Քրիստոնեական Մասնահատուկ Դասընթացներ Քահանայից Թեկնածուների Համար

Քրիստոնեական Մասնահատուկ Դասընթացներ Քահանայից Թեկնածուների Համար

Հաղորդագրություն

Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայց. Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան Թեմը, առաջնորդ սրբազան հոր` Գերշ. Տ.  Հովնան Արք. Տերտերյանի նախաձեռնությամբ իրականացնում է` ուսուցո-ղական բնույթի բացառիկ ծրագիր, որը միտված է Արեւմտյան Թեմի քահանայից թեկնածուներին լուսաբանելու Հայց. Եկեղեցու անաղարտ ուսմունքի կարեւոր դրույթները:

Այսօր, առավել քան երբեւէ երբ մեր ազգը կանգնած է լրջագույն մար-տահրավերների առջեւ, որոնք վտանգել են մեր գոյությունը`պարտ ենք դասեր քաղել մեր պանծալի անցյալից եւ ուսանել վառ տեսլականով օժտված մեր նախնիներից, ովքեր պատվով դուրս են բերել մեզ նման իրավիճակներից: Նման լուսաշող անձանցից էին անշուշտ Սբ. Մեսրոպ Մաշտոցն ու Սբ. Սահակ Պարթեւը, ովքեր մեր ազգի երիտասարդ սերունդին ուղղորդեցին դեպի աստվածայինն ու հավիտենականը, դեպի “Իմանալի Լույսը” (Ժամագիրք) դեպի տերերի Տերն ու հզորներից Հզորագույնին, ում կենսատու Խոսքը վերակերտեց հայ մարդուն եւ նրան դարձրեց անպարտելի` հիմք դնելով մեր հոգեւոր ինքնության Ոսկեդարին:

Այսօր ԱՄՆ-ի Արեւմտյան Թեմը առաջնորդվելով նույն տեսլականով` ջանքեր է գործադրում աստվածագիտությամբ զինելու մեր ապագա հոգեւորական-ներին, առաջնորդելու նրանց դեպի մեր Տերն ու Փրկիչը` Հիսուս Քրիստոս, Ում մեջ են պահված “իմաստության եւ ճանաչողության բոլոր գանձերը” (Կողոսացիս 2:3):

Դասընթացները բաղկացած են 20 դասանյութից եւ մատուցվում են շաբաթը երեք օր: Դասանյութերը ուսուցանվում են Արեւմտյան Թեմի Միջեկեղեցական հարաբարությունների պատասխանատու, “Աղա-Սարգսյան” Գրադարանի վարիչ եւ “Քրիստոնեական Ուսուցման Դասընթացներ”-ի ուսուցիչ` տիար Հայկ Մադոյանի կողմից:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄ ԵՒ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻՑ ՆԵՐՍ

Ուխտագնացություններն ու հոգեւոր առանձնացումները մշտապես եղել են քրիստոնյայի հոգեւոր աճի եւ հասունության կարեւորագույն միջոցներ, եւ ուրախ ենք տեղեկացնելու, որ Առաջնորդ Սրբազան Հոր օրհնությամբ Արեւմտյան Թեմի “Քրիստոնեական Ուսուցման Դասընթացներ” ծրագիրը վերսկսեց իր ամենամյա առաքելությունը` հոգեւոր առանձնացում կազմակեր-պելով Թեմի Ամառային ճամբարում, որը գտնվում է աշխարհահռչակ “Սեքոյա” արգելանոցի հարեւանությամբ:

Այս տարվա հոգեւոր առանձնացման ծրագիրը ձոնված էր մեր մեծանուն սուրբերից մեկի` Սբ. Գրիգոր Նարեկացու “Մատյան Ողբերգության” աղոթա-գրքին:

Թվով 33 հավատացյալներ`համակողմանի գիտելիք ձեռք բերեցին Սբ. Գրիգոր Նարեկացու անձի եւ անմահ աղոթագրքի մասին, փորձեցին հոգեւին նորոգվել “Նարեկ”-ի աննման աղոթքների շունչի ներքո եւ “Ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ”ն առաքեցին:  Հատկանշական է, որ հոգեւոր առանձնացումը կատարվեց  Աստծո արարչագործության չքնաղագույն վայերից մեկում:

