտքը, Ռուսաստանը, այդ եւ այլ երկրների բազմաթիւ քաղաքական գործիչներ՝ իհարկէ ելնելով իրենց երկրների շահերից: Յուսանք, որ սեպտեմբերից մեր քաղաքական ընդդիմութիւնը կը կարողանայ ներկայացնել քաղաքական կոնկրէտ դիրքորոշումներ եւ գործողութիւնների ծրագիր, որոնք կփոխէն իրավիճակը: Այլապէս հասարակութեան մէջ միայն հարցեր ու դրանց տարատեսակ պատասխաններն են կուտակւում, եւ իրադարձութիւններին իրարամերժ գնահատականներ են տրւում: Եթէ մի կողմ թողնենք տափակ ու յիմար հարցերը եւ դրանք բարձրացնողների նոյնքան տափակ պատասխաններն ու գնահատականները եւ ընդհանրացնենք, էական է մնում երեք հարց՝ ինչո՞ւ չի աւելանում մասնակիցների թիւը, ի՞նչ խնդիրներ են դրել եւ ինչպե՞ս են ուզում հասնել դրանց լուծմանը շարժման առաջնորդները, ինչո՞ւ այս գործընթացին մասնակից չէն Արցախում:

Երկրի վիճակով մտահոգ մարդկանց կողմից այս հարցերը հնչում են որպէս յանդիմանութիւն նրանց հասցէին, ովքեր անտարբեր են երկրի ապագայի նկատմամբ:
Յանդիմանութիւն է նաեւ քաղաքական ուժերի ու գործիչների հասցէին, որոնց գործողութիւններում, ըստ նրանց, չկայ վճռականութիւն:

Իրադարձութիւններին կողքից հետեւող քաղքենիութիւնը ընդդիմութեան այս շարժումը համարում է պայքար իշխանութեան համար կամ, ինչպէս իրենք են ասում, աթոռակռիւ:
Իշխանութիւնների պատասխանը միանշանակ է. ժողովրդի մեծամասնութիւնն ընտրել է Նիկոլին եւ ընդառաջ չի գնայ յեղաշրջման ճանապարհով իրենց տապալելու ընդդիմութեան փորձերին:

Ընդդիմութիւնը վստահ է, որ այս շարժումը կարթնացնի ժողովրդի զգալի հատուածին (այստեղից էլ «Զարթնի՛ր, լաոյ՛» կոչը), մասնակիցների թիւը կմեծանայ, եւ նրանք վաղ թէ ուշ լեգիտիմ ճանապարհով կպարտադրէն Նիկոլին հրաժարական տալ:

Արծարծուող խնդիրները հասկանալու համար ամէն անգամ պէտք է վերադառնանք յօդուածի սկզբում նշուած գլոբալ լիբերալիզմի գաղափարների սեղմ դրոյթներին:

Լիբերալ-ժողովրդավարական գործընթացից դուրս չի մնացել նաեւ Հայաստանը: Հայաստանեան լիբերալիզմի ուսապարկում կան մի քանի գունաւոր յեղափոխութիւնների յաջողուած եւ չյաջողուած փորձեր՝ յարձակումներ պետական կառոյցների ու եկեղեցու վրայ, ընդդիմադիր կուսակցութիւնների ու քաղաքական գործիչների գործունէութեան կասեցում, պետութեան ղեկավարների նկատմամբ շանտաժ եւ վարկաբեկում, լիբերալիստական կենտրոնների եւ հիմնադրամների կողմից հազարաւոր երիտասարդների տրուած դիպլոմներ եւ այլն:

Պակասում է միայն ԼԳԲՏ շքերթը: Մեր բնակչութեան մեծ մասի աշխարհընկալման մէջ 30 տարուայ ընթացքում լիբերալ քարոզչութեան եւ բարեփոխումների հետեւանքով տեղի են ունեցել փոփոխութիւններ, որոնք ձեւաւորել են սոցիալական, տնտեսական, հոգեբանական, գաղափարական-քաղաքական նոր մղումներ, որոնք խթանում են նրանց հասարակական վարքագիծը զուտ անյատական, նիւթապաշտական շահերով, դարձնում նրանց անտարբեր այն ամէնի նկատմամբ, ինչը դուրս է իրենց հետաքրքրութիւնների շրջանակից: Ըստ նրանց՝ ազգային արժանապատուութիւնը, հայրենասիրութիւնը, պահանջատիրութիւնը դիւրագրգիռ հոգեմաշութիւն են եւ միայն բարդոյթներ են ծնում: Արցախի խնդիրը նրանց համար հէնց նման բարդոյթ է, որն իրենց պատանդ է վերցրել, թոյլ չի տալիս ապրել խաղաղ ու բարեկեցիկ կեանքով:

Եթէ այս զանգուածին աւելացնենք աղանդաւորների բազմահազարանոց բանակը, որն իր բնոյթով արդէն հակաեկեղեցական, հակապետական եւ հակազգային է, ապա քիչ հաւանական է, որ ցոյցերի մասնակիցների թիւը կբազմապատկուի: Պատէրազմից յետոյ անցկացուած բոլոր հանրահաւաքների փորձը ցոյց է տալիս, որ պետութեան եւ ազգի առջեւ ծառացած մարտահրաւէրներին դիմակայելու համար պատրաստ են պայքարելու հէնց այդ նոյն 50 հազար մարդիկ: Առաջ անցնելով ասենք, որ կապիտուլեանտ վարչակազմից ազատուելու համար դա էլ բաւարար է: Այժմ անդրադառնանք երկրորդ հարցին: Ընդդիմութիւնը բազմիցս յայտարարել է, որ մտադիր է շարժումը հզօրացնելով, լեգիտիմ կամ սահմանադրական ճանապարհով Նիկոլին հեռացնել իշխանութիւնից եւ ժողովրդավարական ճանապարհով ձեւաւորել նոր կառավարութիւն, որը դուրս կը բերի երկիրը ստեղծուած ծանր իրավիճակից: Իրենք չէն դիմի ուժային միջոցների, որոնք կարող են յանգեցնել անկանխատեսելի հետեւանքների եւ անընդունելի ու դատապարտելի են առաջադէմ մարդկութեան կողմից: Հետեւողական բացատրական աշխատանք տանելով, լուսաբանելով այս իշխանութիւնների կործանարար քայլերը թէ՛ արտաքին քաղաքականութեան մէջ եւ թէ՛ ներքին կեանքում, խաղաղ ցոյցերով, երթերով կբազմապատկէն մասնակիցների թիւը եւ, տարածելով շարժումը միւս քաղաքներում, կարթնացնեն ու ոտքի կը հանէն ժողովրդական զանգուածներին: Ակնյայտ է, որ ուժային յեղաշրջման մտադրութիւն անգամ չկայ, եւ ընդդիմութիւնը մտադիր է գործել ժողովրդաւարութեան օրէնքների շրջանակներում: Ո՛չ իշխանութիւնները, ո՛չ առաջադէմ մարդկութիւնը չէն կարող մեղադրել ընդդիմութեանը ծայրայեղականութեան մէջ:

Այժմ նորից վերադառնանք յօդուածի առաջին մասին: Լիբերալիզմը, ըստ իր արժէքների ու կանոնների, ձեւաւորել է նաեւ մեր քաղաքական դաշտը՝ երկրորդ պլան մղելով կուսակցութիւնների գաղափարախօսութիւններն ու ծրագրերը, յայտարարելով դրանք ժամանակաւրէպ, առաջ մղելով հասարակարգի լիբերալ վերակառուցումը: Իշխանութեան գալով՝ այս կամ այն կուսակցութիւնը, դրա ղեկավարութիւնը, մի կողմ թողնելով իրենց հռչակած գաղափարներն ու սկզբունքները, ձեռնամուխ են լինում լիբերալ-ժողովրդավարական բարէնորոգումների իրականացմանը: Այդպիսի գաղափարաքաղաքական տրանսֆորմացիայի (խնդրում ենք չշփոթել «տրանսգենդերիզացիայ» հասկացութեան հետ) համար արժանանում են եւրոինստիտուտների դրական գնահատականներին, լեգիտիմ եւ ժողովրդավարական կոչումներին: Աւելին՝ լիբերալ-ժողովրդավարական արժէքներն ու կանոնները ամրագրուեցին սահմանադրօրէն եւ արդէն օրէնքի ուժով յունաւորեցին մեր գիտակցութիւնը, հոգեբանութիւնը եւ հասարակական վարքագիծը: Քաղաքական դաշտը դրուեց լիբերալ կանոնների շրջանակների մէջ: Ցանկացած կուսակցութիւն, գործիչ կարող է իրականացնել իր քաղաքականութիւնը միայն լիբերալ կանոնների շրջանակներում, այլապէս կը համարուի ոչ լեգիտիմ եւ կդատապարտուի «առաջադէմ մարդկութեան կամ քաղաքակիրթ աշխարհի կողմից»:

