Քրիստինէ Վարդանեանը մեկնաբանել է դատարանի կողմից Մուրադ Փափազեանի հայցը բաւարարելու փաստը

Քրիստինէ Վարդանեանը մեկնաբանել է դատարանի կողմից Մուրադ Փափազեանի հայցը բաւարարելու փաստը

Դատաւորը պարզապէս չի ստորագրել այդ ապօրինութեան տակ

Յունուարի 22-ին յայտնի դարձաւ, որ վարչական դատարանը՝ դատաւոր Մհեր Պետրոսեանի նախագահութեամբ, բաւարարել է դաշնակցականներ Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի հայցերը։ Յիշեցնենք, որ մօտ 2 տարի առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը, ժամանելով Հայաստան, «Զուարթնոց» օդանաւակայանում պարզել էր, որ ինքն արդէն Հայաստանի իշխանութիւնների համար անցանկալի անձ է՝ «պերսոնայ նոն գրատայ», եւ Փափազեանին ստիպել էին հէնց օդանաւակայանից հետ վերադառնալ Ֆրանսիայ։ Աւելի ուշ նոյն բանը տեղի էր ունեցել այլ սփիւռքահայ դաշնակցականների` Մասիս Աբրահամեանի եւ նրա դստէր՝ Սիւնէ Աբրահամեանի պարագայում, յետագայում այս ցանկում յայտնուեցին նաեւ այլ դաշնակցականներ, ռուսաստանցի քաղաքագէտներ եւ անգամ Պետդումայի անդամ։ Մուրադ Փափազեանին ԱԱԾ-ն սկզբնական շրջանում հրաժարւում էր որեւէ պարզաբանում տալ, թէ ինչու են իրեն արգելել Հայաստան մտնել, սակայն յետագայում պարզուեց, որ պատճառն այն է, որ Փափազեանին կասկածում են, որ Փաշինեանի՝ Ֆրանսիայ կատարած այցելութեան ժամանակ տեղի ունեցած ակցիան, երբ նրա աւտօշարասեան վրայ ձուեր էին նետել եւ «դաւաճան» բղաւել, կազմակերպել է հէնց Փափազեանը, ով յետագայում հերքում էր իր մասնակցութիւնն այդ միջադէպին։

Փափազեանի ու Մասիս Աբրահամեանի ներկայացրած հայցերը Վարչական դատարանի դատաւոր Մհեր Պետրոսեանը նախօրեին բաւարարել է: Նա վարչական դատարանի դատաւոր է նշանակուել 2016 թուականին, 43 տարեկան է եւ փաստաբանների շրջանում դրական վարկանիշ ունի։ Դատարանում տարած յաղթանակի վերաբերեալ Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի շահերը ներկայացնող փաստաբաններ Ռուբէն Մելիքեանն ու Սիրանուշ Սահակեանը, ինչպէս նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը, վաղը՝ հինգշաբթի օրը, մամուլի ասուլիսով հանդէս կը գան: Մեզ հետ զրոյցում Սիրանուշ Սահակեանն ասաց, որ գործի վերաբերեալ մանրամասները կը ներկայացնեն ասուլիսում։

«Հայաստան» դաշինքի պատգամաւոր՝ դաշնակցական Քրիստինէ Վարդանեանին խնդրեցինք մեկնաբանել դատարանի կողմից հայցը բաւարարելու փաստը՝ հարցրինք, թէ, իր կարծիքով, ինչ շահեց իշխանութիւնն այս ամէնի արդիւնքում՝ 2 տարի Մուրադ Փափազեանին արգելելով գալ Հայաստան, հնարաւո՞ր է, որ իշխանութեան այս քայլից յետոյ սփիւռքի դաշնակցականներն աւելի զգուշաւոր են դարձել` այլեւս Փաշինեանի դէմ ակցիաներ չէն անում, եւ դրանով Փաշինեանը հասել է իր նպատակին։

«Փաստօրէն, գործող իշխանութիւնները շուրջ 2 տարի ապօրինի արգելափակել են Մուրադ Փափազեանի եւ մի շարք անձանց մուտքը հայրենիք։ Ակնյայտ է, որ այս քայլով նրանք ցանկանում էին ուղերձ յղել սփիւռքին, որ ձեռնպահ մնան դիրքորոշումներ արտայայտելուց։ Այս առումով շատ կարեւոր էր դատարանի որոշումը, որպէսզի մեր հայրենակիցներին կարողանանք ասել, որ մենք պաշտպանելու ենք ձեր իրաւունքները եւ ձեզ ապօրինութիւններից։ Սակայն կարող եմ փաստել, որ այստեղ էլ Նիկոլ Փաշինեանն իր նպատակին չի հասել, քանի որ այս ողջ ընթացքում սփիւռքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Հոկտեմբերին բազմաթիւ երկրներում եւ քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, յունուարի 28-29-ին շուրջ 50 եւրոպական քաղաքներում նախատեսւում են բողոքի ակցիաներ։ Այնպէս որ, կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինեանը չի հասել իր նպատակին»,- պատասխանեց Վարդանեանը։ Սակայն նկատենք, որ այդ ակցիաների մի մասը ՀՀ իշխանութիւնների դէմ չի ուղղուած, այլ տարբեր նպատակների` Արցախի հարցին, գերիների թեմային եւ այլն: Պատգամաւորին հարցրինք՝ դատարանի այս որոշումն իրաւական գործընթացի արդեօ՞ւնք էր, թե՞ քաղաքական որոշում կամ ճնշումներ կային Փափազեանի հետ կապուած հարցում։ Հաշուի առնելով Փափազեանի մտէրիմ յարաբերութիւնները Ֆրանսիայի նախագահի հետ, հնարաւո՞ր է, որ Էմանուել Մակրօնը ճնշում բանեցրած լինի Փաշինեանի դէմ, որպէսզի վերացնեն այս արգելքը։

«Սա իսկապէս ակնյայտ ապօրինի որոշում էր։ Կարծում եմ՝ դատաւորը բախուել է այս ակնյայտ փաստին եւ կայացրել է իրաւական որոշում, որը շատ կարեւոր է եւ կարող է նախադէպային լինել միւս դէպքերի համար։ Իհարկէ, չեմ կարող կանխատեսել, թէ իրաւական ինչ գործընթաց կ’ունենան այս գործերը։ Ես պարզապէս ցանկանում եմ յիշեցնել, որ նոյնանման որոշումներ են կայացուել ոչ միայն Մուրադ Փափազեանի, այլեւ Մասիս Աբրահամեանի գործով։ Հետեւապէս կարծում եմ՝ դերակատարն այստեղ եղել է ակնյայտ ապօրինութիւնը եւ դրա տակ չստորագրելու դատաւորի որոշումը»,- պատասխանեց Վարդանեանը։

Կորիւն Սիմոնեան

hraparak.am

Share