Լոռու եւ Տաւուշի մարզերում աղէտի հետեւանքով կայ 3 զոհ, տարհանուել է 190 մարդ, փրկուել` 75-ը. ՆԳՆ

Լոռու եւ Տաւուշի մարզերում աղէտի հետեւանքով կայ 3 զոհ, տարհանուել է 190 մարդ, փրկուել` 75-ը. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարութիւնը յայտնում է, որ ըստ օպերատիւ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրութեամբ որոնողափրկարարական եւ անյետաձգելի վթարաւերականգնողական աշխատանքները շարունակւում են, որոնց արդիւնքում փրկարարների եւ ներգրաւուած այլ ուժերի միջոցով Լոռու եւ Տաւուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանուել է 190 մարդ, փրկուել` 75-ը․ մասնաւորապէս՝ 223 Լոռու մարզում եւ 42 Տաւուշում:

«Աղետի գոտում կայ երեք զոհ։ Սանահինի կամրջի մօտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզուած քաղաքացու դի: Պտղաւան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարեւանութեամբ գէտից դուրս է բերուել Յաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Աւագ Աւագեանի դին։ Շնող գիւղի մօտակայքում գէտից դուրս է բերուել Սարիբեկ Բալեանի (1985 թ․) դին: 

Տաւուշի մարզում փլուզուել է 2 կամուրջ, վնասուել՝ 1-ը, փլուզուել են 3 բնակելի տուն, ջրալցուել՝ 45 տուն, 2 հիւրանոց, 18 հասարակական եւ այլ նշանակութեան օբյեկտներ։

Տաւուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրաւուել է 25 միաւոր ինժեներական տեխնիկայ (20 ինքնաթափ եւ 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գէտի վարարման հետեւանքով Մ6 աւտօճանապարհի Վանաձոր-Ալաւերդի հատուածի 31-րդ կմ-ը հեղեղուել է, եւ մօտ 50 մ երկարութեամբ հատուածը փլուզուել է, վնասուել են գէտի վրայով անցնող 3 կամուրջներ եւ տարբեր նշանակութեան 70 շէնք-շինութիւններ։

Լոռի մարզի մի շարք բնակավայրերի մօտեցման ուղիները, մասնաւորապէս՝ կամուրջները վնասուել կամ յայտնուել են ջրի տակ, սակայն դէպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրանքային ճանապարհներ, եւ հնարաւորութիւն կայ առաջին անհրաժեշտութեան պարագաներ հասցնելու համար։ Այդ աշխատանքներին ներգրաւուած են նաեւ փրկարարները, որոնք անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գէտանցման միջոցով։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսեանի գլխաւորութեամբ Լոռու մարզի Ալաւերդի քաղաքում տեղի է ունեցել օպերատիւ շտաբի խորհրդակցութիւն: Մասնակցել են շտաբի պետ, Փրկարար ծառայութեան տնօրէն-ներքին գործերի նախարարի տեղակալը, Լոռու մարզպետը, մարզային փրկարարական վարչութեան պետն ու այլ պաշտօնատար անձինք։

Ըստ Ճանապարհային դէպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին յորդորւում է դէպի Վրաստանի սահման ուղեւորուելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարայ-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գիւմրի-ՀՀ սահման միջպետական աւտօճանապարհներով։

Ստեղծուած իրավիճակով պայմանաւորուած՝ փակ են Վանաձոր–Ալաւերդի–Այրում–Բագրատաշէն եւ Դիլիջան–Իջեւան երթուղիները»,- նշւում է հաղորդագրութիւնում:

Share