Երկրի ճակատագրով մտահոգ հայ մարդկանց մօտ հարց է առաջանում. հնարաւո՞ր է արդյօք հասնել Նիկոլի հրաժարականին ժողովրդական ճնշման միջոցով, ժողովրդավարական ճանապարհով, եթէ ցուցարարների թիւը բազմապատկուի: Եւ ընդհանրապէս, հնարաւո՞ր է հասարակութեան պահանջով ու պարտադրանքով պաշտօնաթող անել պետութեան որեւէ ղեկավարի, որն ընտրուել է լեգիտիմ ճանապարհով, ունի իրեն հաւատարիմ ուժային կառոյցներ եւ հզօր արտաքին հովանաւոր: Վերջապէս, եթէ խայտառակ պարտութիւն կրելուց, կապիտուլեացիայ ստորագրելուց, հողեր յանձնելուց ու հազարաւոր զոհեր տալուց յետոյ թիւ մէկ պատասխանատուն հրաժարական չի տուել, ապա ինչո՞ւ ադրբեջանական վերջնագրի պահանջները կատարելու համար պէտք է հրաժարական տա: Ամոթի զգացումի՞ց, խղճի խայթի՞ց, թե՞ պատուազրկութիւնից: Բայց, ինչպէս վերը նշեցինք, այդ հասկացութիւնները լիբերալիստի համար վերապրուկներ են, նախապաշարմունքներ: Միայն մի դէպքում գաղափարական լիբերալիստը հրաժարական կը տայ, երբ նրան իշխանութեան բերած հովանաւորը կ’որոշի փոխարինել նրան մէկ այլ՝ աւելի թունդ լիբերալիստով: Համաձայնելով, որ նշուած հարցերը տեղին են, անդրադառնանք հէնց լիբերալ յեղաշրջումների, այսինքն՝ գունաւոր յեղափոխութիւնների հարուստ փորձին: Դրանք փաստում են, որ գործող իշխանութիւններին հեռացնելու համար անհրաժեշտ է առնուազն երեք ուժ՝ մի քանի տասնեակ հազար մարդ, որոնք ներկայացւում են որպէս «ողջ ժողովուրդ», ոստիկանութեան հետ արիւնալի կռվշտուքի պատրաստ հարուածային ջոկատ, յաճախ՝ ուժեղացուած դիպուկահարներով, արտաքին քաղաքական, քարոզչական եւ ֆինանսական հզօր հովանաւոր: Յաջողութեան դէպքում վերջինս էլ «առաջադէմ մարդկութեան» անունից կողջունի յեղաշրջումը եւ կը հռչակի այն լեգիտիմ եւ ժողովրդավարական: Դիմադրութեան շարժումը դէմ է նման միջոցներին, որոնք վայել են միայն միջկուսակցական գզվռտոցին՝ հանուն իշխանութեան, մինչդեռ դրուած է պետութեան եւ ազգի գոյութեան հարցը, ինչը կարելի է լուծել միայն համաժողովրդական պայքարի ճանապարհով: Դէ ինչ, յուսանք, որ լաոն կզարթնի:

Վերջապէս անդրադառնանք երրորդ հարցին՝ ինչո՞ւ Արցախը անմասն է մնում շարժմանը:

Նորից վերադառնանք յօդուածի առաջին մասին, մասնաւորապէս՝ նոր աշխարհակարգ հաստատելու գործընթացներին: Թւում է, թէ ինչ նշանակութիւն կարող է ունենալ պատառ-պատառ արուած, ոչ մի պետութեան կողմից չճանաչուած, քարտէզի վրայ չերեւացող այս ինքնահռչակ պետութիւնը գլոբալ աշխարհակարգի ձեւաւորման գործում:

Թաւշեայ յեղափոխութիւնը եւ երիտլիբերալներին իշխանութեան բերելը նախ եւ առաջ ուղղուած էին Արցախի դէմ: Առաջին իսկ քայլերից նրանք նախապատրաստում էին Արցախի յանձնումը: Եւ յեղափոխութեամբ երջանկացած քաղաքացիների մեծ մասը դէմ չէր դրան: Քողարկելու համար իրենց դաւաճանութիւնը նրանք հերոսական դիմադրութեան «ֆլեշմոբ» կազմակերպեցին եւ 5 հազար զինուոր զոհեցին: Յանձնեցին, բայց գործն ամբողջութեամբ գլուխ չբերեցին: Չյաջողուեց մինչեւ վերջին արցախցուն յանձնել: Չկարողացան մինչեւ վերջ հեռու պահել Վ. Պուտինին իրենց բռնած գործից: Ի վերջոյ ռուսները եկան ու խցկուեցին Ղարաբաղ:

Արեւմուտքը, ճիշտ է, չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, չմոբիլիզացրեց առաջադէմ մարդկութեանը՝ ռազմական եւ ֆինանսական օգնութիւն տրամադրելու պանծալի հայ յեղափոխականներին, ինչն այսօր արւում է ուկրաինացի յեղափոխականների համար, բայց եւ չդատապարտեց ռուսական զօրքերի մուտքը Արցախ: Աւելին՝ այսօր արդէն փորձում են վերակենդանացնել Մինսկի խմբի գործունէութիւնը: Այսինքն՝ տպաւորութիւն է ստեղծւում, որ Արցախի հէնց այսպիսի պատերազմի հետեւանքով արցախեան պատերազմի «հերոսներ» դարձած Ի․ Ալիեւը եւ Ն. Փաշինեանը յայտնուել են չափազանց զգայուն իրավիճակում, եւ չնայած երկուսն էլ, ինչպէս պնդում է Ի. Ալիեւը, բանաւոր համաձայնութեան են եկել խաղաղութեան պայմանագրի եւ դրա պահանջների շուրջ, չէն կարողանում կնքել այն: Խանգարում են Հարաւային Կովկասում իրար դիմակաեօղ Ռուսաստանը, ինչպէս եւ Իրանը եւ հաւաքական Արեւմուտքը՝ ի դէմս Միացեալ Նահանգների: Առաջինի համար Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը արցախեան հարցի փակում է նշանակում, որին ինքնըստինքեան կը հետեւի Արցախից ռուսական ռազմական ուժերի դուրսբերման պահանջը: Եւ դա կը լինի ռուսներին տարածաշրջանից դուրս քշելու համար անհրաժեշտ առաջին քայլը, ինչի մասին Թուրքիան երազում է արդէն երեք դար: Իրանի դէպքում Զանգեզուրի միջանցքի բացումը վտանգում է նրա կենսական շահերը, քանի որ ճանապարհ է բացում ՆԱՏՕ-ի զօրքերի համար եւ հաւասար է ռազմական բլոկադայի:

Իսկ եթէ ռուսները դուրս չգան: Թող զարմանալի չթուայ, բայց հէնց դա էլ պէտք է գլոբալիստներին: Յիշէնք, որ այս տարուայ սկզբից Ջ. Բայդէնը անդադար խօսում էր Ուկրաինայի դէմ ռուսների յարձակումից, շաբաթը մէկ յարձակման նոր օր էր յայտարարում, կանխաւ մեղադրում էր նրանց բոլոր տեսակի մեղքերի մէջ, նոյնիսկ Վ. Պուտինին մարդասպան անուանեց: Վերջապէս ռուսները ծերուկի խօսքը գէտնով չտալու համար «ընդառաջ գնացին» եւ սկսեցին յատուկ ռազմական գործողութիւնը: Սակայն գլոբալիստները մտադիր չէն սահմանափակուել Ուկրաինայով: Ռուսաստանը հիւծող պատերազմներ պէտք են նաեւ այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Հարաւային Կովկասում:

