Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինեանը ներկայացրեց «խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ նրա, տարածաշրջանում հաղորդակցութիւնների ապաշրջափակումը կեանգեցնի ոչ միայն Հարաւային Կովկասում խաղաղութեան հաստատմանը, այլեւ Հայաստանը կուերածի ենթակառուցուածքային նախագծերի խաչմերուկի։ Այս պատկերացումների համաձայն, դրանք ներառում են ոչ միայն երկաթուղային եւ աւտօմոբիլային հաղորդակցութիւն, այլեւ էներգէտիկ հաղորդակցութիւն: Սակայն տուեալ տեսլականը հեռու է տարածաշրջանում իրական կոնֆիգուրացիայից։
Արդեօ՞ք Հայաստանը կը դառնայ տարածաշրջանային խաչմերուկ։Հարաւային Կովկասի տարածաշրջանում այսօր օրակարգում են տրանսպորտային, լոգիստիկ մի քանի նախագծեր։ Դրանք կարելի է բաժանել երկու պայմանական խմբի․ միջօրեականներ, որոնք անցնում են ուղղահայեաց եւ զուգահեռականներ, որոնք անցնում են հորիզոնական։Առաջին խմբում են «Հիւսիս-Հարաւը» եւ «Պարսից ծոց-Սեւ ծովը»։ Միջազգային «Հիւսիս-Հարաւ» տրանսպորտային միջանցքը պէտք է Իրանի միջոցով կապի Ռուսաստանը Հնդկաստանի հետ։ Այս երթուղու հիմնական հաղորդակցութիւններն անցնում են Ադրբեջանի, Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի պետութիւնների տարածքով: Հայաստանը փաստացի դուրս է մնացել այս նախագծից, քանի որ բացակայում է երկաթուղային հաղորդակցութիւնը Իրանի եւ Ռուսաստանի հետ, ինչպէս նաեւ պատրաստ չէ աւտօմոբիլային հատուածը։ Այս համատեքստում Ադրբեջանն ունի ակնյայտ առաւելութիւն. իրանական Ռեշտ-Աստարայ հատուածի կառուցումից յետոյ Բենդեր-Աբաս նաւահանգստից բեռը ուղիղ երկաթուղով Ադրբեջանի տարածքով կը հասնի Ռուսաստան: «Պարսից ծոց-Սեւ ծով» նախագիծը պէտք է Հնդկաստանը կապի Եւրոպայի հետ Իրան-Հայաստան-Վրաստան երթուղով։ Բեռների Առաքումն արագացնելու համար Հնդկաստանը մասնակցում է իրանական Չաբահար նաւահանգստի արդիականացմանը, որը պէտք է կարեւոր հանգոյց դառնայ այս նախագծում: Իրականում Հայաստանն այս նախագծին մասնակցութեան երկու հնարաւոր ձեւաչափ ունի․ Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահման որակեալ աւտօմոբիլային ճանապարհի կառուցում կամ Իրան-Նախիջեւան-Երեւան-Փոթի երկաթուղու հատուածի միացում: Առաջին դէպքում Հայաստանը 2020 թուականի պատերազմից յետոյ Գորիս-Կապան ճանապարհի մի հատուածը յանձնել է Ադրբեջանին եւ այժմ կառուցում է այլընտրանքային ճանապարհ, որը բաւականին անորակ է։ Երկրորդ դէպքում Գլխաւոր հանգոյցը կը լինի Նախիջեւանը։Երկրորդ խմբի մէջ են մտնում «Միջին միջանցքի» եւ «Զանգեզուրի միջանցքի» նախագծերը։ Առաջին նախագիծը, որը յայտնի է նաեւ որպէս Տրանսկասպեան միջազգային տրանսպորտային երթուղի (TRACECA), կոչուած է Եւրոպան Ասիայի հետ կապել Թուրքիայ-Վրաստան-Ադրբեջան երթուղով։ Այս երթուղու շրջանակներում գործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը շահագործման յանձնելուց 6 տարի անց բեռնուած է իր հնարաւորութիւնների 20%-ով: Երկրորդ նախագիծը՝ «Զանգեզուրի միջանցքը», առանցքային է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Այն առաջին հերթին քաղաքական նախագիծ է, այլ ոչ թէ տնտեսական։ Այս մասին բացեիբաց յայտարարել էր Թուրքիայի առաջնորդ Ռ. Էրդողանը դեռեւս 2021 թուականին: Իրականում տնտեսական նպատակայարմարութիւն չկայ, քանի որ այդ իմաստով այն կծառայեր որպէս լրացում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի երթուղու համար:Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսլականի համաձայն, «Զանգեզուրի միջանցքը» պէտք է անցնի Բաքու-Մեղրի-Նախիջեւան-Կարս երթուղով, այսինքն՝ այն Հայաստանով կանցնի միայն Սիւնիքի տարածքով: Անկարայի եւ Բաքուի յայտարարած ծրագրերից բացի, այս երթուղին ամրագրուած է նաեւ 2021 թուական «Շուշիի հռչակագրում»․«Կողմերը նշում են, որ Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնաւար Հանրապետութեան միջեւ Զանգեզուրի միջանցքի բացումը, որը կմիացնի Ադրբեջանն ու Թուրքիան, եւ Նախիջեւան-Կարս երկաթգծի կառուցումը կարեւոր ներդրում կ’ունենան երկու երկրների միջեւ տրանսպորտային-հաղորդակցական կապերի ակտիւացման գործում»։Այսինքն հաղորդակցութիւնների ապաշրջափակման դէպքում ուղղահայեաց եւ հորիզոնական երթուղիները հատուելու են Նախիջեւանում, որը դառնալու է խաչմերուկ։ Թուրքական ազդեցութեան գոտում գտնուող ադրբեջանական տարածքը դառնում է տարածաշրջանային գլխաւոր խաչմերուկը, որից կախուած է լինելու Հայաստանի եւ Իրանի երկաթուղային հաղորդակցութիւնը:
Կարո՞ղ է արդյօք խաղաղութեան խաչմերուկի նախագիծը բերել խաղաղութիւն:«Խաղաղութեան խաչմերուկ» եզրոյթի հիմքում ընկած է փոխադարձ տնտեսական կախուածութեան ստեղծումն ու յետագայում մի իրավիճակի ստեղծումը, երբ համագործակցելն ու պայմանաւորուելն աւելի ձեռնտու է, քան պատերազմելը։ Այլ կերպ ասած, եթէ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի միջոցով կոմունիկացիաներ ստանան եւ վերջինիս հանէն շրջափակումից, ապա կաճէն առեւտրային եւ տնտեսական կապերը, որոնք կը դառնան խաղաղութեան գրաւականը։Այնուամենանիւ, այս դիսկուրսում կան մի շարք հիմնարար սխալներ։ Նախ, նման նկատառումներով են առաջնորդւում լիբերալ ժողովրդավարութիւնները։ Դրանց թւին չի կարելի դասել ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան։ Օրինակ, թէ ինչպէս են նրանք նախընտրում ուժային լուծում տալ հարցերին, Լեռնային Ղարաբաղում իրականացուած էթնիկ զտումն է եւ դրան նախորդած իրադարձութիւնները։ Ինտէգրման” գրաւիչ պայմաններ առաջարկելու փոխարէն Ադրբեջանն անջատում էր էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը ձմռանը: Այս միջոցառման հետ մէկտեղ յետագայ շրջափակումը կոչուած էր կոտրելու Հայ բնակչութեան Արցախում բնակուելու կամքը եւ ստիպելու նրանց լքել իրենց հայրենի բնակավայրերը։Երկրորդ, Անկարան եւ Բաքուն իրենց առջեւ նպատակ չէն դնում զարգացնել համագործակցութիւնը Հայաստանի հետ։ Այդ մասին է վկայում Լեռնային Ղարաբաղի գրաւումից յետոյ Հայաստանի նկատմամբ երկու երկրների նորացուող օրակարգը՝ այսպէս կոչուած «անկլաւների» յանձնումը Ադրբեջանին, Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանի շրջանների բնակեցումը, Մեծամորի ատոմակայանի փակումը։ Խաղաղ գոյակցութեան նախապայմանների ցանկը կմեծանայ, քանի որ Հայաստանը կը կատարի նախնական պահանջները։ Յիշեցնեմ, որ յարաբերութիւնների կարգաւորման գլխաւոր պայմանը «ղարաբաղեան հարցի» լուծումն էր, սակայն այժմ օրակարգում են որակապէս նոր պահանջներ, որոնք նախկինում բանակցութիւնների առարկայ չէն եղել։Երրորդ, երկու երկրներում էլ շարունակւում է ռազմականացման գործընթացը։ Թուրքիան 150%-ով աւելացնում է ռազմական բիւջեն եւ հասցնում 40 մլրդ դոլարի, Ադրբեջանի ռազմական ծախսէրը եւս աւելանում են, եւ ոչ թէ կրճատւում։ Կողմերը պարբերաբար համատեղ լայնածաւալ զօրավարժութիւններ են անցկացնում Հայաստանի սահմանների մօտ։ Այս ակտիւութիւնը փոխկապակցուած է Բաքուից եւ Անկարայից բխող պաշտօնական դիսկուրսի հետ. հակամարտութիւններն ուժային լուծում ունեն։Չորրորդ, երկու երկրներն էլ «Արեւմտեան Ադրբեջանի» մասին նարատիւ են կառուցում։ Ըստ Բաքուի պատկերացումների այն ընդգրկում է ժամանակակից Հայաստանի ողջ տարածքը։ Այս համատեքստում շարունակւում է հայկական տեղանունների, հիդրոնիմների եւ այլ անուանումների ադրբեջանական տարբերակով փոփոխութիւնը։ Միեւնոյն ժամանակ, շարունակում է ակտիւօրէն գործել «Արեւմտեան Ադրբեջանի» համայնքը, որը պաշտօնական աջակցութիւն է ստանում պետութեան կողմից: Նման հասարակական-քաղաքական ենթակառուցուածքների զարգացումը վկայում է Անկարայի եւ Բաքուի էքսպանսիոնիստական մտադրութիւնների մասին։Այս ցուցանիշների հաւաքականութեան մէջ մենք կարող ենք եզրակացնել, որ եթէ Հայաստանը չընդունի Ադրբեջանի եւ Թուրքիայի օրակարգը, վերջիններս ունեն բաւարար քաղաքական կամք եւ միջոցներ ուժային ճնշում գործադրել՝ Երեւանին հարկադրելու համար։ Այլ կերպ ասած, խաղաղութիւնը հնարաւոր է Հայաստանի միակողմանի զիջումների շարունակման հիման վրայ, ինչը, բնականաբար, չի բխում Հայաստանի շահերից ։Այս առումով «Խաղաղութեան խաչմերուկ» կոնցեպտը տեղին չէ։ Խաչմերուկ է դառնալու Նախիջեւանը, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակելու են իրենց ծաւալապաշտական քաղաքականութիւնը՝ ուժային գործիքների կիրառմամբ։Այսպիսով, Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջարկը հաղորդակցութիւնների ապաշրջափակման մասին չի համապատասխանում Հայաստանի շահերին: Իր շահերն իրացնելու փոխարէն Հայաստանը կարող է յայտնուել Թուրքիայի ազդեցութեան տակ, ինչն անցանկալի է։ Այս համատեքստում առաւել շահեկան է թւում ուշադրութիւն դարձնել Իրանի եւ Ռուսաստանի հետ ուղղահայեաց հաղորդակցութիւններին, յատկապէս Հայաստանի հետ Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցութեան շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու Ռուսաստանի փորձերի համատեքստում: Հաշուի առնելով Ռուսաստանի եւ Իրանի որպէս Հայաստանի առանցքային առեւտրատնտեսական գործընկերների կարգավիճակը, դա շատ արդիական է։
Սերգեյ Մելքոնեան, ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող
Աղբիւր՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