Դրօշ այրելը քննադատում են նրանք, ովքեր 2015–ին ՌԴ դրօշն էին փորձում վառել. Ռոբերտ Քոչարեան

Դրօշ այրելը քննադատում են նրանք, ովքեր 2015–ին ՌԴ դրօշն էին փորձում վառել. Ռոբերտ Քոչարեան

ՀՀ 2–րդ նախագահը յիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մէջ Հայոց ցեղասպանութեան հարցը մտցնողը հէնց ինքն է եղել։

Անկախութեան հռչակագրից հրաժարուելը եւ Հայոց ցեղասպանութիւնն ուրանալը կարող է բերել նրան, որ հէնց այդ ուրացող մարդիկ մոռացուէն մեր ժողովրդի կողմից։ Ծիծեռնակաբերդի յուշամալիրում լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

«Կրել ենք ծանր պարտութիւն պատերազմի ժամանակ, եւ այս իշխանութիւնն այդ պարտութիւնն անընդհատ, շարունակաբար մի պրոցեսի է վերածել։ 4 տարի շարունակ մենք գտնւում ենք նոյն շրջանի մէջ` ինչ–որ բան տալ, զիջել, ինչ–որ բանից հրաժարուել։ Դա ուղղակի շատ ծանր ու մաշեցնող մի երեւոյթ է մեր ժողովրդի համար։ Միգուցէ այս ֆոնի վրայ Ցեղասպանութեան ուրացումը շատ աւելի ծանր ընկալում է ստանում շատերի մօտ»,– նշեց Քոչարեանը։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՔՊ–ական պատգամաւոր Արթուր Հովհաննիսեանի երեկուայ յայտարարութիւնը։ Պատգամաւորը ճեպազրոյցների ժամանակ ասել էր. «Մոտիկ չգաք ցեղասպանութեանը, չփորձեք դիւիդէնտներ շահել, մեր արձագանքը շատ խիստ է լինելու։ Այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, այլեւս քննարկման եւ սակարկման թեմայ չէ»։

«Լո՞ւրջ, ես պիտի այդ յիմարութիւնը պարզաբանեմ»,– արձագանքեց Ռոբերտ Քոչարեանը։

Նա յիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մէջ Հայոց ցեղասպանութեան հարցը մտցնողը հէնց ինքն է եղել, մեծ թուով երկրներ իր կառավարման շրջանում են ճանաչել Ցեղասպանութիւնը։

«Ներկայ իշխանութիւններն այն մարդիկ են, որոնք մատը մատին չէն տուել այս հարցի համար, յիմար–հիմա դուրս են տալիս, ու ես պատրաստ չեմ մեկնաբանելու»,– ընդգծեց Քոչարեանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշներն այրելը սադրիչ եւ հրահրող գործելակերպ է` ՀՀ 2–րդ նախագահը յիշեցրեց, որ 2015 թուականին ՌԴ դեսպանատան մօտ ՌԴ դրօշը այրել, ոտնատակ էին տուել հէնց այն մարդիկ, որոնք այսօր զբաղեցնում են երկրում բարձրագոյն պաշտօններ` ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ եւ այլն։

«Եթէ դա անթոյլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում ՌԴ–ի եւ Թուրքիայի նկատմամբ կրկնակի ստանդարտներ կիրառելու իմաստով։ Ուղղակի ամօթ է։ Այդ թեմայի շուրջ գոնէ իրենք իրաւունք չունեն խօսելու»,– պատասխանեց Քոչարեանը։

Քոչարեանը քմծիծաղով արձագանքեց այն դիտարկմանը, որ Փաշինեանը Խոզնաւարի ուղղութեան ադրբեջանական զինուժի կրակոցները կապել է դրօշների այրման հետ։

«Մեկ ամիս պատրաստւում են, հա՞, որ դրօշները պէտք է այրուէն, ու մէկ ամիս է` նախապատրաստական կրակոցներ էին, հա՞։ Աբսուրդների դաշտ չմտնենք էլի»,– ասաց նա։

Քոչարեանը լրագրողներին միւս հարցերին չպատասխանեց` նշելով, որ դրա համար հնարաւորութիւն կ’ունենան դեռ հանդիպելու, չի բացառւում` նորից մեծ ասուլիս կազմակերպի։

Share