Սիւնիքով կոմունիկացիաների համաձայնութեան Երեւանի սաբոտաժը դժուար է հասկանալ․ Լաւրով

Սիւնիքով կոմունիկացիաների համաձայնութեան Երեւանի սաբոտաժը դժուար է հասկանալ․ Լաւրով

«Ազատութեան» հաղորդման համաձայն Ռուսաստանի արտգործնախարարն ուղիղ տեքստով Երեւանին մեղադրել է Սիւնիքով անցնող հաղորդակցութիւնների հարցով պայմանաւորուածութիւնները «սաբոտաժի» ենթարկելու մէջ՝ նշելով, թէ այն դժուար է հասկանալ:

«Մենք կողմ ենք խաղաղութեան պայմանագրի շուտափոյթ ստորագրմանը եւ կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցաւօք, ինչ վերաբերում է Հայաստանի Սիւնիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հէնց հայկական ղեկավարութիւնն է սաբոտաժի ենթարկում համաձայնութիւնը, որի տակ կայ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ստորագրութիւնը։ Դժուար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», – ասել է Սերգեյ Լաւրովը ռուսաստանեան «Առաջին ալիք» հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում։

Նա պնդել է, որ եռակողմ հանդիպումների եւ փաստաթղթերի շրջանակում դրուած հիմքն ամբողջովին պահպանում է իր ակտուալութիւնը, բայց ոչ մի բառ չի ասել եռակողմ փաստաթղթերի միւս բոլոր կէտէրը պահպանելու կամ չպահպանելու մասին։

Ռուսաստանեան «Առաջին ալիք» հեռուստաընկերութեանը Լաւրովի տուած հարցազրոյցի հէնց այս հատուածն է ՌԴ ԱԳՆ-ը հրապարակել իր կայքէջում:

Շաբաթներ առաջ յայտնի դարձաւ, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկուող խաղաղութեան պայմանագրի նախագծից հանուել է: Այդուհանդերձ, Բաքւում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների այսօրուայ բանակցութիւններից առաջ ռուսական պետական ТАСС լրատուական գործակալութիւնը յայտնել, որ քննարկման օրակարգում է նաեւ տարածաշրջանում կապերի ապաշրջափակումը` հիմնուած 2020-2022 համաձայնագրերի վրայ։

Share