ԱՄՆ կոնգրէսի հայկական յանձնախմբի համանախագահները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վտանգաւոր հռետորաբանութիւնը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ եւ հրաժարւում է զօրքերը դուրս բերել Հայաստանից: Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, յայտարարութիւնը տարածել է ԱՄՆ կոնգրէսական Ֆրենկ Փալոնը։
ԱՄՆ կոնգրէսի հայկական յանձնախմբի համանախագահները ընդգծել են՝ ժամանակն է Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկել Հարաւային Կովկասում հայերի դէմ իր ձեռնարկած գործողութիւնների համար։
«Նախագահ Ալիեւի վերջին էսկալացիոն յայտարարութիւնները, ներառեալ նրա մերժումը զօրքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, հետեւում են այն նոյն օրինակին, որը նա օգտագործել է անցած աշնանը Արցախում աւելի քան 100 000 հայերի էթնիկ զտմանը նախապատրաստուելիս։ Նա թշնամական յայտարարութիւններ է անում, այդ յայտարարութիւններն օգտագործում է իր զինուած ուժերի յետագայ մոբիլիզացիան արդարացնելու համար, իսկ յետոյ ագրեսիւ գործողութիւններ է ձեռնարկում, քանի որ կարծում է, որ հետեւանքներ չէն լինի։ Միջազգային հանրութիւնը, ցաւօք, վերջին մի քանի տարիների ընթացքում իր անգործութեամբ ապացուցեց նրա իրաւացիութիւնը։
Ժամանակն է նրա ռեժիմին պատասխանատուութեան ենթարկել ռազմատենչ հռետորաբանութեան եւ Հարաւային Կովկասում հայերի դէմ նրա ձեռնարկած գործողութիւնների համար։ Միացեալ Նահանգները եւ մեր տարածաշրջանային գործընկերները պէտք է օգտագործեն բոլոր դիւանագիտական գործիքները, ներառեալ պատժամիջոցներ, որոնք կօգնէն երաշխաւորել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ կը հակազդէն Ալիեւի բացայայտ սպառնալիքներին։
Մենք կոչ ենք անում Պետքարտուղարութեանը եւ մեր միջազգային գործընկերներին անյապաղ գործողութիւններ ձեռնարկել ՝ կասեցնելու Ադրբեջանի յետագայ ցանկացած ագրեսիայ եւ ապահովելու Հայաստանի անվտանգութիւնը»,-ասուած է յայտարարութեան մէջ։
«Արմենպրես»