Քննարկուել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դէմ:
Հոկտեմբերի 24-ին, Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԻԻՀ դեսպանատան Մշակոյթի կենտրոնի ղեկավար Ասադի Մովահեդին։ Յայտնում են Մայր Աթոռի տեղեկատւական կենտրոնից:
Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձաւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում արձանագրւած սերտ համագործակցութեանը: Ամենայն Հայոց Հայրապետը մասնաւորապէս խօսեց Մշակոյթի կենտրոնի հետ Մայր Աթոռի սերտ կապերի եւ համատեղ իրականացրած միջոցառումների մասին՝այդ կապակցութեամբ կարեւորւելով մշակոյթների եւ կրօնների միջեւ երկխօսութեան խթանումը, ինչը նպաստում է ժողովուրդների միջեւ համերաշխութեան եւ փոխգործակցութեան ձեւաւորմանը:
Հանդիպմանն անդրադարձ կատարւեց նաեւ Մերձաւոր Արեւելքում տեղ գտնող ցաւալի զարգացումներին, ի մասնաւորի իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեանը։ Վեհափառ Հայրապետը խոր մտահոգութիւն արտայայտեց պատերազմական գործողութիւնների եւ դրանց աղէտալի, ողբերգական հետեւանքների առնչութեամբ։ Նորին Սրբութիւնը նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծւած ռազմական գործողութիւնների եւ ագրեսիայի հետեւանքով հայ ժողովուրդը շարունակում է կրել պատերազմի արհաւիրքների վիշտն ու ցաւը։ Հայոց Հայրապետը հայցեց Երկնաւորից, որ շուտափոյթ դադարեն մարդկային կեանքը վտանգող չարաղէտ հակամարտութիւնները, եւ խաղաղութիւն հաստատւի ժողովուրդների կեանքում։
Իր հերթին պրն․ Մոհաւեդին Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նոր պաշտօնում երկու երկրների մշակութային կապերի ամրապնդմանն ուղղւած իր ծրագրերը։
ԻԻՀ Մշակութային կենտրոնի նորանշանակ ղեկավարը անդրադարձ կատարեց տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ առկայ մտահոգութիւններին՝ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու բարեկամութեան զօրացման գործում կարեւորելով միջկրօնական երկխօսութիւնը եւ մասնաւորապէս հոգեւոր առաջնորդների առաքելութիւնը։
«News.am»