Երկար տարիների հակամարտութիւնից յետոյ պատմական վայրիվերումներով ընթացող թուրք-սիրիական յարաբերութիւնները կրկին կարգաւորման նախանշաններ են ցոյց տալիս: «Արմենպրես»-ի հետ զրոյցում խօսելով այս թեմայի շուրջ՝ Լիբանանի «Ազդակ» հայկական օրաթերթի գլխաւոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարեանը շեշտեց, որ Թուրքիայի եւ Սիրիայի մերձեցման բոլոր նախադրեալները պէտք է դիտարկել Ռուսաստան-Թուրքիայ ռազմավարական համագործակցութեան շրջածիրում:
Թուրքական, արաբական, իրանական լրատուամիջոցներն այս օրերին գրում են, որ Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշար Ալ-Ասադը 10 տարուայ մէջ առաջին անգամ կարող են հանդիպել Ուզբեկստանում՝ Շանհայի համագործակցութեան (ՇՀԿ) կազմակերպութեան գագաթնաժողւում, որը կ’անցկացուի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում:
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիրն իր տեսակէտը ներկայացրեց այս տեղեկութեան վերաբերեալ՝ ասելով, որ արդէն որոշ ժամանակ է՝ խօսւում է Անկարայ-Դամասկոս մերձեցման կամ յարաբերութիւնների վերահաստատման հնարաւորութիւնների մասին, եւ նկատելի է, որ այս մասին Անկարայի պաշտօնական ներկայացուցիչները աւելի են բարձրաձայնում, քան Սիրիայի:
«Օրակարգում են նաեւ Սիրիայի ընդդիմութեան եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հաշտեցման նախաձեռնութիւնները Թուրքիայի կողմից: Չաւուշօղլուն (Թուրքիայի ԱԳ նախարար-խմբ.) յայտարարել էր, որ երկու երկրների անվտանգութեան ծառայութիւնները արդէն խօսակից են եւ համատեղ քննարկումներ են անում ընդհանուր հարցերի շուրջ: Պարզ է, որ անվտանգային հարցերը վերաբերում են Անկարայի համար առաջին խնդրին՝ քրդական գործոնին»,- նշեց վերլուծաբանը:
Շահան Գանտահարեանը ուշադրութիւն է հրաւիրում Թուրքիայի նախագահի այն յայտարարութեան վրայ, որ իր երկիրը կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանմանն ու Ասադին հեռացնելու որեւէ նպատակ չունի:
«Մերձեցման այս բոլոր նախադրեալները, կարծում եմ, պէտք է դիտարկել Մոսկուայ-Անկարայ ռազմավարական համագործակցութեան շրջածիրում: Չպէտք է մոռանալ, որ Դամասկոսը նման գործողութիւնները, քայլերը եւ բեկումնային դիրքորոշումներն անպայման համաձայնեցնում է Մոսկուայի հետ: Գործընթացը պէտք է ընկալել Մոսկուայ-Անկարայ համաձայնութեան պարունակում։ Յաւելենք, որ մինչ այժմ Անկարային չի յաջողւում ձեւաւորել անվտանգութեան գոտու այն աշխարհագրութիւնը, որն առաջադրել էր Սիրիայի պատերազմի առաջին փուլից: Եւ նա ոչ միայն Արեւմուտքի թոյլտուութիւնը չուներ, այլ նաեւ Մոսկուայի»,- ընդգծեց Շահան Գանտահարեանը:
Թուրքիայի եւ Սիրիայի իշխող վարչակարգերի փոխյարաբերութիւնները ծայրաստիճան սրուեցին 2011-ին Սիրիայում արտաքին ուժերի կողմից հրահրուած պատերազմի ընթացքում: Թուրքիան նախ միջնորդաւորուած պատերազմ էր վարում Սիրիայում՝ իսլամիստական ծայրայեղական խմբաւորումների միջոցով փորձելով հեռացնել նախագահ Ասադին իշխանութիւնից, իսկ 2016 թ. օգոստոսին թուրքական զինուած ուժերը ուղղակիօրէն ներխուժեցին Սիրիայի տարածք՝ բռնազաւթելով մի շարք տարածքներ երկրի հիւսիսում: