Կան շարունակաբար տարուող աշխատանքներ գերիների ազատ արձակման ուղղութեամբ, ցաւօք դրանք արդիւնք չէն տուել, ինչը եւս մէկ վկայութիւն է, թէ որքան ցանկալի են Ադրբեջանի իշխանութիւնների համար Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչները: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակեանը։
«Արցախի ինքնորոշման իրաւունքի կործանումը եղել եւ շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականութեան շրջանակում: Կան, իհարկէ, գործընթացներ, որի շրջանակում կարող ենք սպասումներ ձեւաւորել, որ այս անձինք կարող ենայ զատ արջակուել: Կան մեծ սպասումներ COP29-ի համատեքստում, որն ունի մարդու իրաւունքների առանցքային բաղադրիչ: Իրատեսական մօտեցման պարագայում մենք կանխատեսում չունենք ղեկավարութեան ազատ արձակում, սակայն չենք բացառում այլ կատէգորիայի պատանդների ազատ արձակում: Օրինակ, 2023-ի պատերազմի ռազմագերիները, որոնք կարող են մարդասիրական ժեստի ֆոնին ազատ արձակուել:
Զուգահեռաբար աշխատանքներ են տարւում իրաւական համակարգում, կայ գործերից որոշներում ակտիւ կոմունիկացիայ ՄԻԵԴ-ի միջոցով Ադրբեջանի կառավարութեան հետ, սակայն դրանք եւս եզրափակուած գործընթացներ չէն: Ուստի պէտք է դեռ սպասել»,-ասաց նա:
Սահակեանի խօսքով, աշխատանքի ուղղութիւնը այս ժամանակահատուածում պէտք է լինի դիւանագիտական քաղաքականը: Դրան միտուած քայլերից մէկը նաեւ Մարդու իրաւունքների խորհրդի այս նստաշրջանում խնդիրը բարձրաձայնելն է:
Ինչ վերաբերում է Բաքւում Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարութեան դատաւարութեանը, Սիրանուշ Սահակեանն ասաց, որ որեւէ արդարացնող դատական ակտ Ադրբեջանի ներկայ պատմութեան մէջ չի կայացուել եւ չի կարող կայացուել հայերի նկատմամբ. «Անկախ այդ գործերի փաստական հիմնաւորուածութիւնից Ադրբեջանի դատարանները քաղաքական պատուէրի հիման վրայ վաւերացնում են դատախազութեան ներկայացրած մեղադրանքները: Դրանք ձեւուած, կարուած են քաղաքական պատուէրի շրջանակում: Մենք տեսնում ենք, որ բանաւոր կերպով քաղաքական պատուէր է տրւում նախագահի, ԱԳ նախարարի մակարդակով, որին յաջորդում է իրաւապահ համակարգի յայտարարութիւնը, որ նրանք բացայայտել են յանցագործութիւններ՝ կապուած հայերի կողմից տարաբնոյթ յանցագործութիւնների հետ: Սա ցոյց է տալիս, որ ձեւաւորւում է այդ քաղաքական պատուէրը եւ իրաւապահ համակարգը սպասարկում է: Նման սպասարկող ֆունկցիայ Ադրբեջանում իրականացնում են դատարանները: Բոլոր միջազգային գնահատումները՝ անկախ կառոյցների կողմից բարձրաձայնում են հեռախօսային արդարադատութիւնը, քաղաքական պատուէրով դատական ակտէրի կայացումը: Ադրբեջանը քաղբանտարկեալների թուով աշխարհում առաջատարների շարքում է»,- յայտարարեց Սահակեանը:
Նա ընդգծեց, որ մեր պայքարի իրկան հարթակը միջազգային ատեաններն են. «Կան միջպետական եւ անյատական գանգատներ ՄԻԵԴ-ում: Բոլոր այն գործերը, որոնք միջպետական գանգատի շրջանակներում են ներկայացուել, դրանք անյատական գործընթացներով բարձրաձայնուել են ՄԱԿ-ի մարդու իրաւունքների հարցերով զբաղուող մեխանիզմներում»: