Ֆրանսիական FIGARO պարբերականը հրապարակել է ֆրանսիացի յայտնի փաստաբանների, փաստաբանական պալատների նախագահների, իրաւապաշտպանների բաւականին կոշտ յայտարարութիւնը, որում կոչ է արւում անպատիժ չթողնել Ադրբեջանին՝ մարդու հիմնարար իրաւունքների կոպտագոյն խախտումների համար: Այն նախաձեռնել է Մոնպելիէի փաստաբանների պալատը: Ստորեւ թարգմանաբար ներկայացւում է կոչ-նամակի բովանդակութիւնը որոշ կրճատումներով.
«Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան եւրոպական կոնուենցիայի ստորագրումից 75 տարի անց, Եւրոպան առերեսւում է անընդունելի խախտումների հետ, որոնք չէն կարող անպատասխան մնալ: Ադրբեջանում հայ պատանդների դատավարութիւնը պետական անարդարութեան ամենաբացայայտ դրսեւորումներից մէկն է:
Այս դատավարութիւնը, որը միջազգային լրատուամիջոցներն ու Եւրախորհրդարանը՝ 2025 թ. մարտի 13-ի բանաձեւով որակել է որպէս ձեւական, ոտնահարում է մարդու իրաւունքների հիմնարար սկզբունքները եւ ցոյց է տալիս ադրբեջանական ռեժիմի կողմից հայերի նկատմամբ կիրառուող համակարգուած ճնշումը: Ադրբեջանը, որը 2002 թուականից Կոնուենցիայի կողմ է, բացայայտօրէն ծաղրում է իր պարտաւորութիւնները, պարբերաբար մերժում է Եւրոպական դատարանի որոշումները՝ հրաժարուելով կատարել որոշումներ, որոնք դատապարտում են հայերի նկատմամբ խտրականութեան եւ խոշտանգումների գործողութիւնները: Այս ինստիտուցիոնալացուած բռնապետութիւնը հասնում է իր գագաթնակէտին 23 հայ պատանդների անարդար դատաւարութեամբ, որոնց թւում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ եւ կամայականօրէն ձերբակալուած քաղաքացիական անձինք:
Այս մարդիկ, որոնք գերեւարուել են էթնիկ զտման համատեքստում, ենթարկւում են անմարդկային եւ նուաստացնող վերաբերմունքի: Բազմաթիւ փաստէր կան, որոնք վկայում են այն տառապանքների մասին, որ նրանք կրում են, յատկապէս Ռուբէն Վարդանեանը, որի լուսանկարներում ակնյայտ բռնութեան հետքեր են նկատւում: Նրան շուրջ 45 կեղծ մեղադրանք է առաջադրուած: Նա կարողացել էր ընտանքի միջոցով ուղերձ փոխանցել՝ նշելով, որ «ներկայացուած «մեղադրական եզրակացութիւնը» պաշտօնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրուած չէ մեղադրողների կողմից: Ես զրկուած եմ պաշտպանութեան իրաւունքից. սահմանափակւում է իմ փաստաբանի հասանելիութիւնը գործի նիւթերին, առգրաււում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրայ: Բացի այդ, իմ միջազգային իրաւաբանական թիմին արգելուել է շփուել կամ հանդիպել ինձ հետ եւ հասանելիութիւն ունենալ գործի նիւթերին: Բոլոր նիստէրն անցկացում են գաղտնի եւ փակ հանրութեան համար: Միջազգային լրագրողների եւ միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտւում է»:
Այս խօսքերը հնչում են որպէս տագնապի ազդանշան դատական համակարգի դէմ, որը վերածուել է հայերի ճնշման եւ համակարգուած նուաստացման գործիքի: Այս դատավարութիւնը բացայայտօրէն խախտում է Կոնուենցիայի 6-րդ յօդուածը, որը երաշխաւորում է արդար եւ հրապարակային դատաքննութեան իրաւունքը՝ անկախ եւ անաչառ դատարանի առջեւ:
Այս խախտումների դէմ կոշտ արձագանքի բացակայութիւնը սպառնում է մարդու իրաւունքների Եւրոպայի հիմքերին: Սրանով վտանգաւոր նախադէպ է ստեղծւում: Չի կարելի հանդուրժել, որ Խորհրդի անդամ պետութիւնը գործի ապօրինի, առանց պատժի կամ հետեւանքի:
Ֆրանսիական եւ եւրոպական փաստաբանական պալատները պէտք է պահանջէն դիտորդների ներկայութիւն այս պատանդների դատաւարութեան ժամանակ: Եթէ եւրոպական փաստաբանները խիզախութիւն ունեն ներկայ գտնուելու լրագրողների եւ այլախոհների դատավարութիւններին Թուրքիայում, Թունիսում կամ այլուր, ինչո՞ւ Ադրբեջանը պէտք է խուսափի դրանից: Արդեօ՞ք այն այնպիսի գերագոյն բռնապետութիւն է, որի առջեւ մարդու իրաւունքների պաշտպանները նահանջում են: Եւրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ: Եւրոպական կառոյցները, անդամ պետութիւնները, ինչպէս նաեւ քաղաքացիական հասարակութիւնը պէտք է մոբիլիզացուէն՝ այս արդարադատութեան ծաղրին վերջ տալու համար: Եւրոպայի՝ որպէս մարդու իրաւունքների պաշտպանի վստահելիութիւնը այսօր փորձութեան է ենթարկւում:
Ժամանակն է գործել, որպէսզի անպատժելիութիւնը երբեք չդառնայ նորմ»: