ԱԺ «Պատիւ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցութիւնները հանդէս են եկել նախաձեռնութեամբ՝ ԱԺ հրատապ նիստ գումարելու. Հարցը վերաբերում է նրան, որ ԱԺ-ն յայտարարութիւն ունի Բաքւում գտնուող ռազմագերիների եւ պատանդառուած անձանց ազատ արձակման կոչով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:
Նա տեղեկացրեց, որ հուանաբար, այդ նիստը տեղի կ’ունենայ նոյեմբերի 12-ին:
«Դրանից զատ, վաղը՝ ժամը 14.00-ին, ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնութեամբ տեղի կ’ունենայ բողոքի ակցիայ ՄԱԿ-ի գրասենեակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաեւ ԱԳՆ-ի դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպութիւներին եւ COP-29-ին մասնակցող պատուիրակներին՝ հանդէս գալ նոյն կոչով եւ ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրայ, որ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիներին»,-ասաց նա:
Սաղաթելեանն ընդգծեց, որ աշխարհում այս հարցով կայ օրակարգ, տարբեր խորհրդարանականներ, կառավարութիւններ, միջազգային իրաւունքի կազմակերպութիւններ նման կոչով հանես են եկել. «Եթէ Հայաստանում չլինի նման կոչ, տարօրինակ կը լինի։ Ուզում ենք ցոյց տալ, որ հանրութիւնը պահանջում է»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելեանը կարծում է, որ COP-29-ին հայաստանի մասնակցութեան նախապայման պէտք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը:
«Շատ յստակ, Հայաստանից չի կարող պատուիրակութիւն մասնակցել Ալիեւի նախաձեռնած, այսպէս կոչուած, միջազգային շոուին, եթէ դեռ մենք Բաքւում ունենք ռազմագերիներ եւ պատանդառուած անձինք»,- ասաց նա:
«Աեօ, ՀՀ հիմնական եւ գլխաւոր նախապայմաններից մէկը պէտք է լինի դա, իսկ այդ պահանջը բաւարարելուց յետոյ էլ, եթէ մասնակցէն, շատ կարեւոր է, որ բաքւում բարձրաձայնէն այն մնացած խնդիրները, որ կան, գոյութիւն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիայի, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանութեան մասին, ինչպէս նաեւ այն մասին, որ Ադրբեջանի զօրքերը գտնւում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Եթէ այս պահանջներից հրաժարուելով ՀՀ-ն մասնակցում է COP-29-ին, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում եղած էթնիկ զտումը»,-ասաց նա: