Սիրանուշ Սահակեանը վստահեցնում է` համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան` Ադրբեջանը ոչ միայն իր իրաւական պարտաւորութիւններն է խախտել, այլեւ քաղաքական յանձնառութիւնը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում ՄԱԿ–ի կողմից անցկացուելիք COP-29 գագաթնաժողովը կարող է Հայաստանի համար լաւ հարթակ դառնալ Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների մասին խօսելու համար։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակեանը` անդրադառնալով COP-29 գագաթնաժողովին Հայաստանի հնարաւոր մասնակցութեանը։
«Եթէ միջազգային հանրութիւնը միահամուռ կերպով չի բոյկոտում այդ միջոցառումը, ապա կարծում եմ, որ Հայաստանը եւս պէտք է ներկայացուած լինի ՄԱԿ–ի միջոցառմանը։ Հայաստանի մասնակցութիւնը կարեւորում եմ նրանով, որ յուզող հարցերը հնարաւոր է այնտեղ բարձրացնել։ Կարծում եմ` որոշակի կամք եւ խիզախութիւն է անհրաժեշտ, որպէսզի բարձրաձայնուէն հայ–ադրբեջանական փոխյարաբերութիւնների սուր հարցերը։ Նշեմ նաեւ, որ նմանատիպ միջոցառումների եւ գագաթնաժողովների ժամանակ միջազգային լրագրողները նաեւ հետաքննութիւններ են իրականացնում պետութեան ներգրաւուածութեամբ խախտումների վերաբերեալ։ Դրանք յետագայում կարող են դառնալ քննարկումների նիւթ»,– ասաց Սահակեանը։
Նա յոյս յայտնեց, որ եթէ Հայաստանը մասնակցի COP-29–ին, ապա Ադրբեջանը փորձեր չի անի մէզ համար կարեւոր թեմաների քննարկումները շեղել եւ միջոցառումը ծառայեցնել ի շահ իր երկրի։Խոսելով խաղաղութեան պայմանագրի մասին` իրաւապաշտպանը նշեց` գերիների խնդիրը պէտք է լուծուած լինի նախքան դրա ստորագրումը, կնքումը։«Այսինքն, գերիների վերադարձի հարցն այն նախապայմանն է, որը պէտք է փոխվստահութիւն ձեւաւորի կողմերի միջեւ, ինչն էլ կեանգեցնի խաղաղութեան օրակարգի վերահաստատմանը, ապա սա տրամաբանական է թւում։
Միջազգային կառոյցները մարդասիրական խնդիրներն այդ ձեւաչափում կարողանում են լուծել խաղաղութեան պայմանագրերի միջոցով։ Գերիների վերադարձի հարցի լուծումը պէտք է աւելի արագ լինի եւ հէնց դա է, որ կարող է կանխորոշել խաղաղութեան շուրջ յետագայ գործընթացները»,– նշեց Սահակեանը։
Իրաւապաշտպանը խօսեց նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի այն յայտարարութեան մասին, թէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակնկալուող խաղաղութեան պայմանագրում գերիների հարցը ներառուած չէ։ Սիմոնեանը նաեւ յիշեցրել էր, որ հայ գերիների ու պատանդների վերադարձի հարցը ներառուած է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ, որով Ռուսաստանը եւ Ադրբեջանը պարտաւորուել են լուծել այդ խնդիրը։«Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը ռազմագերիներին անազատութեան մէջ պահուող անձանց մասով, վերարտադրել է միջազգային իրաւունքում գոյութիւն ունեցող իրաւական պարտաւորութիւնը` սրան տալով նաեւ քաղաքական յանձնառութեան բնոյթ։ Այսինքն` Ադրբեջանը նաեւ քաղաքականապէս է ստանձնել այս հարցի լուծումը Հայաստանի եւ Ռուսաստանի առջեւ։ Կարծում եմ` փաստաթուղթն իր ուժը չի կորցրել` անկախ նրանից, թէ չկատարման առնչութեամբ ինչ մեղադրանքներ կան»,– ասաց Սահակեանը։Նրա խօսքով` ռազմագերիների վերադարձի հարցը մարդասիրական բնոյթի է, եռակողմ համաձայնագրում էլ որդեգրուած է եղել բոլորը բոլորի դիմաց սկզբունքը։ Ընդգծեց` Ադրբեջանը մինչ օրս մի քանի անգամ ոչ միայն իր իրաւական պարտաւորութիւններն է խախտել, այլեւ քաղաքական յանձնառութիւնը։Նշէնք, որ պաշտօնական տուեալների համաձայն` Բաքւում պահւում է 23 հայ ռազմագերի եւ պատանդ։
Նրանցից մի քանիսը դատապարտուել են, միւսները կալանաւորուած են։ Յիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կ’անցկացուի Կլիմայի փոփոխութեան մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնուենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։2023 թուականի դեկտեմբերին որպէս բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցութիւնն էր յայտնել այն հիւրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած յայտին եւ հանել իր թեկնածութիւնը, իսկ Ադրբեջանն իր աջակցութիւնն էր յայտնել Արեւելեան Եւրոպայի խմբի «COP»-ի բիւրոյին անդամակցելու համար առաջադրուած Հայաստանի թեկնածութեանը:Յունիսին վարչապետի մամուլի խօսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի` Բաքու մեկնելու եւ COP 29 ֆորումին մասնակցելու վերաբերեալ խօսակցութիւններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանաւորւում: