Դաւիթ Իշխանեանի ելոյթը ԱԺ արտահերթ նստաշրջանում

Դաւիթ Իշխանեանի ելոյթը ԱԺ արտահերթ նստաշրջանում

Ամէն գնով շարունակելու ենք պայքարը՝ հանուն Արցախի պետականութեան պահպանման ու հզօրացման
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դաւիթ Իշխանեանի ելոյթը ԱԺ արտահերթ նստաշրջանում

Մեծարգոյ պարոն Նախագահ

Յարգելի գործընկերներ, ներկաներ

Իրավիճակը եւ պայմանները խիստ արտասովոր են. ընկալելի չի լինի եթէ հանդէս գամ ծրագրային ելոյթով: Ժամանակի թելադրանքը այնպիսին է, որ առօրեայ խնդիրների լուծումը դարձել է հրամայական, սակայն պէտք է ի մտի ունենալ՝ վճռորոշը նպատակն է ու տեսլականը:

Նախեվառաջ իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում մեր երկրի համար այս ծանր օրերին պատասխանատու նման պաշտօնում իմ թեկնածութիւնը առաջադրելու համար: Բոլորս խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչ թէ դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացւում: Նախկինում եւս Արցախի խորհրդարանի ղեկավարը խորհրդարանում ներկայացուած մեծամասնութիւն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչ չի եղել, այն ժամանակ էլ որոշ հանգամանքներ նման որոշում կայացնելու պատճառ են դարձել: Սակայն համոզուած եմ, որ այս պարագայում, երբ երկրի վիճակն օրհասական է, նման որոշման ընկալումը հանուն միասնութեան ու որոշումները համախոհութեամբ իրականացնելու շատ աւելի ընդունելի կը լինի: Դիւրին չէր նաեւ որոշում կայացնելու գործընթացը:

Պատասխանատու այս պաշտօնը պարտաւորեցնող է, ժամանակն ու կացութիւնը առաւել եւս:

Ազգային ժողովին ԱՀ Սահմանադրութեամբ տրւում է առաջին հերթին օրէնսդիր գործունեութեամբ զբաղուելու լիազօրութիւն, սակայն միաժամանակ համակարգային առումով Ազգային ժողովը օրէնքով օժտուած այն կարեւորագոյն հարթակն է, որ ժողովրդի կամքն է ներկայացնում եւ որտեղ պէտք է տեղի ունենան մտքերի բախումներ՝ տարբեր տեսակէտների ազատ արտայայտման վայր հանդիսանալով բոլոր քաղաքական ուժերի եւ խմբաւորումների համար: Այդ առումով, Ազգային ժողովն իր քաղաքական ներկայացուցչական դերը պէտք է բարձրացնի: Ազգային ժողովի հարթակում է, որ պէտք է ստեղծուի քաղաքական մտքի բախման հնարաւորութիւնը եւ կայանայ պետական-քաղաքական որոշումների բիւրեղացման պրոցեսը: Այս գործընթացից զերծ չպէտք է մնան նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, որոնց մէջ կան առողջ եւ գիտակից քաղաքական մօտեցումներ ունեցող գործիչներ: Քանի որ պահի թելադրանքն է համախմբել քաղաքական բոլոր առողջ ուժերը՝ բռունցքուելու համար որպէս իր ճակատագրի տէր վճռակամ արցախահայութիւն:

Ազգային ժողովը մեր պետութիւնը ներկայացնող համապետական ընտրութիւնների միջոցով ձեւաւորուող երկու սիւներից մէկն է: Նախագահական ինստիտուտը եւ Ազգային ժողովը այն երկու մարմիններն են, որոնք օրէնքի իրաւունքով լիազօրուած են խօսել ժողովրդի անունից: Զարմանալի չէն ներքին եւ արտաքին ուժերի կողմից այն հարուածները, որոնց նպատակը պետական ամենակարեւոր այդ երկու ինստիտուտների քայքայումն է: Դա առաւել նկատելի է դարձել 2020 թուականի 44 օրեայ պատերազմից յետոյ: Յենց այս դիտանկիւնից պէտք է նայել թշնամի պետութեան՝ Ադրբեջանի նախագահի յորջորջանքը այս երկու պետական հիմնասիւների կազմաքանդման ուղղութեամբ: Չպէտք է անտեսել նաեւ ներքին տարրերի միջոցով Ազգային ժողովի դերի նուազեցմանը ու վարկաբեկմանն ուղղուած քայլերը: Հանուն պետականութեան պահպանման պարտաւոր ենք տեղի չտալ եւ առաւել ամրապնդել սահմանադրական իրաւունքով օժտուած ժողովրդաընտիր այս պետական կառոյցը:

Յուրաքանչիւր պետական կառոյց մէզ համար անվտանգային համակարգի մի բաղադրիչ է: Ազգային ժողովը այդ համակարգի հիմնական յենասիւններից մէկն է: Մեր անվտանգային ներկայ համակարգը մէզանից պահանջում է նոր մօտեցումներ ու ռեսուրսներ: ԱՀ եւ նրա ժողովրդի անվտանգային համակարգի հիմնական երաշխիք ՊԲ-ի պահպանումը, զարգացումն ու զօրացումը շատ դէպքերում կախուած է հէնց այն օրէնսդրական դաշտից, որին միտուած է մեր գործունէութիւնը: Ազգ-բանակ հայեցակարգի կենսունակութիւնը, կամայ թէ ակամայ, պայմանաւորուած է ԱԺ- հասարակութիւն կապի եւ դրանից ծնունդ առած օրէնքների ընդունումով:

Խորհրդարանների ընթացիկ պարտականութիւններին զուգահեռ համաշխարհային բեմահարթակում կարեւոր դերակատարութիւն է տրւում խորհրդարանական դիւանագիտութեանը: Պետք է արձանագրել, որ նախապատերազմեան վերջին տասը տարիներին այդ ուղղութեամբ կատարուել են զգալի աշխատանքներ, ձեւաւորուել են բարեկամական խմբեր, կապեր են հաստատուել տարբեր երկրների պատգամաւորների հետ, Արցախի խորհրդարանի պատգամաւորները բազմաթիւ այցելութիւններ են ունեցել արտասահմանեան երկրներ: Անցած տասնամեակների մեր պատմութեան մէջ կարեւոր երեւոյթ էր 2019թ. ԱՀ բարձրագոյն իշխանութիւնների, ՀՅԴ Բիւրոյի, աշխարհասփիւռ կառոյցի եւ ՀՅԴ Հայ դատի գրասենեակների ջանքերով Ստեփանակերտում կազմակերպուած Արցախի բարեկամների ֆորում-համաժողովը, որին մաս էին կազմում տարբեր երկրների խորհրդարանականներ եւ քաղաքական գործիչներ: Այդ մասնակիցներից եւ բազմահարիւր այլ բարեկամներով կազմուած ցանցը այժմ եւս առկայ է: Մեր ծանր առօրեան եւ երբեմն նաեւ անճարակութեան զգացումը պատճառ է դարձել, որ հետպատերազմեան շրջանում անտեսուի այդ զինանոցի առկայութիւնը:

Մեր առաջկայ քայլերի մէջ, անշուշտ, կարեւորուելու է այդ ցանցը վերականգնելու եւ նրա հետ աշխոյժ քաղաքական աշխատանքներ տանելու գործընթացը:

Սակայն հարցերի հարցը Արցախ-Հայաստան յարաբերութիւններն են, իսկ մեր պարագայում միջխորհրդարանական համագործակցութեան խնդիրը: Իմ եւ յատկապէս մեր խմբակցութեան անունից բազմիցս հարց է բարձրացուել ՀՀ-ի հետ միջխորհրդարանական յարաբերութիւնների վերականգնման անհրաժեշտութեան մասին: Համոզուած եմ, որ շրջափակման պայմաններում ներկայ տեխնիկական միջոցների առկայութեամբ կարելի է լուծել նաեւ այս հարցը: Ձեր վստահութեան քուէն ստանալով, մենք այդ ուղղութեամբ պարտաւորուած ենք լինելու յստակ քայլեր անել: Մեր քաղաքական կեցուածքը պէտք է ուղղուած լինի կամուրջներ կառուցելուն, խուսափելով ապակառուցողական դրսեւորումներից:

Շատէրի մօտ ձեւաւորուել է կարծիք, որ ՀՀ-ն իր ձեռքերը լուացել է Արցախից: Իշխող են դառնում այն տեսակէտները, թէ մենք պէտք է այլ ուղիներ ու գործընկերներ փնտրենք: Ուզում եմ այս պատասխանատու ամբիոնից վերահաստատել եւ վստահեցնել, որ մեր բոլոր ջանքերը ուղղուած են լինելու 1988-ին որդեգրած ազգային ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձեւաւորուած կարեւոր ռազմավարական նպատակի իրացմանը: Մնացած բոլոր քայլերն ու ծրագրերը պէտք է դիտարկել մարտավարական քայլեր:

Հաւատացեք, քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարուածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին, արձանագրելի է հետեւեալը. ոչինչ չի աւարտուել:

Արցախեան պայքարը 30 տարի շարունակ եղել է այն առանցքը, որի շուրջ համախմբուել են համահայկական բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայեացքներից եւ անձնական նկատառումներից: Մեր ներազգային համերաշխութիւնը ձեւաւորուել է եռամիասնութեան սկզբունքի հիման վրայ: Տագնապալից այս օրերին անհրաժեշտութիւն է վերակագնել այդ եռամիասնութիւնը: Համոզուած եմ, որ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը հնարաւորութիւն եւ ներուժ ունի այդ կարեւոր առաքելութեանը նոր շունչ ու եռանդ հաղորդելու:

Այս կարեւոր, հայրենանուէր պարտականութեան մէջ մեծ դեր է վերապահուած Հայ առաքելական եկեղեցուն: Եկեղեցին մեր ժողովրդի ճգնաժամային օրերին միշտ կարողացել է ստանձնել ազգապահպան իր առաքելութիւնը: Փոթորկալից օրերին եկեղեցին է եղել այն փրկօղակը, որին կառչելով կարողացել ենք յաղթահարել բազում մարտահրաւէրներ: Ես վստահ եմ, որ ինչպէսեւ անցեալում, այօրուայ մեր մարտահրաւէրների յաղթայարման գործում ու ժողովրդին համախմբելու առաքելութեան մէջ պետութիւն-եկեղեցի համագործակցութիւնը եւ համախորհուրդ քայլերը կարեւորագոյն դեր կ’ունենան հոգեբանական այս իրավիճակից դուրս գալու համար:

Յարգելի´ գործընկերներ

Անկախ Արցախի պետականութեան կէտրման առաջին իսկ օրերից, շնորհիւ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչեանի, հիմք է դրուել բարոյականութեան սկզբունքների վրայ հիմնուած քաղաքականութեամբ պետականութիւն կերտելուն:

ԱՀ նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտօնը զբաղեցնելու առաջարկը եւ քաղաքական գործընկերների յորդորը ստանալուց յետոյ, առաջին հերթին հէնց այդ մտատանջութեամբ եմ տառապել՝ արդեօ՞ք կը կարողանամ պահպանել Արթուր Մկրտչեանի սահմանած բարոյական արժէքների նշաձողը: Մի բան յստակ է՝ միայնակ դժուար է լինելու, միգուցէ անկարելի, իսկ միասին հնարաւոր:

Արցախի պետութիւնը կերտուել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի արդիւնքում: Այդ ուղղութեամբ վերջին 35 տարիներին մեր ժողովրդի զաւակները չէն խնայել ոչ մի բան: Արիւնով, քրտինքով, բազում զոհաբերութիւնների գնով մեր հաւաքական իրաւունքին տէր կանգնելու կամքը պէտք է մնա անդրդուելի եւ աննկուն: Պայքարի ոգին այսօր թեւածում է Արցախում: Արցախում բնակուող իւրաքանչիւր անհատ՝ դպրոցական մանուկից մինչեւ զառամեալ ծերունի, դիմադրութիւն ցուցաբերելով թշնամու օրէցօր սաստկացող ճնշումներին, կարողանում է պահպանել իր քոյրերի եւ եղբայրների, հայրերի եւ պապերի կերտած պետութիւնը:

Հրաշքների չսպասեք, մեր իրականութիւնը այնպիսին է, որ առանց մեր մասնակցութեան հրաշքներ չէն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մէզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն հրաշքներ գործելու պատրաստակամութեամբ ու պատասխանատուութեամբ իւրաքանչիւրս լծուէնք մեր գործին:

Իմ խոնարհումն ու յարգանքը մատուցելով իւրաքանչիւր քաղաքացու՝ այս բարձր ամբիոնից մէկ անգամ եւս ուզում եմ յայտարարել՝ ամէն գնով շարունակելու ենք պայքարը՝ հանուն Արցախի պետականութեան պահպանման ու հզօրացման:

Շնորհակալութիւն

07.08.2023

Share