Բժիշկները  խորհուրդ են տուել Արթուր Թովմասեանին հրաժարուել Ազգային ժողովի նախագահի պաշտօնից

Բժիշկները խորհուրդ են տուել Արթուր Թովմասեանին հրաժարուել Ազգային ժողովի նախագահի պաշտօնից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 յուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքեան իր էջում գրառում է կատարել ԱՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսեանը:

«Արցախում ներքաղաքական «ճգնաժամի» կամ նոյնիսկ ,,իշխանափոխութեան,, մասին տարածուած եւ ծաւալուող ինսինուացիաներին վերջ տալու համար տեղեկացնում եմ, որ վայրկաններ առաջ եմ աւարտել Արթուր Թովմասեանի հետ հեռախօսազրոյցս։ Պարոն Թովմասեանը առողջութեան հետ կապուած լուրջ խնդիրներ ունի, յուլիսի 21-ին նրա մօտ ախտորոշուել է գերճնշումային կրիզ։ Նա հետազօտուել է Ստեփանակերտում։ Արդիւնքները փոխանցուել են Երեւան։ Ներկայում նա գտնւում է բժիշկների հսկողութեան ներքոյ, որոնք խորհուրդ են տուել առողջութեանը սպառնացող հնարաւոր բարդացումներից խուսափելու համար հրաժարուել Ազգային ժողովի նախագահի պաշտօնից։ Եթէ բժշկակական նախնական եզրակացութիւնը հաստատուի, պարոն Թովմասեանն առնուազն մէկ տարի չպէտք է իրեն ծանրաբեռնի մտաւոր աշխատանքով։

Պարոն Թովմասեանը խնդրեց փոխանցել, որ շարունակում է մնալ նախագահ Արայիկ Յարութիւնեանի քաղաքական թիմի անդամ, հրաժարականի ու յետագայ համախոհ գործունէութեան պատրաստակամութեան մասին տեղեկացրել է նրան եւ արժանացել լիակատար փոխըմբռնման։ Առողջութիւն մաղթենք Արթուր Թովմասեանին, Արցախին՝ քաղաքական համերաշխութիւն եւ տոկունութիւն՝ յաղթահարելու ծանրագոյն փորձութիւնը եւ վերադառնալու բնականոն կեանքի։Հ․Գ․ Ընկերներիս եւ լրատուամիջոցներին խնդրում եմ տարածել։ Դրանով օգնած կը լինենք Արթուր Թովմասեանին եւ, իհարկէ, Արցախին», — նշւում է գրառման մէջ։

Share