Գեղամ Մանուկեան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Աղմկահարոյց նախագծի շուրջ դիտարկումներս փոքր ինչ երկար են ստացուել, սակայն փորձել եմ չբաւարարուել ընդհանուր գնահատականներով ու անդրադարձել եմ այդ նախաձեռնութեան բոլոր՝ անվտանգային, օրէնսդրական, հոգեբանական, հասարակական վտանգներին։
Շրջանառութեան մէջ դրուած փաստաթղթի հիմնաւորման մէջ նշուած է՝ Օրենքի նախագծի ընդունումը պայմանաւորուած է ՀՀ կառավարութեան 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինուորական ծառայութիւն անցնելու գրաւչութիւնն ու շահագրգռուածութիւնը բարձրացնելու, արհեստաւարժ պայմանագրային զինուորական ծառայութեան զարգացման համար նախադրեալներ ստեղծելու, ( https://www.e-draft.am/projects/4679/justification )
1․Նախագծի այս հիմնաւորումը սխալ է, քանի որ 2021 թ.-ի օգոստոսին ՀՀ ԱԺ ներկայացուած ծրագրով ՀՀ Կառավարութիւնը խոստանում էր՝ «հաշուի առնելով զինուորական ծառայութեան զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարութիւնը ձգտելու է զինծառայութեան ժամկէտների կրճատմանը՝ ի հաշիւ պայմանագրային ծառայութեան աճի։ Սրանով Կառավարութիւնը խթանելու է զինուորական ծառայութեան շահադրդման թէ՛ նիւթական, եւ թէ՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»: ( https://www.gov.am/files/docs/4586.pdf ), էջ 25
Խոստումը վերաբերում էր զինծառայութեան ժամկէտի կրճատմանը եւ ոչ թէ առանձին անձանց համար ժամկէտների կրճատմանը։ Կառաւարութեան ծրագրի ներկայացման ժամանակ զինծառայութեան ժամկէտների կրճատում եզրոյթը իշխանական քարոզչամեքենան օգտագործում էր հանրութեանը մոլորեցնելու համար, թէ ՀՀ բոլոր զօրակոչային տարիքի անձանց ծառայութեան ժամկէտն է կրճատւում։
Ուշագրաւ է նաեւ, որ Կառաւարութեան ծրագրի այս հատուածը գրեթէ կրկնօրինակուած է ԱԺ ներկայացուած ՀՀ Կառաւարութեան 2017 թ.-ին ԱԺ ներկայցուած 2017-2022 թթ ծրագրից.
«…մինչեւ 2020 թուականի աւարտը՝ բարձրացնել զինուորական ծառայութեան գրաւչութիւնը, զինուած ուժերի արհեստաւարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հաւաքագրման շայաւէտ պայմաններ, յատկապէս կարեւորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինուորական ծառայութեանը զուգահեռ մարտական հերթապահութեան մէջ ընդգրկուելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան պատուէրով բարձրագոյն կրթութիւն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինուորական ծառայութեան իրականացումը, ինչպէս նաեւ շարունակել զինուած ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսէր հրամանատարական օղակում արհեստաւարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձեւաւորել պահեստազօրի պատրաստութեան արդիւնաւետ համակարգ՝ որպէս զինուած ուժերի համալրման առանցքային ուղղութիւններից մէկը…»: ( https://www.gov.am/files/docs/2207.pdf )
Նախագծի հիմնաւորումների բաժնի՝ Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները հատուածում ներկայացւում է դեռ 2018-ի յունուարին, ձմեռային զօրակիչի ընթացքում կեանք ստացած «Ազգ-Բանակ» հայեցակարգի շրջանակներում «Ես եմ» ծրագրի չեղարկման մասին։ «Ես եմ» ծրագրի անունը չյիշատակելով՝ Պաշտպանութեան նախարարութիւնը նշում է, որ դրա հիման վրայ «Զինուորական ծառայութեան եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրէնքով ներդրուած Պաշտպանութեան նախարարութեան կողմից նշուած ծառայութեան վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինուորական ծառայութիւն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսեայ ժամկէտով շարքային կազմի պարտադիր զինուորական ծառայութեան անցման մասին»։
