Քրիստոս Յարեաւ

Քրիստոս Յարեաւ

Գրիշ Դաւթեան

Հեռացող աստղունքը ցոլում է,
Երկինքը ընկալում է լոյսը,
Մաքրում է ծաւալը,
Մինչեւ լազուրի ակունքները,
Ծալը ու մնացեալը․․․

Գուբում պատռւում է պատանքը,
Կեանքը տրոփում է անաւարտ,
Մղում, գլորում է քարը․
Բացում է գերեզմանը,
Որպէս կենդանութեան մահիճ,
Կենսաւոր, տրոփող սիրտ։

Եռօրեայ է տեւում տաճարի վերակառուցումը,
Ինչպէս ասել էր։

Սգաւոր կանայք եկել,
Մեռելների մէջ են փնտրում
Հարեալին․․․

Ասում է՝ հանդիպէն վերնատանը։

Կասկածներ կան․․․

Թող ստուգէն գեղարդի հոշածը,
Մեխերի խոցերը ձեռքերին,
Ոտքերի թաթերին․․․

Գուցեեւ քերթուածքները ճակատի,
Որ թողել է փշէ թագը․․․

Գարնանային հովի հոսանք է,
Աշտարակուած խաչի յիշողութիւն․․․

Երեւակում է վերնատանը․․․

Ոչմի ողջագուրում․․․
Երկրային ոչմի փոշի չպիտի լինի վրան
Երկնային մտնելու պահին․․․

Գեղարդի հոշածը,
Մեխերի խոցերը,
Ճակատի քերթուածը
Ստոյգ են։

Լուսաւոր ճակատին
Լոկ ծիածան, որպէս նարօտ․․․

Ապա պատգամում է,
Սպասէն քառասուն օր
Ընդունելու շնորհի գալուստը․․․

Սուրբ հոգով ծոցուորած
Աստուածային միութիւն է,
Որ անսկիզբ է ու անվախճան․․․

Վերացումը պատկերւում է,
Որպէս համբարձում․․․

Քրիստոս է,
Աստուածորդի,
Ծնունդով մարդորդի,
Բանի քարոզներով,
Ծաղկազարդով,
Խաչելութեամբ,
Յարութեամբ,
Համբարձմամբ
Առ հորիզոնի ծաւալ․․․

Տիեզերքում մենք միայնակ չենք։
Համորենը
Աստուածային ստեղծագործութիւն է։
Որդին յաջորդում է հորը
Սուրբ Հոգու միջնորդութեամբ․
Յաւիտենական հոլովոյթ Է,
Անմահութիւն․․․

Share