Արեւմտեան թեմը, Յովնան Արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ, իր հոգեւոր հիմնական առաքելութեան զուգահեռ մեծածաւալ աշխատանք է կատարում կրթութեան ոլորտում, բազմապիսի ծրագրեր իրականացնելով եւ աջակցութիւն ունենալով։ Այդ նպատակով հիմնադրուել են տարբեր կառոյցներ, գործարկուել են եւ այսօր էլ ընթացքի մէջ են բազմապիսի ծրագրեր, որոնք մշտապէս ուշադրութեան եւ հոգածութեան կենտրոնում են պահում կրթութեան ոլորտն ու սովորող երիտասարդներին։
«ՅՈՎՆԱՆ ԱՐՔ. ՏԷՐՏԷՐԵԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
«Յովնան Արք. Տէրտէրեան Կրթաթոշակ» Հիմնադրամը (The Archbishop Hovnan Derderian Scholarship Fund), ստեղծուած 2013-ին, հիմնական նպատակ ունի աջակցել Լոս Անճելըսի շրջանի հայկական դպրոցներին եւ սաներին։ «Ոչ մի երեխայ չպէտք է դուրս մնայ» կարգախօսով հիմնադրամն այն համոզումով է գործում, որ իւրաքանչիւր հայ աշակերտ հայկական դպրոցում հայկական կրթութեան իրաւունք ունի։ Այդպիսով հիմնադրամը նպատակ ունի օգնելու ֆինանսական կարիք ունեցող հայ ուսանողներին կրթաթոշակային և ֆինանսական աջակցութեան միջոցով։ Սա մի յաւելեալ հնարաւորութիւն է այն պատանիների ու երիտասարդների համար, ովքեր հաւատարիմ են ծառայելու թէ՛ եկեղեցուն, թէ՛ ժողովրդին:
Այդ նպատակով հաստատուել է մնայուն հիմնադրամ, որից գոյացած շահոյթը ծառայեցւում է հիմնադրամի նպատակներին։
2023-ի սեպտեմբերին նշուեց հիմնադրամի ստեղծման 10-ամեակը մեծ հանդիսաւորութեամբ եւ օգտակարութեամբ։ Այս առիթով մնայուն հիմնադրամը հասաւ մէկ միլիոն դոլարի։
FRIENDS OF YSU
Ամիսներ տեւած նախապատրաստական ընթացքից յետոյ, 2024 թ. Յուլիսի 30-ին իր տեսակի մէջ պատմական իրադարձութիւն տեղի ունեցաւ, Արեւմտեան թեմի Առաջնորդարանում հանդիսաւորապէս հիմնադրուեց «Երեւանի պետական համալսարանի բարեկամներ» (Friends of YSU) բարեսիրական հիմնադրամը ԱՄՆ Արեւմտեան Թեմի եւ Առաջնորդ Գերշ. Յովնան Արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ, մասնակցութեամբ ԵՊՀ ղեկավարների, բազմաթիւ բարձրաստիճան հիւրերի։ Հիմնադրամը նպատակ ունի զանազան միջոցներով աջակցելու ԵՊՀ կրթական ու գիտական ծրագրերին եւ այդ կերպ նաեւ՝ Հայաստանի զարգացմանը։ Մինչ այդ՝ 2023 թ. Արցախեան բռնի տեղահանութիւնից յետոյ, Արեւմտեան թեմը եւ անձամբ Առաջնորդը արդէն իր աջակցութիւնը բերել էր ԵՊՀ-ին՝ մեծագումար աջակցութեամբ մասնակի փոխհատուցելով հարիւրաւոր արցախցի ուսանողների ուսման վճարները։ Յուլիսի 30-ի երեկոյի բոլոր բանախօսներն ու ներկաները յոյս էին յայտնում, որ առաջին քայլերն անող այս ձեռնարկը յիրաւի կը տայ իր պտուղները եւ կ’ունենանք գործուն եւ օրինակելի կառոյց, որ կամուրջ կը լինի արտերկրի ու ԵՊՀ-ի ու Հայաստանի բուհական համակարգերի միջեւ։
FAST
FAST (Foundation for Armenian Science and Technology) կազմակերպութիւնը աջակցում է Հայաստանի եւ արտերկրի հայազգի թեկնածուներին, ովքեր ցանկանում են ասպիրանտական ուսումնասիրութիւնը շարունակել ճշգրիտ գիտութիւնների՝ STEM-ի հետ կապված ոլորտներում։ Ծրագիրը ուսանողներին տրամադրում է ֆինանսական և ինստիտուցիոնալ ռեսուրսներ՝ թոյլ տալով նրանց կենտրոնանալ իրենց հետազօտական ոլորտների վրայ, որով կարող են որոշակի նպաստ ունենալ ընդհանուր տնտեսութեան զարգացման վրայ: FAST-ի գործունէութեան ոլորտներից է, որ յատկապէս կարեւոր է արդի աշխարհի տեսանկիւնից, Հայաստանում «արհեստական բանականութեան» (AI) ոլորտի մասնագէտներ պատրաստելը, որին միտուած է «AI սերունդ» ծրագիրը կրթութեան բոլոր մակարդակներում։ Միանալով FAST-ի ծրագրին, այդպիսով Արեւմտեան թեմը դառնում է արդի գիտատեխնիկական առաջընթացի աջակիցը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (AUA)
2019 թ. Դեկտեմբերին Արևմտեան թեմը յայտարարեց, որ միանում է Հայաստանի Ամերիկեան Համալսարանի (AUA) հովանաւորութեանը, որպէս «հիմնասիւն» (Pillar of AUA), Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեան կրթաթոշակային հիմնադրամի միջոցով։ ՀԱՀ-ի 100 Սիւներ ծրագիրը միաւորում է 100 նուիրատուներից կազմուած խմբի, որ հինգ տարուայ ընթացքում 50 հազար եւ աւելի դոլար են նուիրաբերում համալսարանին։ Այս նպատակով կազմակերպուած միջոցառման ժամանակ Յովնան Սրբազանը կրթական ծրագրերի մասին խօսելիս ի մասնաւորի ասաց. «Ես գիտեմ, թե որքան դժվար է ֆինանսավորել կրթությունը։ Չպետք է լինի մեկ հայ ուսանող, որը համալսարանական կրթություն չստանա»։ ՀԱՀ-ին յատկացուած միջոցների շնորհիւ հնարաւոր է լինում բարձրակարգ դասախօսների հրաւիրել, նոր կրթական ծրագրեր ստեղծել, ինչպէս՝ ռազմավարական կառավարման մագիստրոսը, ճարտարագիտական բակալավրիատը և այլ։
ՀԵՐՐԻ ԴԵՄԻՐՃԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
2023 թ. սեպտեմբերին յայտարարուեց դոկտոր Հարրի Դեմիրճեանի յիշատակի կրթաթոշակային մնայուն (Endowment) հիմնադրամի ստեղծման մասին։ Հրաւիրուած երեկոյի ժամանակ նշուեց, որ աւելի քան 850 հազար դոլարի նուիրատուութին է կատարւում համալսարանական ուսանողներին աջակցելու համար, ըստ բարերարի ցանկութեան: Հայկական ժառանգութեան հետ խորը կապ ունեցող դոկտոր Հերրի Դեմիրճեանն իր այս քայլով մնայուն դեր կ’ունենայ հայկական կրթութեանն ու մշակոյթին աջակցելու առաքելութեան մէջ։ Այս տարի առաջին անգամ կրթաթոշակը աջակցել է 7 շահառուների ընդհանուր 12 հազար դոլար կրթաթոշակով։
Նմանաբնոյթ մէկ այլ ծրագիր է Թորգոմ Փոստաճեանի յիշատակի կրթաթոշակային հիմնադրամը, որ ստեղծուել է՝ երիտասարդութեան մէջ աջակցելու հայ մշակոյթի ու լեզուի պահպանման մէջ առանցքային դեր ունեցած անհատին։
Արեւմտեան թեմից ներս գործող՝ արդիական ծրագրեր ունեցող կրթական հարթակ է «Յոյս» հիմնադրամը։ Այն նպատակ ունի զօրացնելու եւ ճանապարհը հարթելու հայ լուսաւոր մտքերին՝ գերազանց կրթութեան միջոցով, իրենց արդիական ներուժը Հայաստանին և հայութեանը կապելու միջոցով։
Հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակներ մի շարք ոլորտների համար, այդ թւում՝ հայագիտական, ճարտարագիտական, Ջոն Յարութիւնեանի անուան, STEM կրթաթոշակ։ Դրանք շնորհւում են գիտութեան, ճարտարագիտութեան, մաթեմատիկայի կամ յարակից ոլորտների ծրագրում սովորող գիտնականներին, որոնք կարող են նպաստել Հայաստանի անվտանգութեանն ու տնտեսական ճկունութեան ամրապնդմանը:
ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃԵԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ
Արեւմտեան թեմի կրթական ծրագրերի մի մեծ բաժին շարունակւում է Հայաստանում։ Սկսած 2012 թուականից Արեւմտեան թեմը, գլխաւոր բարերարներ Ջերալդ եւ Փաթրիսիա Թրբանճեանների հովանաւորութեամբ, լիովին նորոգեցին եւ վերականգնեցին Հառիճավանքին կից պատմական ընծայարանի լսարանական ու ննջարանային մասնաշէնքերը, արդի բոլոր պահանջներին համապաստասխան։ Այդպիսով Հառիճավանքի Թրբանճեան ընծայարանը բոլորովին նոր կարգավիճակով, պատանիներին մատուցում է որակեալ կրթութիւն, հոգեւոր բաղադրիչով, եւ շրջանաւարտները հնարաւորութիւն են ունենում իրենց հոգեւոր բարձր կրթութիւնը շարունակելու Մար Աթոռի բուհական հաստատութիւններում։ Այսօր Ընծայարանը Արեւմտեան թեմի եւ անձամբ Առաջնորդ Սրբազանի մշտական ուշադրութեան կենտրոնում է, Հայաստան կատարած իր այցելութիւնների ժամանակ Յովնան Արքեպիսկոպոսը բազմիցս է այցելել ընծայարան, որ, դատելով արձագանքներից, ուրախալի առիթ եւ մեծ իրադարձութիւն է սաների եւ տեսչութեան համար։
Այս առիթով տեղին է յիշել Առաջնորդ Սրբազանի խօսքը, որ բնութագրական է կրթական ծրագրերում Արեւմտեան թեմի ընդգրկուելու տեսակէտից. «Կրթութիւնն այն միակ արժէքն է, որը կարող է դիմակայել ցանկացած տնտեսական կամ քաղաքական ցնցումների, այն յոյսի փարոսն է, որը կարող է առաջնորդել մեզ փոթորկի միջով: Բարձր կրթուած, պրոֆեսիոնալ, նորարար և մրցունակ երիտասարդ մտքերը կը ձևաւորեն Հայաստանի և հայկական սփիւռքի ապագան»։
Դիւան Առաջնորդարանի
7 Հոկտեմբերի, 2024