Եւրոպացի ու ամերիկացի փորձագէտների ուշադրութեան կենտրոնում են Եւրամիութեան խորհրդարանի ընտրութիւններում ծայրահեղ աջ կուսակցութիւնների որոշակի յաջողութիւններն ու Եւրամիութեանը սպասուող խնդիրները։
Յունիսի 9-ին Եւրամիութեան երկրներում ԵՄ օրէնսդիր մարմնի՝ խորհրդարանի ընտրութիւններն էին՝ մի մարմնի, որն որոշում է եւրոպական մայրցամաքի զարգացման հիմնական ուղղութիւնները:
Եւրախորհրդարանի կողմից ընդունուած բանաձեւերը թէեւ խորհրդատուական բնոյթ ունեն, ու ԵՄ անդամ-երկրների կառավարութիւնները պարտաւոր չէն հետեւել դրանց, սակայն այդ որոշումները յաճախ ունենում են քաղաքական նշանակութիւն։ Օրինակ, Եւրախորհրդարանի բանաձեւը, որն ընդունուել է այս տարուայ ապրիլին, Ռուսաստանում նախագահական «ընտրութիւններն» անուանել է «խեղկատակութիւն»՝ կոչ անելով ԵՄ անդամ-պետութիւններին եւ միջազգային հանրութիւնը տեղի ունեցածը չհամարել ընտրութիւն։
Տասներորդ գումարման Եւրախորհրդարանում, դատելով միութեան բոլոր երկրներում ձայների հաշուարկից, առաջատարի դիրքը կը պահպանի «Եւրոպական ժողովրդական կուսակցութիւնը» (186 մանդատ), իսկ «Սոցիալիստների եւ դէմոկրատների առաջադիմական դաշինքը» կը շարունակի մնալ երկրորդը (133 մանդատ): Միեւնոյն ժամանակ, եւրոպական մի շարք երկրներում զգալիօրէն աճել է ծայրահեղ աջ կուսակցութիւններին ցուցաբերուած աջակցութիւնը, այդ թւում՝ Ռուսաստանին կողմնակից եւ Ուկրաինայի հակառակորդ համարուող կուսակցութիւններին։
ԱՄՆ վերլուծական կենտրոնների գնահատականներն Եւրոպայում ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ
Միացեալ Նահանգների առաջատար վերլուծական կենտրոնները կանխատեսել էին ծայրահեղ աջերի յաջողութիւնը Եւրախորհրդարանի ընտրութիւններում՝ քննարկում ծաւալելով, թէ ինչպէս այն կարող է փոխել եւրոպական քաղաքականութիւնը՝ Միացեալ Նահանգների, ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայում ռուսական ագրեսիան հետ մղելու ուղղութիւններում:
Ամերիկացի փորձագէտները անդրադարձել են ոչ միայն Արեւմտեան Եւրոպայի երկրներում ծայրահեղ աջերի վերելքին, այլեւ եւրոպական երեք երկրներում՝ Հունգարիայում, Իտալիայում եւ Սլովակիայում իշխանութեան ղեկին գտնուող պոպուլիստներին, որոնց օրինակը ոգեշնչում է մայրցամաքի միւս պետութիւններում իշխանութեան ձգտող աջ ուժերին։ Թեեւ Իտալիան դիտարկւում է որպէս առանձնայատուկ դէպք, քանզի այդ երկրի ծայրահեղ աջ կոալիցիոն կառավարութիւնը հաւատարիմ է Կիեւին ցուցաբերուող օժանդակութեանը:
Ծայրահեղ աջերը Եւրոպայում
Եւրոպական ընտրութիւնների նախօրեին ամերիկեան առաջատար վերլուծական կենտրոններից մէկի՝ German Marshall Fund-ի վերլուծաբան Սիւզաննայ Վեղը կարծիք է յայտնել, թէ Մարին Լը Պենի առաջնորդած «Ազգային հաւաք» կուսակցութեան եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցութիւնների միջեւ հակասութիւնները կարող են յանգեցնել նրան, որ Եւրախորհրդարանում ծայրահեղ աջերի որդեգրած արմատական դիրքորոշումները փափկէն։
Միւս կողմից, ըստ փորձագէտի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ կապերի պատճառով գերմանական կուսակցութեան վտարումը Եւրախորհրդարանի «Ինքնութիւն եւ ժողովրդավարութիւն» խմբից կարող է ամրապնդել աջերի ու ծայրահեղ աջերի դիրքերը ԵՄ օրէնսդիր մարմնում։
Վեղը վստահ է, որ Եւրախորհրդարանում «Ինքնութիւն եւ ժողովրդավարութիւն» խումբը կարող է համագործակցել մէկ այլ աջ-պահպանողական խմբի՝ «Եւրոպական պահպանողականների ու բարեփոխիչների» հետ, որի կազմում են, մասնաւորապէս, Լեհաստանի «Իրաւունք եւ արդարութիւն» կուսակացութիւնը, որը մինչեւ վերջերս երկրի իշխող ուժն էր, «Իտալիայի եղբայրներ» կուսակցութիւնը, որը այդ երկրի իշխող կոալիցիայի անդամներից է:
Փորձագէտի ներկայկացմամբ, ծայրահեղ աջերի դաշինքին կարող են միանալ նաեւ Նիդեռլանդներում իշխող կոալիցիայի մասը կազմող աջակողմեան «Ազատութեան կուսակցութիւնը» եւ պորտուգալական «Շեգայ» ուժը, որի երկու ներկայացուցիչներ ընտրուեցին Եւրախորհրդարան։
Արդիւնքում, Եւրախորհրդարանում կ’ունենանք աւելի ազդեցիկ աջակողմեան ուժ, որն, օրինակ, կողմ է ներգաղթի դէմ ուղղուած քաղաքականութեան խստացմանը։
German Marshall Fund-ի մէկ այլ փորձագէտ Դենիել Հեգեդիւսի կարծիքով, տեղի ունեցածի ֆոնին՝ Հունգարիայի, Սլովակիայի եւ Իտալիայի իշխանութիւնները, որոնք դէմ են ազատական ժողովրդաւարութեանը, կարող են լրջօրէն խաթարել Եւրայանձնաժողովի աշխատանքը, յատկապէս՝ ԵՄ-ում Հունգարիայի ապագայ նախագահութեան ժամանակ։
Աճում է մտահոգութիւնը, թէ Ուկրաինային տրամադրուող օգնութիւնը կարող է կրճատուել
Carnegie Endowment for International Peace-ի հետազօտողներ Ռոզայ Բալֆուրը եւ Ստեֆան Լենէն այս տարուայ ապրիլին զեկոյց էին հրապարակել՝ վերլուծելով եւրոպական քաղաքականութիւնը, եւ նրանց եզրահանգմամբ «[եւրոպական] ծայրահեղ աջ կուսակցութիւնները օգտակար չէն համարում ԵՄ արժէքների վրայ հիմնուած արտաքին քաղաքականութիւնը»:
«Դա մասամբ պայմանաւորուած է այն հանգամանքով, որ նրանց ընկալմամբ նման քաղաքականութիւնը հակասում է պահպանողական արժէքներին, բացի այդ՝ նրանք իմաստ չէն տեսնում քննադատել կարեւոր գործընկեր հանդիսացող երրորդ երկրներին՝ նրանց մօտ մարդու իրաւունքների ոտնայարման համար»,- նշել են Carnegie-ի փորձագէտները:
Բալֆուրի ու Լենէի ներկայացմամբ, «վտանգ կայ, որ ծայրահեղ աջ կուսակցութիւնները կարող են միաւորուել ԵՄ-ում գործող ռուսամէտ ուժերի հետ, եւ օգտագործելով պատերազմի նկատմամբ առկայ յոգնածութիւնը, որի ուղղութեամբ աշխատում է ռուսական ապատեղեկատուութիւնը, կը փորձեն փոխել Ուկրաինայի վերաբերեալ Եւրոպայում գոյութիւն ունեցող հանրային աջակցութիւնը»։
Միաժամանակ, ըստ Carnegie-ի ներկայացուցիչների, եւրոպական ծայրահեղ աջերի միջեւ լուրջ տարաձայնութիւններ կան՝ Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում, սակայն նրանք կարող են փոխհամաձայնութեան գալ Ուկրաինայի ուղղութեամբ ծախսէրը կրճատելու շուրջ։
«Նոր Եւրախորհրդարանը առաջ կգնայ եւ կօգնի Ուկրաինային».
Նոր Եւրախորհրդարանում Լիտուան ներկայացուած կը լինի տասնմէկ պատգամաւորներով։ Նրանց թւում է «Հայրենիքի միութիւն» կուսակցութեան (լիտուական պահպանողական կուսկացութիւն) անդամ Ռասայ Յուկնեաւիչենէն, ով եւրոպական օրէնսդիր մարմին է ընտրւում երկրորդ անգամ։
«Ամերիկայի ձայնի» հետ զրոյցում նա մանրամասնել է, որ բալթեան երեք երկրներում՝ Էստօնիայում, Լատուիայում ու Լիտուայում ամենաշատ ձայները ստացել են «Եւրոպական ժողովրդական կուսակցութեան» քաղաքական խմբի ներկայացուցիչները․ «Լիտուայում մէզանից յետոյ՝ երկրորդ տեղում սոցիալ-դէմոկրատներն են՝ երկու մանդատով, թէեւ բոլորն ասում էին, որ վարկանիշով առաջատար են…։ Բալթեան երկրների հետ ամէն ինչ կարգին է, թէեւ պտտւում էին ռուսական, Կրեմլի պատումներ։ Նման մանիպուլեացիաներով զբաղուողներ կային։ Ակնյայտ էր»։
Մեր զրուցակցը վստահ էր՝ Եւրախորհրդարանի նոր կազմը կը շարունակի ուկրաինական օրակարգը՝ նոյն մակարդակի վրայ պահելով Կիեւին աջակցող դիրքորոշումը․ «Ծայրահեղ աջերը կամ աջերը տարբեր են, քանի որ մեր կուսակցութիւնն էլ է աջակողմեան, բայց մենք աւելի մօտ ենք կենտրոնին։ Խումբը, որը կոչւում է «Եւրոպական պահպանողականներ եւ բարեփոխիչներ», ունի ուկրաինամէտ դիրքորոշում, եւ նրանք մեծամասնութիւն են կազմում: Նրանք միշտ դէմ են եղել Պուտինին։ Ակտիւ աշխատել ենք նրանց հետ եւ շարունակելու ենք աշխատել։ Նոր Եւրախորհրդարանը առաջ կգնայ եւ կօգնի Ուկրաինային»:
Անդրէաս Ումլանդ. «Իտալիայի ծայրահեղ աջերը Ջորջայ Մելոնիի գլխաւորութեամբ դարձել են ուկրաինամէտ»
Եւրամիութեան երկրներում կայացած համաեւրոպական խորհրդարանական ընտրութիւններին մասնակցութեան միջին ցուցանիշը տատանուել է 30%-40%-ի սահմաններում։ Ստոկհոլմի Արեւելաեւրոպական հետազօտութիւնների կենտրոնի վերլուծաբան Անդրէաս Ումլանդը նման ցուցանիշը արտասովոր չի համարում, քանզի Եւրախորհրդարանի ընտրութիւնները սակաւ ժողովրդականութիւն են վայելում, քան երկրների ընտրութիւնները․ «Սա այլեւս պատմական օրինաչափութիւն է․ մարդիկ հարկ չէն համարում գալ այս ընտրութիւններին, քանզի, նրանց կարծիքով, Եւրախորհրդարանն այդքան էլ կարեւոր չէ Եւրոպայում։ Շարքային ընտրողը չի տեսնում, թէ ինչ կապ ունեն Եւրախորհրդարանի ընտրութիւններն իր առօրեայի հետ»։
Ֆրանսիայում, Աւստրիայում, Բելգիայում եւ Գերմանիայում նկատելի են ծայրահեղ աջ կուսակցութիւնների յաջողութիւնները, այդ թւում՝ կրեմլամէտ դիրքորոշում ունեցողների։ Այնուամենանիւ, Ումլանդը հակուած չէ դրա հետեւում տեսնել Կրեմլի անմիջական ազդեցութիւնը. «Հնարաւոր են անուղղակի կապեր Մոսկուայի հետ, բայց մարդիկ չէն քուէարկում նման կուսակցութիւնների օգտին հէնց այն պատճառով, որ նրանք «մոսկուայամէտ» են։ Պատճառները տարբեր են՝ մասամբ նման կուսակցութիւնները հանդէս են գալիս Ուկրաինայում խաղաղութեան օգտին, սակայն պուտինամէտ դիրքորոշում չէն ցուցաբերում։ Դեռ վաղ է ասել, թէ Ռուսաստանը որքանով է փորձել ազդել այս ընտրութիւնների վրայ եւ ինչպիսի ազդեցութիւն են ունեցել ենթադրեալ գործողութիւնները»։
Ինչ վերաբերում է Ուկրաինային ցուցաբերուող եւրոպական աջակցութեան հեռանկարին, ապա, ըստ Անդրէաս Ումլանդի, որոշակի ռիսկեր կան։ «Պատկերը միանշանակ չէ։ Իտալիայի արմատական աջերն այժմ իշխող կուսակցութիւն են, սակայն Ջորջայ Մելոնիի ղեկավարութեամբ նրանք դարձել են ուկրաինամէտ: Բայց, օրինակ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցութիւնն, իրականում, ռուսամէտ է, թէեւ հրապարակաւ չէն յայտարարում այդ մասին։ Ընդհանուր առմամբ, հիմնարար փոփոխութիւններ չեմ սպասում Եւրախորհրդարանի դիրքորոշման մէջ, բայց որոշ առումներով այն կարող է դառնալ սակաւ վճռական եւ ուկրաինամէտ, քան նախկինում էր»։
Ծայրահեղ աջերի յաջողութիւնը Ֆրանսիայում. արդեօ՞ք Ուկրաինային ցուցաբերուող ֆրանսիական աջակցութիւնը վտանգուած է
Ֆրանսիայում ծայրահեղ աջերի յաջողութեան առաջին արդիւնքն է երկրի խորհրդարանի վաղաժամ արձակումը։ Ծայրահեղ աջերի «Ազգային հաւաքը» ջախջախիչ յաղթանակ տարաւ Եւրախորհրդարանի ընտրութիւններում՝ երկրում ստանալով ձայների մօտ 32%-ը։ Նախագահ Էմանյուել Մակրօնի առաջնորդած
«Վերածնունդ» կուսակցութիւնը հաւաքեց ձայների 14%-ը։ Նախագահը ցրեց խորհրդարանի ստորին պալատը եւ յայտարարեց արտահերթ ընտրութիւնների անցկացման մասին։
Ֆրանսիայի Rennes-2 համալսարանի պրոֆէսոր Սեսիլ Վեսյէն «Ամերիկայի ձայնի» հետ զրոյցում կարծիք է յայտնել, թէ, իրականում, ընտրութիւններից յետոյ իրավիճակը քիչ է փոխուել․ «Աեօ, իսկապէս, ծայրահեղ աջերն որոշակի յաջողութիւններ ունեն մի քանի երկրներում, բայց, ընդհանուր առմամբ, այն խմբերը, որոնք նախկինում կային Եւրախորհրդարանում, կը շարունակէն գոյութիւն ունենալ եւ կ’ունենան նոյն հնարաւորութիւնները, ինչ նախկինում»։
Ինչ վերաբերում է «Ազգային հաւաքի» յաջողութեանը, ապա, պրոֆէսորի խօսքով, «այդ 32%-ը, որ տրուել է Մարին Լը Պենին, ամենան հաւանականութեամբ, բողոքի նշան է Ֆրանսիայի նախագահի քաղաքականութեան դէմ»․ «Նշաններ են, որ ֆրանսիական հասարակութեան մի մասը չի ընդունում Մակրօնի իրականացրած բարեփոխումները։ Օրինակ, կենսաթոշակային տարիքի բարձրացումը, թէեւ այդ տեղի է ունենում գրեթէ բոլոր եւրոպական երկրներում, քանի որ աւելի երկար ենք ապրում։ Բայց Մակրօնը եւ նրա կառավարութիւնը չկարողացան դա ճիշտ բացատրել, եւ հասարակութեան մի մասը դէմ է նման փոփոխութիւններին»:
Ըստ Վեսյէի, նման արդիւնքի յաջորդ պատճառը երրորդ աշխարհի երկրներից ժամանող միգրանտների մեծ հոսքն է, ինչը լուրջ դժգոհութիւններ է առաջացնում․ «Ուստի, ամենան հաւանականութեամբ, այս 32%-ը ոչ թէ Լը Պենի օգտին է, այլ Մակրօնի դէմ։ Մակրօնն ամէն ինչ հասկացաւ եւ յայտարարեց Ազգային ժողովը ցրելու մասին։ Իսկ Լը Պենի կուսակցութեան անդամներն այժմ ասում են, որ դէմ չէն Եւրամիութեանը եւ չէն ցանկանում, որ Ֆրանսիան հեռանայ այնտեղից։ Սա այն չէ, ինչ ասում էր կուսակցութիւնը 3-4 տարի առաջ։ Եթէ նրանք յաղթէն յունիսի վերջին նախատեսուած ընտրութիւններում, դա կարող է ազդել Ֆրանսիայի դիրքի վրայ Եւրոպայում։ Այդ դէպքում Մակրօնի որոշումը, որ մենք կը դառնանք Ուկրաինան պաշտպանող երկրների առաջատարը, կարող է չիրականանալ։ Ընտրական նման ելքը կարող է ազդել ինչպէս Ուկրաինայի, այնպէս էլ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի վրայ»։
Յայտնի է, որ Մարին Լը Պենը նախկինում բազմիցս մեղադրուել է Պուտինի հետ սերտ շփումների, այդ թւում՝ Կրեմլի կողմից ֆինանսաւորում ստանալու համար։ Սեսիլ Վեսյէն ուշադրութիւն է հրաւիրում՝ 2022 թուականի փետրուարի 24-ից յետոյ Լը Պենի եւ «Ազգային հաւաքի» հռետորաբանութիւնը շատ է փոխուել, եւ այժմ աւելի հաւանական է, որ կուսակցութիւնը դատապարտի Ուկրաինայի պատերազմը․ «Բայց այս կուսակցութիւնը Ուկրաինայի կողմնակիցը չէ եւ, ընդհանրապէս, չի աջակցում այն պայքարին, որ տանում է Ուկրաինան։ Այսինքն, ըստ էութեան ոչինչ չի փոխուել, բայց ֆրանսիացիները, ովքեր քուէարկել են «Ազգային հաւաքի» օգտին, մեծամասամբ աջակցում են Ուկրաինային։ Ահա թէ ինչու, Լը Պենը եւ ցուցակը գլխաւորող Ջորդան Բարդելան ասում են, որ դէմ են պատերազմին, դէմ են ռուսական ներխուժմանը»։
Սեսիլ Վեսյէն քննադատաբար էր տրամադրուած «Ազգային հաւաքի» ներկայիս առաջնորդի նկատմամբ. «28 տարեկան է, չունի բարձրագոյն կրթութիւն, կեանքում ոչ մի տեղ չի աշխատել, բացի ինչ-որ մէկի օգնականից։ Իր համար հիանալի կարիերայ է արել, քանզի ապրում է Մարին Լը Պենի զարմուհու հետ։ Նրա մէջ ոչինչ չկայ։ Սա մեծ մտահոգութիւն եւ բազմաթիւ հարցեր է առաջացնում, թէ ինչպէս են ֆրանսիացիները վերաբերւում քաղաքականութեանը»:
Ի՞նչ է կատարւում Բուլղարիայում, Հունաստանում, Սլովակիայում եւ Հունգարիայում
Բուլղարիայում Եւրախորհրդարանի ընտրութիւններում ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եւրոպական զարգացման» կուսակցութիւնը, որը մաս է կազմում աջ կենտրոնամէտ «Եւրոպական ժողովրդական կուսակցութեանը»։ Վերջինս յայտնի է ուկրաինամէտ դիրքորոշմամբ։
