Տրդատ Մուշեղեանի «Հետք» hetq.am կայքէջում հրապարակուած յօդուծի համաձայն 2022 թուականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկեանին պատկանող «Արգաւանդ կահոյք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մէկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցոյթի։
Պետգնումների armeps.am համակարգի տուեալներով՝ ընթացիկ տարում «Արգաւանդ կահոյք» ընկերութեան հետ կնքուած պայմանագրերի ընդհանուր արժէքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերութիւնը տարատեսակ կահոյք է մատակարարել պետական մարմիններին։
Նշուած պայմանագրերից ամենավերջինը Վարչապետի աշխատակազմի կատարած գնումն է։ Մայիսի 6-ին ստորագրուած պայմանագրով՝ մօտ 3 միլիոն դրամի դիմաց «Արգաւանդ կահոյքը» պարտաւորուել է 5 չհրկիզուող պահարան եւ 25 բազկաթոռ մատակարարել։
Այս տարուայ պայմանագրերից ամենախոշորը կնքուել է փետրուարի 16-ին Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարանի հետ։ Մոտ 7,5 միլիոն դրամի դիմաց ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերութիւնը աթոռներ է մատակարարել համալսարանին։
«Արգաւանդ կահոյք» ՍՊԸ-ի հետ 2022-ի ընթացքում առանց մրցոյթի պայմանագրեր են կնքել Հանրապետութեան նախագահի աշխատակազմը, Հանրային հեռուստաընկերութիւնը, Վիճակագրական կոմիտէն ու Սահմանադրական դատարանը։
Հետք կայքէջի վկայութեամբ 2014թ․ հիմնադրուած ընկերութիւնը 2018 թուականի իշխանափոխութիւնից յետոյ է սկսել ակտիւօրէն մասնակցել եւ յաղթել պետական գնումների մրցոյթներում։ Մինչ այդ «Արգաւանդ կահոյք» ՍՊԸ-ն ընդամէնը երեք անգամ էր շահել այդ մրցոյթներում։ Իշխանափոխութիւնից յետոյ «Արգաւանդ կահոյքի» եւ պետական տարբեր մարմինների միջեւ կնքուած պայմանագրերի թիւը մօտ 180 է, իսկ դրանց ընդհանուր արժէքը գրեթէ 300 միլիոն դրամ։
2018-ից սկսած պետգնումների մրցոյթներին ակտիւօրէն մասնակցում է նաեւ Վահան Նարիբեկեանի եղբօրը պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն։
Վահան Նարիբեկեանը Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ։ Ալէն Սիմոնեանի 2021թ․ օգոստոսի 3-ի կարգադրութեամբ՝ նշանակուել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ 2021-ի օգոստոսի 12-ին «Արգաւանդ կահոյք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտօնը Վահան Նարիբեկեանը փոխանցել է իր եղբօրը՝ Գարիկ Նարիբեկեանին, սակայն շարունակում է հանդիսանալ ընկերութեան 100 % բաժնեմասի սեփականատէրը։
«Հետքի» հետ զրոյցում Վահան Նարիբեկեանը նշել էր, որ նախկինում իրենց խոչընդոտում էին գնումների գործընթացին մասնակցելու համար, իսկ այժմ դաշտը ազատականացուել է։ Միեւնոյն ժամանակ, Նարիբեկեանը պնդում էր, որ Ալէն Սիմոնեանի հետ ընկերական յարաբերութիւնները իրենց համար շահեկան դիրք չէն ապահովել։ Վահան Նարիբեկեանի խօսքով՝ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակուելուց յետոյ դադարել է զբաղուել բիզնես գործունեութեամբ։