«Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանն այս պահին Ստեփանակերտում է, դուրս գալու մասին տեղեկութիւն չունեմ»,- «Oragir.News»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի բնակիչ Արա Պուլուզեանը։
«Պարոն Իշխանեանին այսօր մի պահ հանդիպել եմ Ազգային ժողովի շէնքում։ Դուրս գալու մասին, որեւէ բան չենք խօսել, ներկայ պահին դուրս գալուց խօսելու տրամադրութիւն չկայ»,- ասաց Արա Պուլուզեանը։
Ճշտող հարցին՝ արդեօք տեղեա՞կ է, նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Արայիկ Յարութիւնեանը Արցախո՞ւմ են, թէ՞ դուրս են եկել, ՀՅԴ գործիչն ասաց, որեւէ տեղեկութիւն չունի, բայց արդէն 3 օր է չի հանդիպել նրանց. «Ես իրենց չեմ տեսել այսօր, երէկ էլ չեմ տեսել, անցած օրն էլ չեմ տեսել։ Ես իրենց հետ ընդհանրապէս չեմ շփւում»։
Հարցին՝ արդեօք կա՞ն արցախցիներ, որ հրաժարւում են դուրս գալ, Արա Պուլուզեանը պատասխանեց․ «Ես չեմ հանդիպել, բայց վստահաբար կը լինէն։ Օրինակ՝ մի պառաւ բաբօ է շէնում մնացել, թուրքերն արդէն այդ գիւղում են։ Ասացին՝ տեսանիւթ էլ կայ․․․»։
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին թշնամի Ադրբեջանի զինւած ուժերը լայնամասշտաբ յարձակում է գործել Արցախի Հանրապետութեան վրայ ինչի հետեւանքով հարիւրաւոր զոհեր եւ վիրաւորներ կան։ Հազարաւոր քաղաքացիներ տեղափոխւել են Հայաստան, այժմ կազմակերպւում է Արցախում գտնւող միւս քաղաքացիների տարհանումը։
Մամուլը գրեց, որ Սամուէլ Բաբայեանը տեղափոխւել է Հայաստան, իսկ Վիտալի Բալասանեանը յայտնել էր, որ դուրս չի գալու Արցախից։