Արցախից ռուսական զօրքերի դուրսբերումը կզրկի գլոբալիստներին Հարաւային Կովկասը Ռուսաստանի դէմ ռազմական պլացդարմ դարձնելու հնարաւորութիւնից: Իսկ եթէ դուրս չգայ, ապա ստիպուած են լինելու պաշտպանել հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրով ոչնչացման եզրին յայտնուած Արցախը, որի դիմադրութիւնը անկասկած կեանգեցնի ադրբեջանցիների բախմանը ռուս խաղաղապահների հետ: Յենց դա էլ պէտք է գլոբալիստներին: Մնացածը, ինչպէս ասում են, տեխնիկայի հարց է: Ըստ բազմիցս փորձարկուած լիբերալ-յեղափոխական տեխնոլոգիաների, հաշուի չառնելով Ալիեւի կարծիքը, ոտքի կը հանէն տեղական լիբերալներին, ազգայնականներին, մահմեդական ծայրայեղականներին եւ քրէական խուժանին, հակառուսական զանգուածային ցոյցեր կը սկսէն, մի քանի ռուս կմորթէն, եւ հակամարտութիւնը պատրաստ է: «Առաջադէմ մարդկութիւնն» էլ համերաշխութիւն կը յայտնի ադրբեջանցի «ազատասէր» ժողովրդին, կզինի, կֆինանսաւորի եւ կը յորդորի կռուել մինչեւ վերջին ադրբեջանցին: Դէ այդ դէպքում ի՞նչ է մնում անել Վ. Պուտինին: Աեօ՛, մնում է յայտարարել, որ, ի պաշտպանութիւն Արցախի եւ Ադրբեջանի քրիստոնեայ բնակչութեան, յատուկ ռազմական գործողութիւն է սկսում Ադրբեջանում: Մնացածը՝ ուկրաինական սցենարով: Կամ էլ, եթէ ուժերը չբաւարարէն, Ռուսաստանը ստիպուած կը լինի հեռանալ Հարաւային Կովկասից: Կարծում եք՝ այսպիսի զարգացումներ հնարաւո՞ր չէն:

Ահա թէ ինչ նշանակութիւն ունի փոքրիկ Արցախը գլոբալիստական խաղերում:

Այս իրավիճակում, երբ Հայաստանի իշխանութիւնները եւ երջանիկ քաղաքացիական հասարակութիւնը հրաժարւում են Արցախից եւ պարտադրում յանձնուել ազերիներին, ո՞ւմ հետ կարող են յոյսէր կապել արցախցիները: «Դիմադրութեան» շարժման 60 հազար մասնակիցների՞, որոնց վիճակն այնքան էլ չի տարբերւում իրենց իսկ վիճակից: Արցախցիք կանգնած են լինել-չլինելու խնդրի առջեւ: Այսօր նրանց կեանքի միակ երաշխաւորը ռուս խաղաղապահներն են, եւ իրենց հայրենիքում գոյատեւելու յոյսէրը նրանք կապում են Ռուսաստանի հետ: Եւ եթէ շուտով Արցախը դիմի Ռուսաստանի Դաշնութեանը՝ նրա կազմի մէջ մտնելու համար, թող ոչ ոք չփորձի նախատել նրան: Ո՞վ ունի այդ իրաւունքը: Ճիշտ է, միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը յարգող «առաջադէմ մարդկութիւնը» եւ ՀՀ իշխանութիւնները: Իսկ Արցախը կդիմի եւ կսպասի, ինչպէս սպասեցին Ղրիմը եւ Դոնբասը: Կարծում եք՝ այսպիսի զարգացումներ հնարաւոր չե՞ն: Գլոբալ աշխարհակարգի հեղեղապտոյտում ամէն ինչ հնարաւոր է:

«Դրօշակ» թիւ 8 (1669), 2022թ․

Share