Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի կազմը կընդլայնուի. Յայտարարութիւն

Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի կազմը կընդլայնուի. Յայտարարութիւն

Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ։

«Ի լրումն 2024-ի Յունուարի 18-ի յայտարարութեան՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցութեամբ ձեւաւորուած Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախումբը յայտնում է, որ յանձնախմբի նախնական կազմում հետեւեալ անհատներն են․

Վարդան Օսկանեան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)

Գեղամ Ստեփանեան, Արցախի մարդու իրաւունքների պաշտպան

Կարէն Բեքարեան, «Հայեացք» վերլուծական կեդրոնի խորհրդի նախագահ, Հայաստան

Մարիօ Նալպատեան, Հայ Դատի Կեդրոնական Խորհրդի անդամ, Արժանթին

Գասպար Կարապետեան, Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ, Պելճիքա

Գառնիկ Քրքոնեան, միջազգային իրաւաբան, ԱՄՆ

– Յանձնախմբի կազմը կ’ընդլայնուի՝ ներառելով անհատների Ռուսաստանից եւ Մերձաւոր Արեւելքից:

– Յանձնախմբի գլխաւոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հաւաքական հայրենադարձութեան եւ իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիւ ապրելու իրաւունքի հետապնդումը եւ պաշտպանութիւնը։

– Արցախի ժողովուրդը ցեղասպանութեան սպառնալիքի տակ բռնի տեղահանուած է իր տնից, հողից ու հայրենիքից եւ նրա բնական եւ անքակտելի իրաւունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կեանքը՝ իր լեզուի, մշակոյթի, հոգեւոր ժառանգութեան պահպանման, սեփականութեան վերատիրացման, զարգացման եւ կեանքի կազմակերպման՝ միջազգայնօրէն ընդունելի նորմերով եւ սկզբունքներով։

– Հակամարտութեան հետեւանքով բռնի տեղահանուածների՝ իրենց հայրենիք կամաւոր վերադառնալու իրաւունքը ճանաչուած է որպէս միջազգային իրաւունքի նորմ, որը հիմնաւորւում է Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրով (Ունիվերսալ Դեցլարատիոն ոֆ Հուման Րիղծ), Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային կոնվենցիայով (Ինտերնատիոնալ Ցոնվենտիոն ոն Ցիվիլ անդ Պոլիտիցալ Րիղծ) եւ տարածաշրջանային բազմաթիւ հռչակագրերով:

– Աւելին, 2023-ի Նոյեմբերի 17-ին Արդարադատութեան միջազգային դատարանը (ԻՑՋ) վճռել է, որ Ատրպէյճանի Հանրապետութիւնը պէտք է ապահովի 2023-ի Սեպտեմբերի 19-ից յետոյ Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ եւ անարգել վերադարձը։

– Յանձնախումբը բազմակողմանի գործունէութիւն է ծաւալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանօթացնելու, հիմնաւորելու եւ հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը եւ իրաւունքները։

– Յանձնախումբը, վերը նշուած նպատակների կեանքի կոչման համար, մշտական ու հետեւողական աշխատանք է իրականացնելու արցախահայութեան, Հայաստանի հանրութեան ու Սփիւռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թւում՝ քաղաքացիական հասարակութեան, լրատուամիջոցների, ակադեմիական եւ փորձագիտական շրջանակների:

– Յանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական եւ քաղաքական մարմինների առաջ, ինչպէս նաեւ միջազգային ատեաններում, համաժողովներում եւ միջազգային դատարաններում։

– Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանութիւնները եւ քաղաքական բոլոր ուժերը աջակցութեան եւ համագործակցութեան պատրաստակամութիւն կը ցուցաբերեն Յանձնախմբի գործունէութեանը: Յանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր իւրաքանչիւրի եւ բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատուութիւն ստանձնել՝ համապատասխան լիազօրութիւն ստացած այս յանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում»:

Share