ԵՄ-ն եւ Իրանը համակարծիք են Հայաստանին վերաբերող որոշ հարցերում. Փորձագէտ.

ԵՄ-ն եւ Իրանը համակարծիք են Հայաստանին վերաբերող որոշ հարցերում. Փորձագէտ.

Թեհրանի Իսլամական Ազադ համալսարանի պրոֆէսոր Ահմադ Քազեմին կարծում է, որ «այսօր ստեղծուել է մի իրավիճակ, երբ Կովկասը կարող է հարթակ ծառայել Իրանի եւ Եւրոպայի համագործակցութեան համար»։

Ապրիլի 19-ին ելոյթ ունենալով Հայաստանի Ամերիկեան համալսարանում կայացած «Հարաւային Կովկասը խզումային խախտումների ներքոյ՝ տարածաշրջանային եւ միջազգային հեռանկարներ» կոնֆերանսում, Քազեմին նշել է, որ ի տարբերութիւն Թուրքիայի եւ Ռուսաստանի՝ Թեհրանը բացասական դիրքորոշում չյայտնեց Հայաստանում Եւրոպական միութեան դիտորդական առաքելութեան տեղակայման վերաբերեալ։

Dr. Ahmad Kazemi, Professor of International Law

Խոսելով այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի ստեղծումը պնդում են Ադրբեջանն ու Թուրքիան, Ահմադ Քազեմին ասել է, որ 2020 թուականի պատերազմին յաջորդած իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ պատերազմը նախաձեռնելու Ադրբեջանի նպատակներից հիմնականը հէնց այդ միջանցքը ստանալն էր:

Ըստ փորձագէտի՝  նեոօսմանիզմի նման դրսեւորումները վտանգ են ներկայացնում նաեւ Եւրոպայի համար, ուստի կողմերի շահերը այս առումով համընկնում են։

«Ահա թէ ինչու են այսօր Փարիզն ու Թեհրանը բացայայտ հանդէս գալիս Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը պահպանելու կոչերով»,- նկատել է պրոֆէսորը։

Ահմադ Քազեմին նշել է նաեւ, որ թէ՛ Իրանը, թէ՛ Եւրոպան մշտապէս դէմ են արտայայտուել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը նախքան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրումը: Նրա խօսքով, Իրանն եւ Եւրոպական միութիւնը համակարծիք են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքի հարցում։

Մարիամ Գալստեան (Մեդիամաքս)

Share