Յունիսի 19-ին Հայաստան մեկնեց Արեւմտեան թեմի CYMA ծրագրի (Christian Youth Mission to Armenia / Քրիստոնէական Երիտասարդական Առաքելութիւն դէպի Հայաստան) խումբը, որ ղեկավարում է Սիաթըլի Հոգեւոր հովիւ Տ. Վազգէն Քհնյ. Բոյաջեանը։ Կազմակերպութիւնը հիմնադրուել է դեռեւս 1991 թուականին, այն ժամանակ Կանադայի թեմի Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի կողմից, եւ այնուհետեւ շարունակել է իր առաքելութիւնը ԱՄՆ Արեւմտեան թեմում։ CYMA-ի հիմնական նպատակն է կազմակերպել, քաջալերել եւ ուղեկցել երիտասարդներին դէպի Հայաստան՝ հայրենիքում կամաւորական աշխատանքներին մասնակցելու, ուխտագնացութիւնների եւ հոգեւոր խոկումների միջոցով հայրենիքը ներսից ճանաչելու համար։
CYMA 15 հոգանոց խումբը Հայաստանում նախ կը մասնակցի Պռոշեան գիւղի մանկապարտէզի վերանորոգութեան աշխատանքներին, Help for Armenia ծրագրի շրջանակներում, որի համար, ի դէպ, Արեւմտեան թեմը յատկացրել է 10 հազար ամերիկեան դոլարի գումար։ Երիտասարդների կամաւորական այս աշխատանքները կը լինեն շարունակական։ Այնուհետեւ շաբաթ եւ կիրակի օրերին երիտասարդները ուխտագնացութեամբ կ’ացելեն Հայաստանի զանազան սրբավայրեր։
CYMA-ի ներկայացուցիչները Յուլիսի 5-10-ը կը մասնակցեն նաեւ ՀԵՀԵՄ-ի (Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միութիւն) ամենամեայ հաւաք-ուխտագնացութեանը, որը Հայց. Եկեղեցու հովանու ներքոյ է մէկտեղում երիտասարդների աշխարհի տարբեր ծագերից։ ՀԵՀԵՄ-ի հոգեւոր Առաջնորդը Յովնան Արք. Տէրտէրեանն է։
«Այս առաքելութիւնը, որ Արեւմտեան թեմի ծրագրերի կարելի է ասել «թագն ու պսակն է», լաւագոյն միջոցն է երիտասարդների մէջ հայց. եկեղեցու, հայրենիքի եւ մեր աւանդների հանդէպ նուիրում սերմանելու, համար»,- այս առիթով նշում է խմբի ղեկավարը՝ Տ. Վազգէն Քհնյ. Բոյաջեանը։
Դիւան Առաջնորդարանի