Կարելի է ասել, որ Բուլղարիայում Կրեմլի կողմնակիցները չկարողացան ստանալ մեծ թուով ընտրողների աջակցութիւնը, եւ Եւրամիութեան համար Սոֆիան նոյն խնդիրը չի դառնայ, ինչ Բուդապեշտը:
«Արտաքին քաղաքականութեան գծով եւրոպական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փոխտնօրէն եւ կազմակերպութեան՝ Սոֆիայի գրասենեակի ղեկավար Վեսելայ Չեռնեւան «Ամերիկայի ձայնին» կարծիք է յայտնել, որ ռուսամէտ կուսակցութիւնները չէն կարողանայ փոխել Բուլղարիայի քաղաքականութիւնը․ «Մենք ունենք նոր կուսակցութիւն, որը կոչւում է «Մեծութիւն», եւ այն ստացել է ընդամէնը 4.5% քուէ։ Նրանք պուտինամէտ դիրքորոշում ունեն»։
Խոսելով Բուլղարիայի բալկանեան հարեւանների մասին՝ Չեռնեւան նշել է, որ Հունաստանում «Նոր ժողովրդավարութիւն» կուսակցութիւնը՝ վարչապետ Կիրիակօս Միցոտակիսի գլխաւորութեամբ, զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով ձայների աւելի քան 28%-ը եւ բարելաւելով իր նախորդ արդիւնքը։
Անակնկալ էին Սլովակիայի քուէարկութեան արդիւնքները, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է ազատական «Առաջադիմական Սլովակիայ» կուսակցութիւնը՝ ստանալով եւրոպական խորհրդարանի համար երկրում առկայ 15 մանդատներից 6-ը։ Ներկայիս վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի կուսակցութիւնը, ով համարւում է կրեմլամէտ, նոր Եւրախորհրդարանում ստացել է 5 տեղ։
«Հունգարիայում [վարչապետ] Օրբանն առաջին անգամ իրական մրցակցութեան բախուեց։ Խոսքը Պետէր Մադեարի «Տիսայ» կուսակցութեան մասին է, որը ստացաւ 7 մանդատ՝ զիջելով երկրում իշխող «Ֆիդես» կուսակցութեանը։ Այն ստացել է 11 մանդատ: Սա նոյնպէս լաւ արդիւնք է»,- ասել է Վեսելայ Չեռնեւան՝ ընդգծելով, որ նախորդ արդիւնքների համեմատ Օրբանի կուսակցութիւնը կորցրել է 2 մանդատ, իսկ Մադեարի կուսակցութիւնը նախկինում ընդհանրապէս ներկայացուած չէր Եւրախորհրդարանում:
Յայտնի է, որ այս յուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնելու Եւրամիութեան խորհրդի նախագահութիւնը, եւ հարց է առաջանում՝ արդեօ՞ք այս հանգամանքը կարող է խանգարել Եւրամիութեանը Ուկրաինայի ու Մոլդովայի յետագայ մերձենալուն։
«Հունգարիան կը փորձի այդ անել, քանի որ Օրբանի նպատակը Եւրամիութեան ընդլայնումն է Արեւմտեան Բալկանների հաշուին, ոչ թէ՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի։ Ուստի, կարծում եմ, որ Հունգարիան կօգտուի տարբեր երկրներում աջակողմեան ուժերի վերելքից ու կը փորձի վտանգել Եւրամիութեանը Ուկրաինայի անդամակցութեան [գործընթացը]»,- եզրափակել է Վեսելայ Չեռնեւան։
Աղբիւր՝ VOA