Վահէ Սարգսեան
ՔՊ–ն առաջարկում է փակել «Շողակաթ» հեռուստաալիքը. կարդում ենք հայկական լուրերում: Ամէն ինչ պարզ է եւ օրինաչափ. իշխանութեան է ՔՊ յանցաւոր խմբաւորումը:
Արեւմուտքի՝ Վրաստանում պարտութեան պատճառներից մէկն էլ այն է, որ չկարողացան քանդել Վրաց Ուղղափառ եկեղեցին:
Սխալուեցի՞ն, չկարողացա՞ն, յետագայի՞ն թողեցին՝ չեմ կարող ասել:
Վրաց Ուղղափառ եկեղեցին (ՎՈւԵ) պաշտպանեց իշխանութիւններին՝ ԼԳԲՏ քարոզչութիւնն արգելող եւ «Օտարերկրեայ ազդեցութեան թափանցիկութեան մասին» աղմկահարոյց օրէնքների ընդունման ժամանակ:
Համայն Վրաստանի 80-րդ կաթողիկոս-պատրիարք, Մցխէթի եւ Թբիլիսիի արքեպիսկոպոս, Պիցունդայի, Սուխումի եւ Աբխազիայի միտրոպոլիտ, 91-ամեայ Իլիայ երկրորդը, որը գահակալում է 1977 թուականից, բացարձակ հեղինակութիւն է Վրաստանում, իսկ ՎՈւԵ-ամուր կանգնած է վրաց ժողովրդի ազգային աւանդոյթների ու արժէքների կողքին:
Վրաստանի պետականութեան միջնաբերդը կանգուն մնաց եւ արագօրէն ամրանում է, քանի որ կանգուն եւ աներեր մնաց Վրաց Ուղղափառ եկեղեցին:
Միայն կարելի է պատկերացնել, թէ ոստիկանութեան բաժին բերման ենթարկուելու եւ ազատ արձակուելու փոխարէն ինչ տեղի կ’ունենար այն 37-ամեայ քաղաքացու հետ, ով Վրաստանի սրբութեան սրբոց եւ խորհրդանիշ Սուրբ Երրորդութիւն տաճարի գմբէթի խաչը սղոցեր եւ փոխարէնը վարդ տեղադրեր, եւ ու՞ր կը լինէին հիմա Վրաստանի պատրիարքարան, դիւանատան շէնք ներխուժողները….
Ահա թէ ինչու եւ ինչպէս է երերում հայոց պետականութեան նաւը…
Մեկնաբանութիւնները թողնում եմ մտածող մարդկանց: