Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը եւ վտանգը

Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը եւ վտանգը

Վարդան Օսկանեանը իր ֆէյսբուքի էջում անդրադարձել է մի շարք հարցերի: Ամբողջութեամբ ներկայացնում ենք իր ելոյթը:

Ուզում եմ խօսել մեր առաջ ծառացած վտանգների մասին։ Այդ վտանգները շօշափելի են, մեծ են եւ առնչուելու են բոլորիս։

Որովհետեւ ժամանակը արագ է անցնում եւ սերունդներ են փոխւում, նախ՝ անհրաժեշտ է յիշեցնել, ուր էինք եւ ուր ենք այսօր։

Մինչեւ 2008 թուականը՝ իմ նախարարութեան տասը տարիները, եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ ոք հերքել չի կարող։ Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք յուսալի դաշնակիցներ եւ՛ արեւմուտքում, եւ՛ արեւելքում, իսկ Հայաստանն իր յստակ տեղն ու դերն է ունեցել տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականութեան մէջ։

Ռուսաստանի հետ ունեցել ենք դաշնակցային յուսալի յարաբերութիւն, Իրանի հետ կառուցել ենք գազամուղ, Վրաստանի հետ խորացրել ենք համագործակցութիւնը, Միացեալ Նահանգների հետ կնքել եւ մինչեւ մեր իշխանութեան աւարտը իրականացրել ենք «Հազարամեակի մարտահրաւէրներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխօսութիւն, Ադրբեջանի հետ ունեցել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եւրոպայի խորհրդի անդամ, խորացրել ենք յարաբերութիւնը ԵՄ-ի հետ, Հայաստանում իրականացրել ենք ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններ։
Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները եղել են իրենց բարձունքի վրայ։ Քըրք Քրքորեանն իրականացրել է 300 միլիոն դոլարի զարգացման ծրագրեր։ Գաֆեսճեանը բարեկարգել է Կասկադը, Էռնեկեանը կառուցել օդանաւակայանը եւ այսպէս շարունակ։ Տնտեսութիւնը վեց տարի շարունակ ունեցել է երկնիշ աճ, եղել են զգալի արտաքին ներդրումներ, արտագաղթն իջել է զրոյի։ Բառացիօրէն։ 2006-ին մեկնողների եւ ժամանողների միջեւ բալանսը Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ դրական էր։
Հիմա գանք այսօրուայ իրավիճակին։

Օրուայ իշխանութիւնը ժողովրդի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նուաստացուցիչ, հազարաւոր զոհերով ծանր պարտութիւն, կորցրել ենք Արցախը, Ադրբեջանը մխրճուել է Հայաստանի տարածք։ Չունենք յուսալի որեւէ դաշնակից կամ բարեկամ։ Արտաքին քաղաքական դաշտում որեւէ երկիր Հայաստանին լուրջ չի վերաբերւում։ Տնտեսական ժամանակաւոր ակտիւութիւնը կարճաժամկէտ հետեւանք է ռուս-ուկրաինական պատերազմի, չունենք ոչ մի օտարերկրեայ ներդրում եւ տնտեսական քաղաքականութիւն, ինչն անխուսափելիօրէն բերելու է տնտեսական կոլապսի։ Սփիւռքի հետ ունենք նուազագոյն յարաբերութիւններ, ներսում հասարակութիւնը երբեւէ այսքան պառակտուած չի եղել, իշխանութիւնների հանդէպ երբեք այսքան արհամարհանք չի եղել։

Ինչու ես իմ խօսքը սկսեցի վտանգներից։ Սրանք պարզապէս փաստէրի արձանագրում չէն։ Այս ամէնից յետոյ մեր առաջ դեռ կանգնած են ահռելի վտանգներ, որոնք ներկայ իշխանութեան անկարողութեան հետեւանքով աւելի են խորացնելու Հայաստանի խոցելիութիւնը։

Ինչ է տեղի ունենում եւ տեղի ունենալու, եթէ չունենանք դիւանագիտական գոնէ մինիմալ կարողութիւններով օժտուած իշխանութիւն։

Սահմանազատման քօղի տակ կորցնելու ենք լրացուցիչ տարածքներ՝ առնուազն անկլաւների տեսքով, Հայաստանի սահմանները փոփոխուելու են։ Սահմանադրութիւնը փոփոխուելու է՝ թուրքական կողմի պահանջով։ Արցախից մէկընդմիշտ հրաժարուել ենք, Մինսկի խումբը լուծարուելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են, միջազգային դատարաններից Հայաստանի իրաւական պահանջները հետ են քաշուելու, 300 հազար ադրբեջանցի գալու է Հայաստան, եւ ամենավտանգաւորը՝ Սիւնիքից մի հատուած տրուելու է Ադրբեջանին։

Այս վերջին վտանգը առաւել ակնյայտ է դառնում որոշ մարդկանց Մեղրիի թեմայի շահարկմամբ։
Բարեբախտաբար, վերջերս Պետդէպի գաղտնազերծած փաստաթղթերը այդ մարդկանց կողմից Մեղրիի հարցի շահարկման նարատիւը ջախջախում են։ Այդ շահարկողներն անընդհատ պնդել են, որ Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու հարցը եղել է Քոչարեանի առաջարկը հայր Ալիեւին։ Մինչդեռ հրապարակուած փաստաթղթերը ուղղակի ապացուցում են, որ 99 թուականին այդ առաջարկը եղել է Ալիեւի կողմից, եւ դրա վկաներից եմ եղել ես։
Երբ Քոչարեանը Ժնեւում բանակցութիւններին ներկայ գտնուող ինձ եւ Վազգէն Սարգսեանին ասաց, որ Ալիեւը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք այս պատմութեան ամենակարեւոր փաստը, որ հայր Ալիեւը պատրաստ է հրաժարուել Արցախից։ Դա էր հիմնական մեսիջը։ Մենք գիտեինք, որ Մեղրի չենք տալու, բայց կարող ենք օգտուել Ալիեւի՝ Արցախը զիջելու պատրաստակամութիւնից։ Յենց դա էլ յաջողութեամբ արեցինք 1,5 տարի բանակցելու արդիւնքում Քի Վեսթում։ Այնտեղ Մինսկի խմբի փաստաթղթով արձանագրուեց, որ Արցախը Լաչինով տրւում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով վերգէտնեայ էստակադայով կապ էր ունենալու Նախիջեւանի հետ։

Քոչարեանը, Վազգէն Սարգսեանը եւ ես առնուազն պէտք է լինէինք դիւանագիտական անմեղսունակ, որ արհամարհեինք Ալիեւի՝ Արցախը զիջելու ցանկութիւնը եւ աղբաման նետեինք թեկուզեւ բանաւոր նրա առաջարկութիւնը, ինչպէս Փաշինեանը, դիւանագիտական անմեղսունակութիւն ցուցաբերելով, 2018-ին աղբաման նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդեան փաստաթուղթը, որի առանցքային ձեռքբերումը Արցախի ինքնորոշման իրաւունքի ամրագրումն էր, եւ սկսեց իր զրոյական կէտից։

Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ Մեղրիի թեման շահարկողներն առնուազն լռէն, քանի որ դա անելով՝ մեր գլխին կախուած Մեղրին կամ Սիւնիքի մի հատուածը կորցնելու վտանգը առաւել ռեալ են դարձնում։
Դիւանագիտութիւնից ու արտաքին քաղաքականութիւնից չհասկացողներին փորձեմ բացատրել։ Պետդէպի փաստաթղթերի առաւել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապէս ուժեղացնում են Հայաստանի բանակցային դիրքերը, Ադրբեջանին որեւէ տարածք, միջանցք կամ նոյնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում։ Ադրբեջանը պատրաստ է եղել Արցախը փոխանակել Նախիջեւանի հետ կապով, Փաշինեանը Արցախը յանձնել է Ադրբեջանին, եւ Ադրբեջանը բանակցային խաղաքարտ չունի՝ միջանցք կամ նոյնիսկ ճանապարհ պահանջելու։
Խնդիրը ու Հայաստանի վրայ կախուած վտանգը, սակայն, այն է, որ դիւանագիտական կարողութիւններ չունեցող, Հայաստանը միջազգային հարթակում զրոյական գործոն դարձրած Փաշինեանը չի կարողանայ նոյնիսկ սա ձեւակերպել եւ բանակցել։

Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը եւ վտանգը։ Մենք այսօր ունենք մի իշխանութիւն, որն արդէն տուել է Արցախը, կարող է տալ նաեւ Սիւնիքից մի հատուած։

Share