ԵՄ-ի քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականութիւնը բարձրացնելն է. ԵՄ պաշտօնեայ

ԵՄ-ի քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականութիւնը բարձրացնելն է. ԵՄ պաշտօնեայ

Եւրոպական Միութեան քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականութիւնը բարձրացնելն է։ Բրիւսելում նոյեմբերի 13-14-ին կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ Եւրոպական խորհրդում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ այս մասին ասաց ԵՄ Արտաքին յարաբերութիւնների ծառայութեան բարձրաստիճան պաշտօնեան՝ պատասխանելով Բրիւսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թէ որքանով է ԵՄ-ն լուրջ վերաբերւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային նկրտումներին Հայաստանի սւուերէն տարածքի հանդէպ եւ ի՞նչ քայլեր կը ձեռնարկի Հայաստանի վրայ Ադրբեջանի հնարաւոր յարձակման դէպքում։ 

«Ըստ մեր տեղեկութիւնների բանակցութիւնների սեղանին խաղաղութեան պայմանագիրն է դրուած, որի շուրջ պէտք է համագործակցել։ Բարձր եմ գնահատում փաստը, որ Հայաստանի վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։ Ադրբեջանի նախագահն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը. եւ ԵՄ-ն մեծ յոյսէր է կապում սրա հետ։ Կան շատ վտանգուած հարցեր՝ բանտարկեալներ, սահմաններ, բայց մենք ցանկանում ենք վերանայել այն հարցերը, որոնք դեռ սեղանի վրայ են, որոնք դեռեւս երկու երկների միջեւ առճակատման խնդիրների առարկայ են։ Մեր քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն է, Հայաստանի դիմադրողականութիւնը բարձրացնելն է, որը Ռուսաստանի կողմից շատ զգալի ճնշման տակ է, եւ դա այն է, ինչ մենք ուզում ենք», — ասաց ԵՄ բարձրաստիճան պաշտօնեան։  

ԵՄ Արտաքին յարաբերութիւնների ծառայութեան բարձրաստիճան պաշտօնեան նշեց, որ ԵՄ արտգործնախարարների խորհուրդը քննարկելու է Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնները եւ շեշտադրեց, որ երկու երկրների միջեւ խաղաղութեան պայմանագրի հասնելը եւրոպական անվտանգութեան տեսանկիւնից կարեւոր գործոն է։ Պաշտօնեան նաեւ յաւելեց, որ քննարկման առանցքային հարցերից մէկն էլ Հայաստանին աջակցելն է լինելու, որը պատերազմից յետոյ թուլացել է, բայց շարունակում է պայքարել ժողովրդաւար ուղու վրայ մնալու համար։ 

 «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թէ արդյօք քննարկւում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելութեան լիազօրութիւնների ընդլայնման հարցը, ինչ է դա իրենից ենթադրելու, պաշտօնեան պատասխանեց. «Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել այս ուղղութեամբ, ցանկանում ենք շարունակել հնարաւորինս շատ վստահութիւն բերել հայերին: Մենք ցանկանում ենք արդիւնաւետօրէն տարածել աջակցութեան քաղաքական առաքելութիւնները Հայաստանին։ Դա քննարկում ենք ներքին կարգով, եւ յուսով եմ, որ շատ շուտով կը կարողանանք խօսել Հայաստանի իշխանութիւնների հետ»։ 

Պաշտօնեայի խօսքով՝ Հայաստանի հետ անվտանգութեան քաղաքականութեան երկխօսութիւն կայ, եւ ԵՄ-ն յոյս ունի քննարկել Հայաստանում իր առաքելութեան եւ այլ թեմաների վերաբերեալ հարցեր։ 

Share