ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդէս են եկել յայտարարութեամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անյապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացուած տարածքներից եւ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Կիմմոյ Կիլիւնենը (Ֆինլանդիայ) եւ Բորիանայ Աբերգը (Շուեդիայ) նշել են, որ անհանգստացած են Ադրբեջանի զինուած ուժերի կողմից ռազմական յանցագործութիւնների կամ անմարդկային վերաբերմունքի մասին ստացուող բազմաթիւ հաղորդումներով:
Նրանք նկատել են, որ Ադրբեջանի զինուորական դատախազութիւնը որոշել է հետաքննել փաստերը՝ յոյս յայտնելով, որ այդ հետաքննութիւնները կը լինէն հրապարակային եւ թափանցիկ։
«Մինչ երկու կողմերն էլ միմեանց մեղադրում են ռազմական գործողութիւնների վերսկսման մէջ, ադրբեջանական զինուած ուժերը օկուպացնում են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանութիւնը եւ Եւրոպայի խորհրդի կանոնադրութեան համաձայն՝ հակամարտութիւնները խաղաղ ճանապարհով կարգաւորելու Ադրբեջանի պարտաւորութիւնը: Այսպիսով մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանութիւններին անյապաղ հետ քաշել զօրքերը Հայաստանի Հանրապետութեան տարածքի բոլոր հատուածներից եւ ազատ արձակել իրենց մօտ պահուող ռազմագերիներին»,-ընդգծել են համազեկուցողները:
Նրանք շեշտել են, որ միայն դիւանագիտական միջոցները արդար եւ տեւական պատասխան կը տան հակամարտութեանը, որը օգուտ կը տայ երկու երկրների բնակչութեանն էլ: