Կոնգրեսի հայկական յանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը եւ Նեւադայի կոնգրէսական Դինայ Տիտուսը միացել են Կոնգրեսի աւելի քան 45 անդամներից բաղկացած երկկուսակցական խմբին՝ կոչ անելով պէտքարտուղար Էնթօնի Բլինքենին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալութեան ղեկավար Սամանտայ Փաուերին՝ Արցախի` վտանգի տակ գտնուող հայ բնակչութեանն աջակցելու նպատակով անյապաղ քայլեր ձեռնարկել՝ զգալի ռեսուրսներ յատկացնելով:
Ինչպէս յայտնում են ԱՄՆ Հայ դատի յանձնախմբից՝ կոնգրէսականները նամակն ուղղել են Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման 31-ամեակի առիթով:
Նամակն ուղղած կոնգրէսականների թւում են Նանետ Բարագանը, Թոնի Կարդէնասը, Անդրէ Կարսոնը, Ջուդի Չուն, Քեթրին Քլարկը, Ջիմ Կոստան, Ջեյսոն Քրոուն եւ մի խումբ այլ կոնգրէսականներ:
«Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել ծանր դժուարութիւններին, որոնք առաջացել են 2020 թուականին ադրբեջանական ուժերի սանձազերծած 44-օրեայ պատերազմի, նաեւ անմեղ խաղաղ բնակչութեան նկատմամբ իրականացուող շարունակական ագրեսիայի պատճառով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութիւնը հաստատել է, որ Հայաստան տեղափոխուած աւելի քան 90 000 փախստականներ, որոնց մեծամասնութիւնը կանայք, երեխաներ եւ տարէցներ են, տառապում են հումանիտար սուր ճգնաժամից»,-իրենց նամակն այսպէս են սկսել կոնգրէսականները:
Ապա նրանք ընդգծել են, որր 2021 թուականի ֆինանսական տարում 5 000 000 ԱՄՆ դոլար ֆինանսաւորումը, որը ստանձնել էր ԱՄՆ ՄԶԳ-ն, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի Հայաստանի միջգերատեսչական արձագանքման ծրագրի միջոցով յատկացուած օգնութիւնը անբաւարար են եղել այդ ճգնաժամը լուծելու համար: «Բազմաթիւ ընտանիքներ խիզախորէն վերադարձել են Արցախ՝ իրենց տները՝ չնայած ադրբեջանական զօրքերի կողմից բռնութեան շարունակական սպառնալիքին եւ չնայած նրան, որ բախւում են սննդի, կացարանի խնդրին: Մենք նաեւ խիստ մտահոգուած ենք, որ Արցախում մնացած անձինք չէն ստացել ԱՄՆ-ի նախկինում յատկացուած օգնութիւններից որեւէ մէկը»,-նշել են կոնգրէսականները:
Նրանք ընդգծել են ԱՄՆ օգնութեան անհրաժեշտութիւնը՝ հայերի համար Բերձորի միջանցքի փակման, շատ հայ ընտանիքների տարհանման, իրենց տները լքելու համատեքստում:
«Մենք կոչ ենք անում պէտքարտուղարութեանը եւ ԱՄՆ ՄԶԳ-ին՝ էապէս աւելացնել ֆինանսաւորումը, որն ուղղակիօրէն կօգնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեանը, այդ թւում՝ բնակարանային, սննդի, ջրի, առողջապահութեան, ականազերծման եւ այլ խնդիրների լուծման հարցում: Մենք նաեւ յորդորում ենք ձեզ ձեռնարկել հնարաւոր բոլոր գործողութիւնները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից վերահսկուող տարածքներում գտնուող հայկական պատմամշակութային վայրերը, որոնք ներկայում վտանգի տակ են՝ ըստ բամազաթիւ հաղորդագրութիւնների»,-շեշտել են կոնգրէսականները:
Նրանք նաեւ նամակում խնդրել են թարմացնել այն կոնկրէտ գործողութիւնները, որոնք Բայդենի վարչակազմը ձեռնարկել է Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնուող հայերին օգնելու համար, նաեւ՝ ծրագրերի, գործընկերների, բիւջեների եւ արդիւնքների մասին տեղեկատուութիւնը: Կոնգրեսականները նկատել են, որ 2021 թուականի փետրուարին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ հրապարակուած վերջին զեկոյցը հնացած է եւ չի տալիս տուեալներ, որոնք անհրաժեշտ են առողջ քաղաքական որոշումներ կայացնելու համար: «Մենք խստօրէն յորդորում ենք ձեզ կատարել հումանիտար ճգնաժամի թարմացած կարիքների գնահատում եւ որքան հնարաւոր է շուտ օգնութիւն տրամադրել շահագրգիռ կողմերին»,-եզրափակել են կոնգրէսականները: