եթէ Փաշինեանը կարծում է, որ այս թղթիկով ինքն Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կը կարգաւորի, շատ է սխալւում

եթէ Փաշինեանը կարծում է, որ այս թղթիկով ինքն Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կը կարգաւորի, շատ է սխալւում

«Սա փաստում է, որ Հայաստանն ընկրկել է Ադրբեջանի բոլոր պահանջների առաջ»,- «Առաւօտի» հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի յայտարարութեանը, թէ «Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցային գործընթացն աւարտուած է»։ Բայրամովը յայտարարել է, որ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցուած կէտէրի վերաբերեալ, իսկ յաջորդ փուլում Բաքուի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պէտք է փոփոխի իր սահմանադրութիւնը։

Արթուր Խաչատրեանը յիշեցնում է՝ երբ այս գործընթացը սկսուեց 2-3 տարի առաջ, Ադրբեջանը 5 կէտանոց ինչ-որ առաջարկ էր ներկայացրել, Հայաստանը 6 կէտանոց առաջարկ էր ներկայացրել։ Եւ այս գործընթացի ընթացքում Հայաստանի իշխանութիւնը զիջումների գնաց Ադրբեջանի բոլոր պահանջների առաջ։«Եւ սա է պատճառը, որ այս իշխանութիւնները տեքստը գաղտնի են պահում ոչ միայն պատգամաւորներից, այլ նաեւ հայ ժողովրդից։ Մարդը, որն ասում էր՝ ժողովրդի թիկունքում ոչինչ չեմ անելու, գաղտնի է պահում։ Ոչ մէկս չենք տեսել այդ տեքստը, միայն կարող ենք ենթադրել։ Այդ տեքստի մասին բաւականին թափանցիկ խօսում է Ադրբեջանը»,- ասաց Արթուր Խաչատրեանը։Նա յիշեցրեց, որ երկու կէտէրը, որոնք համաձայնեցուած չէին, մէկը հայցերի հետքաշման պահանջն էր միջազգային ատեաններից։ Եւ Եղիշէ Կիրակօսեանի հրաժարականը ահազանգ էր, որ Հայաստանն այդ հարցում նոյնպէս զիջել է։ Երկրորդ չհամաձայնեցուած պահանջը շփման գծում երրորդ երկրների՝ Եւրամիութեան դիտորդների ներկայութիւնն էր։ «Սրանք այն երկու կէտէրն էին, որոնք Հայաստանը զիջեց»,- ասաց Արթուր Խաչատրեանը։ 
Միաժամանակ, նա յիշեցնում է, որ Ադրբեջանը նաեւ պահանջում է միջանցք, պահանջում է այսպէս կոչուած «պատերազմական յանցագործների» արտայանձնում Ադրբեջան։  Բաքուն պահանջում է նաեւ, որ այսպէս կոչուած «ադրբեջանցի 350 000 փախստականները» պէտք է վերադառնան Հայաստան։ 

«Այնպէս որ, եթէ Փաշինեանը կարծում է, որ այս թղթիկով ինքն Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կը կարգաւորի, շատ է սխալւում։ Իրէն ուղղակի պէտք է մի թղթի կտոր, որի վրայ գրուած կը լինի «խաղաղութիւն», եւ ինքն այդ թղթի կտորով քարոզարշաւ կը սկսի եւ կասի՝ ես խոստացել էի խաղաղութիւն, ահա ձեզ խաղաղութիւն։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ դու ունես ընտրութիւն ստորացման եւ պատերազմի միջեւ, Չերչիլը շատ ճիշտ նկարագրել է»,- յաւելեց Արթուր Խաչատրեանը։ 

Անդրադառնալով այն հարցին, որ այս տեղեկութիւնը հայ հանրութիւնն իմացաւ Ադրբեջանի իշխանութիւններից, այսինքն՝ ՀՀ իշխանութիւնները թաքցնում են, Արթուր Խաչատրեանն ասաց․ «Ամէն ինչն է այդպէս տեղի ունեցել, բոլոր բացայայտումները՝ ինչի շուրջ են բանակցում, ինչի շուրջ են համաձայնութիւն ձեռք բերել, ինչի շուրջ համաձայնութեան չէն եկել, մենք այդ ամենն իմանում ենք ադրբեջանական պաշտօնատար անձանցից։ Երբ այդ հարցը բարձրացնում ենք, ասում ենք՝ ինչո՞ւ է հանրութիւնն այս ամենն Ադրբեջանից իմանում, այս իշխանութիւններն ասում են՝ ադրբեջանական լուրեր եք տարածում, Ադրբեջանի ջրաղացին ջուր եք լցնում։ Իհարկէ, իրենք կ’ուզէնային, որ Ադրբեջանը չխօսէր, որ իրենք ժողովրդին թմրեցնէին «պերֆեկտթիւիական» զառանցանքներով, բայց սա իրականութիւնն է։

Փաշինեանը, որը 2018 թւին սպառնում էր՝ ուղղակի կդիմեմ Ադրբեջանի ժողովրդին, հիմա նոյնիսկ վախենում է սեփական ժողովրդին դիմել։ Ինքը հայ ժողովրդին դիմում է այն ժամանակ, երբ Ադրբեջանն իրեն պարտադրում է, ինքը համաձայնում է, փորձում է այդ պարտադրանքը ներկայացնել իբրեւ թէ Հայաստանի շահերից բխող քայլ։ Օրինակ՝ Ադրբեջանը պարտադրեց Հայաստանի Սահմանադրութիւնը փոխել, ասացին՝ լաւ, կփոխենք։ Հետոյ պարտադրեց դա անել հանրաքուէի միջոցով, Փաշինեանն ասում է՝ հանրաքուէ պէտք է լինի։ Հիմնաւորում է, որ այս Սահմանադրութիւնը լեգիտիմ չէ։ Եթէ այս Սահմանադրութիւնը լեգիտիմ չէ, ուրեմն ինքն էլ լեգիտիմ վարչապետ չէ, որովհետեւ ընտրուել է այս Սահմանադրութեամբ։ Եթէ այս Սահմանադրութիւնը ոչ լեգիտիմ ու ոչ օրինական հանրաքուէով է ընդունուել, ուրեմն չի գործում, այլ գործում է 2005 թուականի Սահմանադրութիւնը։ Բայց այս ամենն իրենց չի հետաքրքրում, իրենց նպատակն է մնալ իշխանութեան եւ դրա համար պատրաստ է բոլոր հարցերում զիջել Ադրբեջանին ու բոլոր հարցերում խաբել սեփական ժողովրդին»։

Share