Վահէ Սարգսեան
Վերջ… Բաքուն դրեց Փաշինեանի «խաղաղութեան (իմա՝ մահուան) դարաշրջանի» տապանաքարը Մինչ օրս «խաղաղութեան պայմանագրի» գլխաւոր նախապայմաններից էր ՀՀ գոյութեան հիմք Անկախութեան հռչակագրի չէզոքացումը ՀՀ Սահմանադրութիւնից, միջանցքի նուաճումը Սիւնիք-Վայոց ձորի մարզերի տարածքով, եւ այլն:
Երեկ արդէն Բաքուն Ալիեւի եւ իշխանութեան խօսափող ՀԸ-ի միջոցով պաշտօնականացրեց ամենասպասուած ու կործանարար պահանջներից գլխաւորը. Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը խօսելով վերադարձի իրաւունքի մասին՝ Ալիեւը յայտարարել է, որ այդ իրաւունքը պէտք է ապահւուի փոխադարձաբար, այդ թւում՝ «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար:
Միաժամանակ՝ իշխանական ՀԸ-ի միջոցով Բաքուն ազդարարել է, որ ՀՀ Սահմանադրութեան մէջ պէտք է կատարել, այսպէս կոչուած, «արեւմտեան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչուող 2 փոփոխութիւն: Առաջին՝ «արեւմտեան ադրբեջանցիների» անվտանգութեան ապահւում՝ օտարերկրեայ միջնորդական առաքելութեան երաշխաւորութեամբ։ Հայստանում պէտք է տեղակայուէն զինուած ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահութիւն: Երկրորդ՝ «արեւմտեան ադրբեջանցիների» ադրբեջաներէնով կրթութեան իրաւունքի ապահւում։
Սա նշանակում է, որ Փաշինեանի խոստացած «խաղաղութիւնը» կարող է հաստատուել միայն այն ժամանակ, երբ, բացի Սահմանադրութեան փոփոխումից եւ Հռչակագրից հրաժարումից (իմայ՝ ՀՀ վերացումից), միջանցքի կորզումից եւ այլնից, ՀՀ տարածք վերադառնան մի քանի հարիւր հազար կովկասեան թաթարները (ադրբեջանցիները), եւ նրանց անվտանգութիւնն ապահովէն ՀՀ-ում տեղակայուած Թուրքիայի զինուած ուժերը:
Բնականաբար՝ այդ զանգուածի ունեցուածքի ու կրած վնասների փոխհատուցման, ռազմատուգանքների, ռեպարացիաների հարցը յաւելեալ կդրուի, եւ այդ առթիւ այժմ շրջանառւում է 100 մլրդ դոլար թիւը:
Եւ այս ամէնից յետոյ եթէ ՀՀ պետութիւնը ֆորմալ առումով պահպանուի, ապա դա միմիայն մի բանի համար, որ հայ ժողովուրդը տքնաջան աշխատի ու վճարի թուրք-ադրբեջանական տանդէմին այնքան ժամանակ, որքան այդ վասալը կցանկանայ:
Ի դէպ, Բաքուն այս օրերին զարմանալիօրէն այլեւս չի խօսում «անկլաւների», այն է՝ Տիգրանաշենի ու Տաւուշի երկու հսկայ տարածքների վերադարձի եւ «Սիւնիքի միջանցքի» մասին: Սա մի բան է գուժում, խնդիրը (յատկապէս՝ «անկլաւների» հարցը) «լուծուած է», մնում է տեխնիկապէս դրանք յանձնել Ադրբեջանին, եւ հաւանաբար այդ յանձնարարութեան կատարման վրայ էլ այս օրերին աշխատում է Փաշինեանի խմբակը:
Եւ այս «մահուան տեսիլը» ներկայացւում է իբրեւ խաղաղութեան օրակարգ…