Յիշեցնենք՝ «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկէտային զինծառայութեան ենթակայ քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում էր պայմանագիր, ըստ որի՝ ծառայութեան ժամկէտ է սահմանւում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պէտք է լինի ուսումնական զօրամասում։ Յաջորդ 2,5 տարուայ ընթացքում զինծառայողը յաջորդաբար պէտք է անցկացներ մարտական դիրքերում (2 շաբաթ), զօրամասում (1 շաբաթ) եւ արձակման մէջ (1 շաբաթ)։ 3 տարին լրանալուց յետոյ, երբ զինծառայողը զօրացրւում է, նրան տրամադրւում է 5 միլիոն դրամ պատուովճար, որը նա կարող էր օգտագործել միայն բնակարան գնելու կամ ուսման վարձի կամ գիւղատնտեսական գործունէութիւն իրականացնելու նպատակով։
Երկար-բարակ գրառումից յետոյ այս Նախագծում նշւում է, թէ ծրագրի շայառուներն ամէն տարի նուազել են ու հիմա միայն երեքն են, որոնք զօրացրուելու են 2023 թուականին։ Յատկանշական է մէկ դրուագ հիմնաւորումում՝ «Բացի այդ, 2020 թուականի ռազմական գործողութիւններից յետոյ բաւական թուով զինծառայողներ վաղաժամկէտ հրաժարուեցին ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինուորական ծառայութեան 24-ամսեայ ժամկէտը լրացած լինելու հիմքով արձակուեցին զինուորական ծառայութիւնից: Ներկայումս ծրագրով զինուորական ծառայութիւնը շարունակում են ընդամէնը երեք զինծառայող, որոնց ծառայութեան 36-ամսեայ ժամկէտն աւարտւում է 2023 թուականի յունուարին»։ ( https://www.e-draft.am/projects/4679/justification )։
Փաստօրէն՝ կրկին պատերազմը։
Յիշեցնենք, որ դեռ 2018 յունուարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարել էր, որ բանակի մարտունակութեան բարձրացման նպատակով ընդունուել է 7-ամեայ զարգացման ծրագիր, որի մշակման մասին յայտարարել էր դեռ 2017 թ. հոկտեմբերի 24-ին
( https://www.president.am/…/President-Serzh-Sargsyan…/… )։
Այն, որ «Ես եմ» , «Պատիւ ունեմ» 2018-ից սկսեալ ՀՀ ՊՆ եւ ՀՀ իշխանութիւնների կողմից անտեսել են, չէն քարոզուել, գրաւիչ չէն դարձուել, ակնառու է ու դրա մասին բազմիցս է խօսուել։
Ընդհանրապէս, 2017 թուականից յայտարարուած «Ազգ-բանակ» հայեցակարգն այս իշխանութիւնների կողմից ի սկզբան անտեսուեց, աւելին՝ այն սուիններով էր ընդունուել այսօր իշխանութեան բարձրագոյն ատեաններում եղածներից շատերի կողմից։ Բերեմ մի քանի օրինակ.
-«Ազգ-բանակի շուրջ կառուցուող իդիլիան փլուզուեց»։ 2017 թուականի նոյեմբերի 8-ին գրառել է Փաշինեանն իր էջում ( https://m.facebook.com/nikol…/posts/1931476713839381… ) ու տարածել էր իսկ խմբագրած թերթի իր իսկ գրած խմբագրականը՝ «Ազգ-բանակ, դասադուլ-հացադուլ, ցաւդ տանեմ-կեանքիդ մեռնեմ» վերնագրով ( https://armtimes.com/hy/article/124610… )։ Այն նվրիւած էր տարկէտման դէմ ուսանողական բողոքին, որի նախաձեռնողը Ռեստարթի անդամներն էին, որոնք յետոյ իշխանութիւնում զբաղեցրին տարբեր պաշտօններ, որոշները, օրէնքի փոփոխութիւնից օգտուելով, իբր գիտութեամբ զբաղուելու հիմքով, ծառայութեան չանցան ու նաեւ գիտութեամբ չզբաղուեցին։
Արդէն իշխանութեան գալուց յետոյ, 2018-ի մայիսի 21-ին Փաշինեանը նշել է.
«Եթէ մի տարուայ քարոզչութիւնից յետոյ որեւէ մէկը լաւ չի պատկերացնում, թէ ինչ է նշանակում «Ազգ-բանակը», նշանակում է ոչ մէկ չի պատկերացնում։ Սարգսեանն (ի նկատի ունի պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանին) իր դէմ է արել այդ յայտարարութիւնը։ Պատկերացնում եք, մի տարի մարդը խօսել է այդ մասին, եւ որեւէ մէկը չի լսել, կամ լսել, հնարաւոր չի եղել հասկանալ, թէ ինչէ ասում։ Կոչ եմ անում թատերականացուած կոչերից զերծ մնալ….. Ունենք կոնկրէտ օրէնք, որը գործում է, որը ունի կոնկրէտ դրոյթներ, դրա մի մասն էլ «Ես եմ» ծրագիրն է, իսկ «Ազգ-բանակը» որտե՞ղ է գրուած… Եթէ «Ազգ-բանակն» այն է, որ զինուորները հրամանով քուէարկէն, չի լինելու դա»:
Գրել էր Փաշինեանը։ Իսկ 2021թ.-ին արդէն հակառակը եղաւ։
«Ազգ-բանակ» կոնցեպտը, հասարակութեանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: Դա է պարզ լուծումը, պէտք չէ մարդկանց սովորեցնել»: Սա արդէն բանակի մոլի քննադատ, պարբերաբար«Ազգ-բանակ» կոնցեպտի դէմ հանդէս եկած ԱԽ ներկայիս քարտուղար Արմէն Գրիգորեանի խօսքերն են, ասուած «Ազատութիւն» ռադիօկայանի եթերում, 2018 թուականի մայիսի 20-ին։
Նրանից մէկ այլ մէջբերում՝ «Ես միշտ շատ վատ եմ վերաբերուել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզուած եմ, որ մեր հասարակութիւնը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առաւօտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չէն սիրում այս հայրենիքը, պէտք է իրենց սովորեցնել»,- նշել է նա:
Հակաքարոզչութեան նման օրինակների շարքն անվերջ է:
2․Նախագծով առաջարկուող 24 հազար դրամ «փրկագնի» չափի հաշուարկման հիմքը հետեւեալն է՝ «Նշուած գումարի չափը նախատեսուել է նաեւ այն տրամաբանութեամբ, որ մէկ պարտադիր զինծառայողի փոխարէն 5 տարի ժամկէտով հնարաւորութիւն է ընձեռնուելու պայմանագրային զինծառայողին հաշուարկել մինչեւ 400.000 դրամ ամսական վարձատրութիւն, ինչը արհեստաւարժ զինուորական ծառայութեան համակարգ ներդնելու մօտիւացիոն կարեւորագոյն բաղադրիչ է»:
Ստացւում է, որ, առաջարկութեան հեղինակների տրամաբանութեամբ, պարտադիր զինծառայութիւնից ազատուածի վճարած գումարի հաշուին 5 տարի շարունակ պայմանագրային ծառայութեան մէջ կը լինի ՀՀ մէկ այլ քաղաքացի։ Նոյն տրամաբանութեամբ, պարտադիր զինծառայութեան ամէն մի զօրակոչիկ իր փոխարէն կարող էր առաջարկել զօրակոչել այլ մէկին, պայմանով, որ ինքն է վճարելու նրա վարձատրութեան գումարը: Սա ամբողջովին խաթարում է ՀՀ քաղաքացու՝ Հայրենիքի պաշտպանութեան պարտաւորութեան առնցքային սկզբունքները:
3․Յիշեալ նախագիծը վտանգաւոր է նաեւ հանրային յարաբերութիւնների, ՀՀ Զինուած ուժերի նկատմամբ հասարակութեան վերաբերմունքում փոփոխութիւնների առումով։
Փողով պարտադիր զինծառայութիւնից ազատուելու մեխանիզմի արդիւնքում պարտադիր զինծառայութիւնը, Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելը դիտուելու է ոչ ունեւորների առաքելութիւն ու պարտականութիւն։ Իսկ մեծահարուստն ազատ է այդ պարտականութիւնից։
4․Նախագիծն իր մէջ պարունակում է նաեւ ՀՀ Սահմանադրութեան դրոյթների հետ հակասութիւններ։
ՀՀ Սահմանադրութեան 14-րդ յօդուածն ամրագրում է, որ երկրի պաշտպանութեանը մասնակցելը իւրաքանչիւրի պարտաւորութիւնն է՝ «3. Յուրաքանչիւր քաղաքացի պարտաւոր է օրէնքով սահմանուած կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեանը»:
Այս նախագծով արդէն իսկ պարտականութիւնը դառնում է ընտրողական ու ըստ ցանկութեան։
5․Գումարով պարտադիր զինծառայութիւնից ազատուելու հնարաւորութեան ներդրումը խտրականութիւն է պարտադիր զօրակոչի ենթակայ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
ՀՀ Սահմանադրութեան 29-րդ յօդուածով ամրագրուած է խտրականութեան արգելքը. «Խտրականութիւնը, կախուած սեռից, ռասայից, մաշկի գոյնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական յատկանիշներից, լեզուից, կրօնից, աշխարհայեացքից, քաղաքական կամ այլ հայեացքներից, ազգային փոքրամասնութեանը պատկանելութիւնից, գոյքային վիճակից, ծնունդից, հաշմանդամութիւնից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնոյթի այլ հանգամանքներից, արգելւում է»:
Այնինչ, ներկայացուած նախագծով սոցիալական անբարէնպաստ պայմաններով քաղաքացու նկատմամբ ցուցաբերւում է խտրական վերաբերմունք։
6․Նախագծում նշուած է, որ «Օրենքի նախագծի ընդունումն առաջիկայ հինգ տարիների պետական բիւջեներում լրացուցիչ ֆինանսական ծախսէրի անհրաժեշտութիւն չի առաջացնում»:
Այնինչ չկայ հաշուարկ, թէ քանի քաղաքացի պատրաստակամութիւն կը յայտնի գումարի դիմաց ազատուել պարտադիր ծառայութիւնից, որի վճարած գումարների հաշուին հնարաւորութիւն կստեղծուի (ինչպէս նշուած է նախագծում) պայմանագրային նոր զինծառայողների ընդգրկել ՀՀ Զինուած ուժերի շարքում։
7․Միաժամանակ, սահմանելով զինծառայողի պատրաստութեան ուսումնական փուլ, յստակ չի, թէ դա ինչպէս պէտք է անցնի՝ զօրամասո՞ւմ, ուսումնական զօրամասէրո՞ւմ, թե՞ այլ կերպ։
Եթէ ենթադրւում է ուսումնական զօրմասերում, ապա այդ ստորաբաժանումների համար ստեղծւում է լրացուցիչ բեռ, երբ պարտադիր զօրակոչի արդիւնքում, ըստ զինուած ուժերի տեսակների պահանջների, կատարւում է ուսումնական զօրմասերում նորակոչիկների բաշխում, յետագայում զինուած ուժերի առանձին ստորաբաժանումները համալրելու ծրագրի։ Այս նախագծի դրոյթների կեանքի կոչելու դէպքում, ուսումնական զօրմասէրից շատերն ուղղակի չէն համալրելու զինուած ուժերի կազմերը։ Արդիւնքում ունենալու ենք ուռճացուած ուսումնական զօրմասէր ու ծախսային նոր բեռ։
8․Նախագծով յստակ չէ, թէ որքան է նախատեսւում 24 միլիոն գումար վճարած անձանց պարտադիր ծառայութեան ժամկէտը։ Նշուած է միայն «միջինը՝ չորսուկէս ամիս»։ Ինչպե՞ս հասկանալ միջինացուածութիւնը։ Մեկը՝ երե՞ք ամիս, միւսը՝ հի՞նգ։ Չկայ յստակ եւ կոնկրէտ ժամկէտ։
9․Վերջապէս, պէտք է հաշուի առնել հանրային տրամադրութիւնները, ետպատերազմական վիճակը, հակառակորդ պետութեան ու դրա զինուած ուժերի կողմից պարբերական թիրախաւրումներն ու հասարակական անհանգստութիւնները։ Այն իր հետ բերելու է պարտադիր զինծառայութիւնից ամէն գնով ազատուելու անառողջ մթնոլորտ ու ստիպելու է որոշներին մտնել անասելի, իրենց համար շատ յաճախ անլուծելի ֆինանսական բեռի տակ, ամէն գնով պարտադիր զինծառայութիւնից ազատուելու համար։
10․Ի դէպ, նախագծում խօսք կայ նաեւ «Հայրենեաց պաշտպան» նոր ծրագրի գործարկման մասին, որը դեռ շատ խմորատիպ է, գաղափար ու իրաւական ընթացք չի ստացել։
11․Եւ վերջում, Կառաւարութեան՝ 2021 թուականին ԱԺ ներկայացրած ծրագրում խօսւում էր Զինուած ուժերի բարեփոխումների հայեցակարգի մասին։ Պարբերաբար այդ նախագծի մասին խօսուել է ԱԺ ամբիոնից։ Պաշտպանութեան յանձնաժողւում ընդդիմադիր պատգամաւորների հարցապնդումներին պատասխանուել է, թէ փաստաթուղթն արդէն պատրաստ է։
Սակայն 2022 թուականի փետրուարի 9-ին, ԱԺ ամբիոնից պաշտպանութեան նորանշական նախարար Սուրէն Պապիկեանը յայտարարեց. «Ես այդ աշխատանքով բաւարարուած չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդիւնքները առաջիկայում կամփոփուէն, այն գաղտնի չէ, հնարաւոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է»: Այդ յայտարարութիւնից անցել է արդէն եօթ ամիս, սակայն մինչ այժմ ռազմավարական փաստաթղթի մասին որեւէ յայտարարութիւն չկայ, ու շարունակւում են իշխանութեան քաղաքական շահերը սպասարկող օրէնսդրական կոսմէտիկ փոփոխութիւնները, որոնք, ինչպէս ակնյայտ է, ոչ ամենեւին ուղղուած են ՀՀ պաշտպանական համակարգի, Զինուած ուժերի բարեփախումներին»: