«alikonline.ir» — ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր շաբաթական հերթական մամլոյ ասուլիսի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ը սխալ հաշւարկ կատարած կը լինէր յոյսեր կապելով Իրանի վերջին ժամանակների հակաիրանական բնոյթի ներքին զարգացումների հնարաւոր դրական ապագային, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նասեր Քանանին, մասնաւորապէս, հերքել է ԱՄՆ-ի որոշ պաշտօնեաների կատարած յայտարարութիւնները՝ Կիեւում իրանական ուժերի ներկայութեան վերաբերեալ:
«Իրանը հերքում է ուկրայինական պատերազմին իրանական ուժերի ներկայութեան մասին լուրերը եւ այդ տեղեկութիւնները դիտարկում է պատերազմական, մասնաւորապէս՝ տեղեկատւական պատերազմի գործողութիւնների համատեքստում, որոնք ուղղւած են նաեւ Իրանի դէմ»,- նշել է նա:
Տարածաշրջանի աշխարհաքաղաքկան քարտէզի փոփոխութեան անթոյլատրելութեան՝ Իրանի սկզբունքային քաղաքականութեանն, եւ մասնաւորապէս, Արաքս գետի մերձակայքում Իրանի Իսլ. պահակազօրի վերջերս կատարած զօրավարժութեան նկատմամբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտօնեայի հակազդող բնոյթի յայտարարութեանն անդրադառնալով, Նասեր Քանանին նշել է, որ «այդ զօրավարժութիւնները եղել են նախօրօք ծրագրւած»:
«Այդ զօրավարժութիւններն եղել են նախօրօք ծրագրւած եւ ընթացել են ըստ Զինւած Ուժերի զօրավարժութիւնների նախկին գրաֆիկի եւ ինչպէս բազմիցս յայտարարել ենք, Իրանի տարածաշրջանային զօրավարժութիւնները ուղղւած չեն հարեւան երկրների կառավարութիւնների դէմ, այլ, ընդհակառակը՝ հարեւանները կարեւոր են մեզ համար, մասնաւորապէս, կարեւորում ենք հարեւանների հետ յարաբերութիւնների ընդլայնումը եւ համատեղ սահմանների անձեռմխելիութիւնը, որոնք Իրանի համար ունեն նաեւ ռազմավարական բնոյթ»,- նշել է նա:
Անդրադառնալով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման հարցին, Քանանին նշել է. «Հարեւան երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանները անհրաժեշտ է լինեն բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխանակման սահմաններ, փոխադարձ եւ ընդհանուր շահերի հիման վրայ: Անհրաժեշտ է ապահովեն երկու երկրների շահերը եւ առեւտրատնտեսական ու քաղաքական համագործակցութեան հնարաւորութիւնների իրացման առիթ դառնան, ինչպէս նաեւ՝ լինեն համատեղ համագործակցութեան հիմքը, ընդհանուր սահմաններին խաղաղութիւն եւ կայունութիւն ստեղծելու եւ տարածաշրջանային համագործակցութեան իրացման ուղղութեամբ»:
Նասեր Քանանին նշել է, որ Իրանը բազմիցս յայտարարել է տարածաշրջանում արտաքին ուժերի տեղակայումը չի նպաստում տարածաշրջանային խաղաղութեանն ու կայունութեանը եւ արտաքին ուժերը ներխուժելով այս տարածաշրջան ձգտում են սեփական պլանների կեանքի կոչման, հետեւաբար, Իրանը դէմ է արտաքին ուժերի ներկայութեանն ու չի հանդուրժելու, մասնաւորապէս, եւրոպական ուժերի ներկայութիւնը համատեղ սահմաններին. «այն մեր կարմիր գծերից է»,- շեշտել է նա: