Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ է ընտրուել ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Դաւիթ Իշխանեանը

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ է ընտրուել ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Դաւիթ Իշխանեանը

Օգօստոսի 7-ի առաւօտեան Ստեփանակերտում Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը հրաւիրել էր արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի նոր նախագահի եւ նախագահի ընտրութեան օրակարգով: Արդիւնքում Արցախի Ազգային Ժողովը ընտրեց ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Դաւիթ Իշխանեանին որպէս ԱԺ նոր նախագահ:

Լուրերի համաձայն Իշխանեանը միակ թեկնածուն է եղել, որի շուրջ Արցախի բոլոր քաղաքական ուժերի կողմից դրական համաձայնութիւն է եղել։ Փակ գաղտնի քուէարկութեան արդիւնքներով Դաւիթ Իշխանեանը հաւաքել է 22 կողմ, 9 դէմ ձայն։

ԱԺ նախագահի պաշտօնում Դաւիթ Իշխանեանին ընտրելու վերաբերեալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

ԱԺ նախագահի պաշտօնում Դաւիթ Իշխանեանի թեկնածութիւնն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցութիւնը։

Արցախի ԱԺ նախագահի պաշտօնը թափուր էր մնացել այն բանից յետոյ, երբ յուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը հրաժարական էր տուել։

Այս քայլը որոշակի քաղաքական վերադասաւորում է Արցախում, քանի որ իշխանութիւնը երկրի երկրորդ դիրքը զիջում է քաղաքական ընդդիմութեան։ նշելի է որ երեսուն երեք պատգամաւոր ունեցող խորհրդարանում՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը երեք պատգամաւոր ունեցող կուսակցութիւն է։

Կարեւոր է նաեւ նշել, որ Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան համաձայն Հանրապետութեան Նախագահի հնարաւոր հրաժարականի կամ նրա գործառոյթներն իրականացնելու անհնարինութեան դէպքում  Ազգային ժողովի նախագահը դառնում է նախագահի պաշտօնակատար։

Հաշուի առնելով, որ Հայաստանի իշխանութիւնները յստակօրէն լուացել են իրենց ձեռքերը Արցախից, իսկ ինքը՝ Փաշինեանը, յայտարարել է, որ Արցախը ճանաչում է որպէս Ադրբեջանի մաս, Արցախի խորհրդարանի դերը չափազանց մեծացել է։ Այս համատեքստում Իշխանեանի ընտրուելը խորհրդարանի նախագահի պաշտօնում  կարող է նպաստել Սփիւռքի կառոյցների աւելի ակտիւացմանն ու համակարգմանը միջազգային ասպարէզներում Արցախի հարցով աշխատելու համար, քանի որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ Իշխանեանի կուսակցութիւնը, միայն համաշխարհային հայկական կազմակերպութիւն, որն ունի ակտիւ կառոյցներ Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում:

Դաւիթ Իշխանեանը ծնուել է 1968 թուականին Արցախի Մարտունու շրջանի Աշան գիւղում։ Մասնագիտութեամբ մանկավարժ, նա աւարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմաիրաւական ֆակուլտետը եւ 1995-2000 թուականներին աշխատել է որպէս Աշանի միջնակարգ դպրոցի տնօրէն:

Իշխանեանը մասնակցել է Արցախեան ազատամարտին՝ սկզբում ուսանողական ջոկատի կազմում, իսկ յետոյ՝ ԼՂՀ պաշտպանութեան բանակում՝ որպէս Մարտունու շրջանի 28-րդ գումարտակի հրամանատար։ Իշխանեանն ընտրուել է ԼՂՀ Գերագոյն խորհրդի (Խորհրդարանի) առաջին գումարման պատգամաւոր 1991-1995 թուականներին։

Իշխանեանի պարքևատրուել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով եւ «Մխիթար Գոշ» մեդալով։

Իշխանեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ է 1989 թուականից։ 2007 թուականին ընտրուել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի նախագահ, իսկ 2022 թուականին կազմակերպութեան համաշխարհային գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ։

Իշխանեանը վերջին անգամ ընտրուել է Արցախի խորհրդարանի պատգամաւոր 2020 թուականի մարտին։

Նա ամուսնացած է եւ ունի երեք երեխայ:

Share