Սեպտեմբերի 1-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի օրհնութեամբ Արցախի թեմը կազմակերպել էր միջոցառում, որը նուիրուած էր Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման տօնին:
Միջոցառման սկիզբն ազդարարուեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգներով: Այնուհետեւ հոգեւոր հայրերի առաջնորդութեամբ հնչեց Տերունական աղօթքը:
Արցախի թեմի գրասենեակի պատասխանատու տիկին Մելանեայ Բալայանն իր սրտի խօսքն ասած ներկաներին` շնորհաւորելով բոլորին Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման գալիք տօնի առթիւ:
Միջոցառման ընթացքում ելոյթով հանդէս եկան ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող պարոն Գագիկ Բաղունցը, ԱՀ Ազգային ժողովի նախկին նախագահ պարոն Աշոտ Ղուլեանը, ԱՀ Մարդու իրաւունքների պաշտպան պարոն Գեղամ Ստեփանեանը, ԱՀ նախկին Մարդու իրաւունքների պաշտպան պարոն Արտակ Բեգլարեանը, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ պարոն Լեռնիկ Հովհաննիսեանը:
Միջոցառմանը ներկայ էր նաեւ Շուշիի Վարանդայ երգչախմբի հիմնադիր պարոն Զաքար Քեշիշեանը, ով իր ելոյթի վերջում շուիով նուագեց Արցախի հորովելը, ինչի տպաւորութեան տակ ներկաները մի պահ մտովի տեղափոխուեցին դէպի արցախեան բարձրադիր լեռները:
«Դիզակ Արտ» կենտրոնի սաները ժողովրդական երգերով գեղեցիկ երանգ հաղորդեցին մթնոլորտին: Միջոցառման վերջում Վրթանես Սրբազանն իր ամփոփիչ խօսքը հնչեցրեց` շնորհակալութիւն յայտնելով բոլորին ներկայ գտնուելու համար:
Սրբազան Հայրը յորդորեց միասնական ու անկոտրում լինել, որպէսզի կրկին կարողանանք Արցախում նշել Անկախութեան հռչակման տօնը:
«Ապառաժ»