ԵԽԽՎ-ն վերածուել է քաղաքականացուած կառոյցի, որն առաջնորդւում է իր քաղաքական նպատակայարմարութիւններով. Արմէն Ռուստամեան

ԵԽԽՎ-ն վերածուել է քաղաքականացուած կառոյցի, որն առաջնորդւում է իր քաղաքական նպատակայարմարութիւններով. Արմէն Ռուստամեան

Կը քննարկուի՞ Արցախի հարցը սեպտեմբերի 1-ին Եւրախորհրդի անդամ երկրների առաջնորդների՝ Գալուեյում կայանալիք համաժողւում: ԵԽԽՎ հայկական պատուիրակութեան ընդդիմադիր ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը մեծ յոյսէր չունի, որ արցախեան հարցը կը հասնի այդ համաժողովի սեղանին:

Յիշեցնենք, Գալուեյի համաժողովի առաջարկը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկին ԵԽ Նախարարների կոմիտէի նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարար Սայմոն Քովնին հնչեցրեց՝ ամառային նստաշրջանի մեկնարկին, Վեհաժողովի ամբիոնից: Իսկ քննարկման առանցքում «գորշ գօտիներում» Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների արդիւնաւետ կիրառման հարցն են նախատեսում: Բայց Քովնին չբացառեց Արցախի վերաբերեալ քննարկումը, որովհետեւ, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը բարդ եւ «քննարկման համար ակնառու տարածք է»:

Արմէն Ռուստամեանն ասում է ՝ չի կարծում, թէ այստեղ ցանկութիւն ունեն զբաղուել Արցախի հարցով: Բայց, նրա համոզմամբ, օրինակ, ԵԽ Նախարարների կոմիտէի նախագահը չի կարող անտեսել որեւէ տարածք, որտեղ հումանիտար, մարդու իրաւունքների հետ կապուած խնդիրներ կան, անկախ այն փաստից, թէ այդ տարածքներն ինչ կարգավիճակ ունեն: «Անդրադարձն այդ խնդիրներին ուղղակիօրէն ԵԽԽՎ մանդատի շրանակում է»,- ասում է Ռուստամեանը, Արցախի վերաբերեալ Սայմոն Քովնիի դիտարկումները պայմանաւորելով ԵԽԽՎ պարտաւորութիւններով:

Ընդդիմադիր պատգամաւոր Արմէն Ռուստամեանը կարծում է, որ ԵԽԽՎ-ն հետզհետէ հեռանում է իր դերակատարութիւնից՝ դառնալով առաւել քաղաքականացուած կառոյց:

«Մենք այս կազմակերպութիւնը համարում էինք տաճար, որտեղ պաշպանւում են մարդու իրաւունքների, մարդասիրութեան, ժողովրդաւարութեան հետ կապուած սկզբունքները: Այդ արժէքների պահապան կառոյց է սա համարւում, բայց երկակի ստանդարտների բազմակի կիրառումը, դժբախտաբար, յանգեցրեց նրան, որ այս կառոյցը կամաց-կամաց վերածուեց աւելի շատ քաղաքականացուած կառոյցի, որն առաջնորդւում է իր քաղաքական նպատակայարմարութիւններով եւ, բնականաբար, մի տեղ կարող է նկատել ինչ-որ խախտումներ, մի տեղ կարող է չնկատել՝ կախուած նրանից, թէ տուեալ պահին այս կառոյցի քաղաքական շահն ինչն է»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Արմէն Ռուստամեանը՝ յիշեցնելով, որ հայկական պատուիրակութեան ընդդիմադիր ներկայացուցիչները բոլոր խնդիրները մանրամասնօրէն ներկայացրել են Հայաստանի հարցով համազեկուցողներին ու Մարդու իրաւունքների յանձնակատարի գրասենեակի ղեկավարին. Հայաստանում քաղբանտարկեալների առկայութեան մասին ոստիկանութեան անիրաւաչափ պահուածքի մասին, որ խափանման միջոցը, ըստ էութեան, այսօր դարձել է պատժամիջոց, եւ այլն:

Իսկ ինչպե՞ս են արձագանքել եւրոպացի պաշտօնեաները, մեր հարցին Ա. Ռուստամեանը պատասխանեց.

«Իրենք գրանցել են ամէն ինչ: Ասում են՝ կը զբաղուենք, կուերլուծենք, այդ ձեր բոլոր ահազանգերը մենք կուսումնասիրենք… Բնականաբար, պէտք է արձագանքէն, ի վերջոյ, պիտի արձագանքէն: Մենք հետեւողական ենք լինելու: Ես չգիտեմ, թէ իրենք որքան հետեւողական կը լինէն, բայց մենք հաստատ հետեւողական ենք լինելու, եւ չէն կարող, ի վերջոյ, այսպէս անընդհատ անտեսել եւ աչքերը փակած շարունակել, այդպէս հնարաւոր չի լինելու, եւ իրենք էլ են լաւ հասկանում: Մենք իսկապէս այստեղ բաւականին լուրջ անելիք ունենք ՝ իրերը իրենց անուններով կոչելու իմաստով: Շատ բաներ մենք հէնց այս կառոյցից ենք սովորել՝ իրաւական պետութեան կայացում, յարգանք ժողովրդաւարութեան սկզբունքների նկատմամբ, եւ այլն»:

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամաւորը համարում է, որ ԵԽԽՎ-ում շատ անելիք կայ հիմա, երկու տարի չի եղել պատուիրակութեան կազմում, չի եկել ստրասբուրգեան նիստէրին, ու հիմա, ասում է, շատ բան է փոխուած տեսել: Համարում է, որ այս կառոյցին պէտք է վերադարձնել իր սկզբունքների հիմնական հունը, ոչ միայն Հայաստանի ներքին կեանքի նկատմամբ վերաբերմունքի առումով, այլ նաեւ արտաքին հարցերի, Արցախի խնդրի հետ կապուած: Ընդդիմադիր պատգամաւորը համոզուած է, որ դրան հնարաւոր է հասնել հայկական պատուիրակութիւնում համաձայնեցուած աշխատելով.

«Կարծում եմ՝ հայկական պատուիրակութիւնում մենք բոլորս տեսնելով այդ խնդիրների ընդհանուր դաշտը, պէտք է համաձայնեցուած աշխատենք, որովհետեւ դրսում այլ կերպ հնարաւոր չէ յաջողութեան հասնել: Ճիշտ է, մենք ունենք բաւականին լուրջ տարաձայնութիւններ շատ հարցերի հետ կապուած, բայց պէտք է կարողանալ այդուամենանիւ գտնել այն ընդհանուրը, որը մէզ արտաքին աշխարհում առնուազն մեր շահերի պաշտպանութեան հետ կապուած կարող է գործունէութեան նոյն դաշտն ապահովել: Սա մի քիչ դժուար խնդիր է, ճիշտն ասած, բայց պէտք է լուծել»:

Հայկական պատուիրակութիւնը, ի դէպ, թերեւս համաձայնեցուած աշխատելով, այս նստաշրջանի ժամանակ հընթացս փորձում էր կանխել թուրք-ադրբեջանական լոբբինգից սպասուող մէկ այլ վերահաս վտանգ: Մշակում էին առաջարկներ՝ առաջիկայում սպասուող, շրջակայ միջավայրին վերաբերող մի զեկոյցի վերաբերեալ, որտեղ հեղինակը՝ բրիտանացի պատուիրակ Ջոն Հաուելը, հակահայկական ձեւակերպումներ է արել՝ յղումներ անելով՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող, 2016 թուականին ընդունուած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնաւոր զրկուած են ջրից» ձեւակերպումով բանաձեւին:

Վերջինս, յիշեցնենք, հեղինակել էր Բոսնիան եւ Հերցեգովինան ներկայացնող Միլիսայ Մարկովիչը, որը Բաքուի եւրոպական խաւիարադոլարային սկանդալի դերակատարներից էր, եւ յետագայում, իր շատ գործընկերների պէս, սեփական երկրի իրաւապահների տեսադաշտ էր եկել:

Եւրոպայի խորհրդում թուրք-ադրբեջանական տանդէմի հիմնական «յոյսը», յայտնի է, որ բրիտանացիներն են: Սարսանգին վերաբերող զեկոյցի քննարկման օրերին մէկ այլ բրիտանացի էլ հեղինակել էր «Բռնութիւնների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրաւեալ այլ տարածքներում» վերնագրով զեկոյցը, որը հայկական պատուիրակութեան ջանքերով տապալուեց:

Հեղինակը յայտնի Ռոբերտ Ուոլթերն էր, որի կինը թրքուհի էր (Ֆերդայ Ալպ Ուոլթեր): Ուոլթերը հպարտօրէն յայտարարում էր, որ իր թուրքական անձնագիրը Թուրքիայի արտգործնախարար Մեւլիւթ Չաւուշօղլուի ձեռքից է ստացել, եւ ինքը «բրիտանացի թուրք է»: Արդեօ՞ք բրիտանացի Ջոն Հաուելը կը դառնայ Ռոբերտ Ուոլթեր-2… թերեւս, կերեւայ առաջիկայում:

Սիրանոյշ Մուրադեան
Ստրասբուրգ, Ֆրանսիայ

Share