ԱՄՆ նախագահական ընտրութիւնները խափանելու ջանքերն աւելացել են

ԱՄՆ նախագահական ընտրութիւնները խափանելու ջանքերն աւելացել են

Այս շաբաթ հրապարակուած երկու զեկոյցներն ահազանգում են՝ ԱՄՆ նախագահական ընտրութիւնները խափանելուն ուղղուած ջանքերն աճել են։ Նշուած է՝ աւելացել են տեղեկատուական մանիպուլեացիաները, բռնութեան կոչերը եւ առցանց ահաբեկումները: 

ԱՄՆ ընտրողներն աւելի յաճախ են յայտնւում այն դերակատարների թիրախում, որոնք կեղծ տեղեկութիւններ են տարածում առաջիկայ նախագահական ընտրութիւնների վերբերեալ: Այս մասին ասուած է Freedom House իրաւապաշտպան կազմակերպութեան զեկոյցում:

Կազմակերպութեան աւագ վերլուծաբան Կիան Վեստեյնսոնը նշում է.

«Միացեալ Նահանգներում մարդիկ դաւադրապաշտական տեսութիւններ եւ ապակողմնորոշող տեղեկատուութիւն են տարածում քաղաքականութեան վերաբերեալ: Հանրապետականներին հարող ընտրողների մօտ 70%-ը ուշադրութիւն է դարձրել 2020 թուականի նախագահական ընտրութիւնների արդիւնքների մասին դաւադրապաշտական տեսութիւններին, թէ իբր այդ արդիւնքները կեղծ են»:

Յետազոտողի խօսքով՝ աճում են նաեւ ընտրական պաշտօնեաների նկատմամբ առցանց ահաբեկման եւ ոտնձգութիւնների դէպքերը:

«Նկատել ենք, որ թեկնածուներն ուղղակի յարձակումների են ենթարկւում։ Այստեղ, իհարկէ, պէտք է խօսել նախկին նախագահ Թրամփի դէմ իրականացուած մահափորձի մասին։ Աճում են նաեւ ատելութեան հիմքով յանցագործութիւնները»,- ասում է նա:

Թեեւ քուէարկութեան համակարգը պաշտպանուած է, սակայն կիբեռյարձակումները տակաւին մտահոգիչ են՝ ընդգծում է Վեստեյնսոնը:

ԱՄՆ Յետաքննութիւնների դաշնային բիւրոն ներկայում քննում է Թրամփի եւ Բայդէն-Հարիսի նախընտրական թիմերի դէմ ուղղուած ենթադրեալ իրանական հաքերային յարձակումները:

Կիբեռանվտանգութեան գծով Recorded Future ընկերութեան հաղորդում է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից իրականացուած կիբեռգրոհների եւ ապատեղեկատուական արշաւների աճի մասին՝ արհեստական բանականութեան օգտագործմամբ, որի միջոցով պատրաստւում են կեղծ լուրեր:

Recorded Future-ի ներկայացուցիչ Շոն Մինորն ասում է․ «Ներկայացւում է կողմնակալ բովանդակութիւն՝ հիմնուած համապատասխան կառավարութեան աշխարհաքաղաքական նպատակների վրայ»:

Թէ որքանով են արդիւնաւետ այդ ջանքերը, Մինորը նշել է․ «Այս պահին չունենք տուեալներ՝ եզրակացնելու, որ այդ գործողութիւններն, իրականում, ազդել են ընտրութիւնների արդիւնքների վրայ»:

https://www.amerikayidzayn.com/a/7744998.html

VOA

Share