Դիւանագէտների համահայկական խորհուրդը յայտարարութիւն է տարածել, որում նշուած է․ «Երեկ եւ այսօր որպէս դիւանագիտական մեծ ձեռքբերում ներկայացուած սահմանազատման եւ սահմանագծման այսպէս կոչուած գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անուէրապահ կատարում։ Չնայած իշխանութիւնների կողմից թմբկահարուող անյօդաբաշխ արձանագրումներին, արդէն կասկածից վեր է, որ այս հակաիրաւական գործընթացը լրջագոյն հարուած է Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնիշխանութեանը։
Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է, որ գործընթացի շրջանակներում ստեղծւում է ոչ թէ նոր սահման, այլ վերականգնւում է գոյութիւն ունեցող սահմանը՝ համաձայն Ալմայ Աթայի հռչակագրի։ Եւս մէկ անգամ հարկ ենք համարում նշել, որ վերջինս չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման եւ սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որեւէ քարտէզային նկարագիր։ Փոխարէնը, օրուայ իշխանութիւնները յամառօրէն շարունակում են անտեսել միակ իրաւական հիմք ունեցող երկու գործընթացները.
Առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետութիւնների Գերագոյն խորհուրդների որոշումներով վաւերացուած քարտէզն է,
Երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների հիման վրայ երկու խորհրդային հանրապետութիւնների միջեւ ձեւաւորուած յանձնաժողովների կատարած աշխատանքների եւ վերջնական ճշգրտումների աւարտին ստորագրուած 182 արձանագրութիւնները՝ մանրամասն նկարագրերով։ Դրա արդիւնքում փաստացի սահմանագծուել է հայ-ադրբեջանական 975 կմ երկայնքով ողջ սահմանը (ներառեալ Նախիջեւանը)։ Արձանագրութիւնների բնօրինակն ի պահ է յանձնուել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գեոդէզիայի եւ քարտէզագրութեան ինստիտուտին եւ մէկական օրինակ ուղարկուել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ Գերագոյն խորհուրդներին։ Արձանագրութիւնների հիման վրայ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հսկողութեամբ 1988 թ. հրատարկուել է պաշտօնական քարտէզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին։
Այս ապօրինի գործընթացի արդիւնքում Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթէ դրան գումարւում են ներկայումս Ադրբեջանի փաստացի վերահսկողութեան տակ գտնուող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքներն, ապա միայն այս հատուածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք։
Դիւանագէտների համահայկական խորհուրդը խստագոյնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացուած գիշերային կապիտուլեացիոն գործարքը եւ ահազանգում է, որ նման կործանարար գործընթացի շարունակութեան պարագայում Հայաստանի Հանրապետութիւնը կրելու է կենսական եւ ռազմավարական նշանակութեան նոր կորուստներ։ Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատուութիւնն ընկնում է ներկայիս վարչախմբի՝ այդ թւում յանձնաժողովի հայկական կողմի վրայ։
16 մայիսի, 2024 թ.
ք. Երեւան»։