Առանձնացման բանախոսներն էին Դոկ. Նորայր Պողոսյանը, Դոկ. Լեւոն Պետրոսյանը եւ Հայկ Մադոյանը:

Եռօրյա առանձնացման վերջին օրը ուխտավորները մասնակցեցին Եդեմի Սբ. Մարիամ Աստվածածին պատմական եկեղեցու սուրբ եւ անմահ Պատարագին, որին հաջորդեց երկու համայնքների հանդիպումն ու սիրո ճաշի ըմբոշխնումը:


Ուխտավորները` գլխավորությամբ Հայկ Մադոյանի, իրենց սրտագին գնահատանքը հայտնեցին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժ. Տ. Մաշտոց Քեշիշյանին ինչպես նաեւ հարակից բոլոր մարմինների անդամներին` ջերմ հյուրընկալության համար:

Եռօրյա հոգեւոր առանձնացում-ուխտագնացությունը իր ավարտին հասավ Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճար վերադառնալով:

Դիվան Առաջնորդարանի

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐԻ ՍԵՐՏՈՂՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

Հայց. Առաքելական Սբ. Եկեղեցու Արեւմտյան Թեմը` առաջնորդ Սրբազան հոր` Հովնան Արք. Տերտերյանի օրհնությամբ, ծրագրել եւ իրականացնում է մասնահատուկ դասընթաց –սերտողություն` ձոնված մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի առակներին:

Մեր Տերն Իր երկրային կյանքում հաճախ առակներով էր ուսուցանում, որոնք մի կողմից պարզ եւ հասկանալի էին, իսկ մյուս կողմից` խորքային. եւ վերաբերում էին մեր կյանքի բոլոր շերտերին:

Հայց. Եկեղեցու լուսամիտ վարդապետները դարեր շարունակ արարել են Սբ. Գրային անգերազանցելի մեկնություններ, որոնք վերջին ժամանակներում տարաբնույթ պատճառներով մեզ անհաղորդ են մնացել:

Փառք Աստծո մեր սրբազան ժառանգության գոհարների զգալի մասը այսօր հասանելի են մեզ եւ Արեւմտյան Թեմը հնարավորություն է ընձեռում մեր հավատացյալներին լրացնելու այս մեծ բացը, եւ Տիրոջ առակները սերտելու Սբ. Հովհան Ոսկեբերանի (4-րդ դար), Սբ. Գրիգոր Նարեկացու (10-րդ դար), Սբ. Ներսես Շնորհալու (12-րդ դար), Սբ. Գրիգոր Տաթեւացու (14-րդ դար), Ստեփանոս Սյունեցու (7-րդ դար), Սարգիս Կունդի (12-րդ դար) Հովհաննես Ծործորեցու (13-14րդ դարեր) եւ այլ մեծանուն եւ սրբազան այրերի կողմից գրված մեկնությունների լույսի ներքո: Այլ խոսքով Տիրոջ անարատ Խոսքն իբրեւ մեր կյանքի ճրագ ընդունելու, որը “Լուսավորում է մեր շավիղները” (Սաղմոս 118:105) եւ “Ուսանելու սրբերի միտքը” (Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի, 5-րդ դար):

Նման նախաձեռնությունը բացառիկ է իր բնույթով եւ խիստ պահանջված մեր հավատացյալների կողմից:

Դասընթաց-սերտողություններն ուսուցանվում են Արեւմտյան Թեմի Միջեկեղեցական հարաբարությունների պատասխանատու, “Աղա-Սարգսյան” Գրադարանի վարիչ եւ “Քրիստոնեական Ուսուցման Դասընթացներ”-ի ուսուցիչ` տիար Հայկ Մադոյանի կողմից:

Դասընթաց–սերտողությունները տեղի են ունենում Արեւմտյան Թեմի Առաջնորդարանի “Համբար” դահլիճում, ամեն չորեքշաբթի` երեկոյան ժամը 7:00-ին:

Բոլոր ցանկացողները հրավիրված են մասնակցելու Արեւմտյան Թեմի կազմակերպած այս բացառիկ  ուսուցողական սերտողությանը:

Դիվան Առաջնորդարանի 

Share