Կոնգրէսականները ՀՀ-ին եւ ԼՂ-ին մարդասիրական օգնութիւն տրամադրելու վերաբերեալ նախագիծ են ներկայացրել

Կոնգրէսականները ՀՀ-ին եւ ԼՂ-ին մարդասիրական օգնութիւն տրամադրելու վերաբերեալ նախագիծ են ներկայացրել

ԱՄՆ կոնգրէսական Փրենկ Փալոնը կոնգրէսականներ Դեյուիդ Վալադաոյի եւ Ադամ Շիֆի հետ հայերին պաշտպանելու եւ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնութիւն տրամադրելու վերաբերեալ նախագիծ են ներկայացրել Կոնգրեսին՝ ի պատասխան Ադրբեջանի կառավարութեան կողմից ձեռնարկուած դաժան եւ անարդար գործողութիւնների։

«Ադրբեջանի ագրեսիայի դէմ հայերի աջակցութեան մասին» օրէնքի նախագիծն ընդգրկում է համապատասխան եւ արագ գործողութիւնների շրջանակը, որոնք կարող են ձեռնարկուել ԱՄՆ վարչակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դէմ Ադրբեջանի անօրինական եւ չհրահրուած յարձակումներից յետոյ։ Դրանք են՝ կոչ անել բացել Լաչինի միջանցքը, մարդասիրական օգնութիւն տրամադրել հայ ժողովրդին, դադարեցնել Ազատութեանն աջակցութեան բանաձեւի 907-ի յօդուածի գործողութիւնը եւ ԱՄՆ-Հայաստան ապագայ գործընկերային յարաբերութիւնների համար ֆինանսաւորում յատկացնել:

«Արցախի հայ ժողովրդի դէմ նախագահ Ալիեւի ցեղասպան արշաւը չափազանց երկար է շարունակւում, եւ վաղուց ժամանակն է, որ Միացեալ Նահանգները բովանդակալից քայլեր ձեռնարկէն այն կասեցնելու համար: Այս օրէնսդրութիւնը առաջին մեծ քայլն է Ալիեւի վարչակարգի կատարած վայրագութունների դէմ պայքարելու եւ նրա ու նրա յանցակիցներին պատասխանատուութեան ենթարկելու համար։ Նախագիծը նաեւ կապահովի հակամարտութիւնից տուժած հայ ժողովրդին անհրաժեշտ օգնութիւն եւ անվտանգութիւն՝ իրենց հինաւուրց հայրենիքում ապահով ապրելու համար՝ չուախենալով Ադրբեջանի կառավարութեան կողմից բռնաճնշումից», — յայտարարել է կոնգրէսական Փալոնը։

Նախագիծը նախատեսում է 30 միլիոն դոլարի յատկացում 2020 թուականին 44-օրեայ պատերազմի, 2022 թուականի Հայաստանի դէմ սեպտեմբերեան ագրեսիայի եւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով տուժած խմբերին մարդասիրական օգնութիւն տրամադրելու համար:

Share