Կարո՞ղ է արդեօք տապալուել Ալիեւի իշխանութիւնը

Կարո՞ղ է արդեօք տապալուել Ալիեւի իշխանութիւնը

Գեւորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Սիրիական զարգացումներից յետոյ տարբեր շրջանակների կողմից նորից նկատուեց այն հարցադրման բարձրացումը, թէ հնարաւո՞ր է արդյօք տապալուի նաեւ Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանութիւնը։ Այս հարցն իհարկէ կենսունակ լինելու իրաւունք ունի, հաշուի առնելով, որ մարդկութեանը յայտնի գրեթէ բոլոր բռնապետէրը անփառունակ վախճան են ունեցել՝ իշխանազրկուել, հեղինակազրկուել, յաճախ փողոցային հաշուեյարդարի զոհ դարձել, իսկ լաւագոյն դէպքում էլ ճողոպրել եւ քաղաքական ապաստան հայցել որեւէ օտար երկրում։

Շաբաթներ առաջ Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանութեան տապալումը, ինչպէս ասուեց, նորից առաջ բերեց այս հարցադրումը․ «Իսկ ե՞րբ է գալու Ապշերոնեան բռնապետութեան տապալման պահը», վերաձեւակերպելով այս հարցումը՝ աւելի բովանդակային քննարկում ապահովելու համար, կարելի է առաջ բերել հետեւեալը «Ինչո՞վ է պայմանաւորուած լինելու Ալիեւի իշխանութեան անխուսափելի տապալումը»։

Ալիեւների ընտանեկան-կլանային իշխանութիւնը խոշոր հաշուով ղեկավարում է երկիրը շուրջ 65 տարի։ Այդ իշխանութիւնը սկսուեց այն ժամանակ, երբ Հեյդար Ալիեւը, դառնալով խորհրդային Ադրբեջանի անվտանգութեան կոմիտէի ղեկավար, ապա ադրբեջանակլան կոմունիստական կուսակցութեան գլխաւոր քարտուղար, աստիճանաբար սկսեց իր ձեռքում կենտրոնացնել իշխանութիւնը։

Ես, իհարկէ, ադրբեջանագէտ կամ Ադրբեջանի հարցերով փորձագէտ չեմ, ուստի ստորեւ կը ներկայացնեմ զուտ քաղաքագիտական վերլուծութիւն՝ հիմնուած տեսական քաղաքագիտութեան եւ որոշ չափով նաեւ միջազգային յարաբերութիւնների վերջին շրջանի դինամիկայի վրայ։

Նախ փորձենք հասկանալ, թէ ինչով են պայմանաւորուած երկրորդ աշխարհամարտից որոշ ժամանակ անց սկզբում եւրոպական, ապա լատինայ-ամերիկեան, աֆրիկեան, աւելի ուշ մերձաւորարեւելեան ու հետխորհրդային երկրներում դրսեւորուող քաղաքական անկայունութիւններն ու իշխանափոխութիւները։

Քաղաքագէտներն այս գործընթացի մէջ որոշակի տրամաբանութիւն սկսեցին գտնել դեռեւս 20-րդ դարի 50-60 ական թթ․, ինչի արդիւնքում քաղաքական գիտութեան մէջ առաջ եկաւ «արդիականութեան տեսութիւնը»։

«Արդիականացում» հասկացութիւնն այս պարագայում ներառում է անցումը աւանդական տիպի պետութիւնից դէպի արդիական պետութիւն` ապահովելու համար քաղաքական համակարգի հաստատութիւնների ժողովրդավարական կառավարման որակական զարգացումը: Քաղաքական արդիականացման գլխաւոր նախադրեալներն են իր խորհրդանիշներով ու արժէքներով ճկուն քաղաքական համակարգի եւ արդիւնաւետ վարչական մեքենայի ստեղծումն ու քաղաքական գործընթացի կանխատեսելի ընթացքը: Արդիականացումը ենթադրում է քաղաքական կառուցուածքի եւ մշակոյթի փոփոխութիւններ, որոնք, որպէս հասարակութեան համընդհանուր կերպափոխութիւն, ընդգրկում են աշխարհիկացման (սեկուլեարիզացիայ), ինդուստրացման, սոցիալական շարժունակութեան, կենսամակարդակի աճի, գրագիտութեան, կրթութեան եւ մամուլի տարածման, ազգային համախմբուածութեան, բնակչութեան քաղաքական մասնակցայնութեան ընդլայնման երեւոյթները:

Համադրելով Լատինական Ամերիկայում, Հարաւային Եւրոպայում եւ Աֆրիկայում քաղաքական գործընթացների արդիւնքները՝ արդէն 1970–1980-ական թուականներին քաղաքական արդիականացման տեսաբանները եզրակացրին, որ արդիականացումը պայմանաւորուած է սոցիալ-մշակութային գործոններով (մարդաբանական տիպ, ազգային ինքնութիւն, համընդհանուր նորմերի ընդունման աստիճան, քաղաքական զարգացման նպատակ)։ Արդիականացումը կարող էր տեղի ունենալ միայն սոցիալական շերտերի արժէքային կողմնորոշումների փոփոխութեան եւ հասարակութեան քաղաքական մշակոյթի շարունակական զարգացման պայմաններում։

Քաղաքական արդիականացման հիմքում քաղաքական կառավարման համընդհանուր (ունդիւերսալ) մոդելի կիրառութեան հիմնաւորման գաղափարն է։ Այս մոդելի հաստատման եւ արդիւնաւետ կիրառման համար անհրաժեշտ է աւանդական (փակ) հասարակութիւնից անցում կատարել արդիական (բաց) հասարակութեան, որը գիտատեխնիկական առաջընթացի, սոցիալական շարժունակութեան, արժէքային եւ նորմատիւ համակարգերի էւոլիւցիայի, վերակառուցման կամ արմատական փոփոխութեան արդիւնք է։ Արդիականացման տեսաբաններից Շ. Էյզէնշտադտը նկատում է, որ արդիականացումը մարտահրաւէր է, որին իւրաքանչիւր հասարակութիւն պատասխանում է երկարատեւ զարգացման արդիւնքում իր հիմքում ձեւաւորուած սկզբունքների, կառոյցների եւ խորհրդանիշների համակարգերին համապատասխան:

Ո՞րն է արդիականութեան հիմնական մարտահրաւէրը, որը ստեղծում է քաղաքական ճգնաժամէր։ Արդիականի եւ աւանդականի բախման ժամանակ հասարակութիւններն ու պետութիւնները ունեն երկու հիմնական ընտրութիւն՝ աւանդականի ու արդիականի զուգամիտում կամ հակասութիւն։ Շահում են այն ժողովուրդները, ովքեր կարողանում են համատեղել աւանդականն ու արդիականը, հակառակ ճանապարհը տանում է քաղաքական անկայունութիւնների եւ պետութիւնների ձախողման։

Արդիականացման գործընթացն, ըստ էութեան, գրեթէ անխուսափելի մի գործընթաց է, որի միջով անցել կամ անցնում եմ պետութիւնների մեծ մասը։ Այդ գործընթացն ուղեկցւում է ներքին անկայունութիւններով, իշխանափոխութիւններով, հասարակական կարծիքի բեւեռացմամբ, հասարակութեան տարբեր շերտերի կողմից ազգային արժէքների պաշտպանութեամբ ու դրանց մերժմամբ։ Ինչպէս նշուեց, այս գործընթացը յաջողութեամբ յաղթահարում են այն երկրներն ու ժողովուրդները, որոնք սեփական արդիականացման հիմքում դնում են աւանդոյթի ու արդիականի համատեղումը, ինչը գիտութեան մէջ կոչւում է «արդիականացում պատմականութեան հէնքով»։

Արեւելեան Եւրոպայի եւ հետխորհրդային տարածքի արեւելաեւրոպական մասի գրեթէ բոլոր պետութիւններն անցել են այս գործընթացով։ Արդիականացման գործընթացը վաղուց դարձել է քաղաքական զարգացման գործընթացի ուրոյն մի հանգրուան։

Ադրբեջանը, կարծես թէ դեռեւս խուսափում է այս գործընթացից, որն այս երկրի համար ունենալու է շատ աւելի ծանր հետեւանքներ, քան այս գործընթացով անցած բազմաթիւ այլ երկրների պարագայում, քանի որ Ադրբեջանը զուրկ է արդիականացման գործընթացի ճգնաժամը յաղթահարելու ամենաարդիւնաւետ մոդելի՝ պատմականութեան կիրառման հնարաւորութիւնից, քանի որ երկիրն ինքնին պատմական հէնք չունի։ Բացի այդ, ադրբեջանական հասարակութիւնում էթնիկ այլ խմբերի ու ազգային փոքրամասնությւոնների շարունակական ճնշումները, բազմէթնիկ միջավայրը, դաւանաբանական տարբեր խմբերի առկայութիւնը, վերջիններիս վրայ հարեւան պետությւոնների, յատկապէս Իրանի ու Թուրքիայի ազդեցութիւնը, հասարակութեան սոցիալական բեւեռուածութիւնը, հանրային բարիքների խիստ ընտրովի տեղաբաշխումն ու առհասարակ ընտանեկան-կլանային կառավարման համակարգը այն նախադրեալներն են, որոնք Ադրբեջանում դանդաղ, բայց հասունացնում են ապագայ խորը ճգնաժամը։

Իր հերթին մէկ այլ լուրջ խնդիր է Ադրբեջանում քաղաքական համակարգի, որպէս այդպիսին, տոտալ բացակայութիւնը, ինչի պայմաններում իշխանութեան բնականոն փոփոխութիւն տեղի ունենալ ուղղակի չի կարող։

Վերը շարադրուածի պայմաններում, հարց է առաջանում թէ որտե՞ղ է Ալիեւի իշխանութեան կենսունակութիւնը։

Ադրբեջանում քաղաքական գործընթացի բնականոն ընթացքը, որը պէտք է յանգեցնի արդիականացման գործընթացի մեկնարկի, իշխանափոխութեան ու անորոշութեան, խախտւում է բացառապէս Ալիեւի ռեժիմի պահպանման շուրջ առկայ միջազգային բազմաշերտ կոնսենսուսի պայմաններում։ Այսինքն այդ իշխանութեան հէնքը ոչ թէ երկրի ներսում է, այլ դրսում։ Ալիեւի բռնապետութիւնը նոյնիսկ ի զօրու չի լինի կանխելու ադրբեջանական հասարակութեան ցասումը, եթէ չլինի արտաքին կոնսենսուսը։ Ալիեւի բռնապետական վարչախմբից շատ աւելի ուժեղ վարչախմբեր են տապալուել հէնց արդիականացման գործընթացի համատեքստում։

Սեփական իշխանութեան կենսունակութեան պայմանաւորումը միջազգային առանցքային դերակատարների միջեւ առկայ կոնսենսուսով, Ալիեւի համար արդէն իսկ լուրջ խնդիր է։ Նախ այն պատճառով, որ միջազգային յարաբերութիւնների ներկայ հոլովոյթում գրեթէ ոչինչ յստակ ու երաշխաւորուած չէ, միւս կողմից միջազգային ներկայ անորոշութիւններից յետոյ ձեւաւորուելու է աշխարհի քաղաքական քարտէզի ազդեցութեան գօտիների նոր վերաբաժանում, որի արդիւնքում Ալիեւի տասնամեակների իշխանութեան պահպանման որեւէ գործուն երաշխիք լինել չի կարող։

Անշուշտ Արցախի բռնազաւթումը, Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիան ու ուժի եւ դրա կիրառման սպառնալիքը ադրբեջանական հասարակութեան ազգայնական շրջանակներում որոշակիօրէն ամրապնդել են բռնապետութեան դիրքերը, սակայն դրանք այն շրջանակներն են, որոնք Արցախի բռնազաւթումից առաջ էլ Ալիեւի կողքին էին եւ ադրբեջանական հասարակութեան խոշորագոյն շերտերից չէն։ Ադրբեջանի տնտեսական ընդհանուր կացութիւնը, երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսների կլանային տիրապետումը, ընդդիմադիրների հանդէպ բռնաճնշումները, քաղաքական համակարգի ամայացումը, այլախոհութեան ու մամուլի զանգուածային ճնշումները իսկապէս հասունացող վտանգ են, որի կառավարումն առանց արտաքին օժանդակութեան անհնար է։

Կարելի՞ է արդյօք իշխանութեան ամրութեան եւ երաշխաւորուածութեան տեսանկիւնից Ադրբեջանին համեմատել Թուրքիայի ու Ռուսաստանի, իսկ Իլհամ Ալիեւին՝ համապատասխանաբար Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կարծում ենք այս համեմատութիւնն ինքնին մեթոդաբանական սխալ է։ Նախ Թուրքիայի մասով․ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրութիւններից աւելի թերեւս տարբերութիւններ ունեն սկսած պետութեան ինստիտուցիոնալ կայացուածութիւնից մինչեւ քաղաքական մթնոլորտ ու կուսակցական համակարգ։ Մի օրինակ թերեւս․ Թուրքիայում, չնայած առկայ քաղաքական ճնշումներին, որպէս կանոն երկրի խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Իզմիրը եւ այլն ընդգծուած ընդդիմադիր ընտրազանգուած ունեն, այս քաղաքների ղեկավարները հիմնականում ընդդիմադիր գործիչներ են, մի բան, որ բացառուած է Ադրբեջանի պարագայում։ Թուրքական ընտրութիւններն էլ, իրենց ողջ «հմայքով» հանդերձ, չէն կարող համեմատուել ադրբեջանական այսպէս կոչուած ընտրութիւնների հետ։ Ակնյայտ է, որ քաղաքական վերնախաւի տրանսֆորմացիան յաղթահարելու թուրքական հնարաւորութիւնները բաւական մեծ են։ Նոյն իրավիճակը թերեւս Ռուսաստանում է։ Ռուսական պետութեան ինստիտուցիոնալ կարողականութիւնը, միջազգային յարաբերութիւններում Ռուսաստանի դերն ու նշանակութիւնը, աշխարհակարգի համար այդ պետութեան կարեւորութիւնը, ըստ ամենանի, կարող է հնարաւորութիւն տալ Վլադիմիր Պուտինին ապահովելու իշխանութեան անցնցում փոխանցում։

Արտաքին օժանդակութիւնն ու Հայաստանի հանդէպ շարունակական ագրեսիան, Հայաստանի իբրեւ թշնամու դէմ պայքարը այն հանգամանքներն են, որոնք առաջնային հիմք են հանդիսանում Ալիեւի իշխանութեան պահպանման համար, եւ հէնց դա է պատճառներից մէկը, որ հարեւան երկրի բռնապետը, նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնների զիջողական քաղաքականութեան արդիւնքում, հրաժարւում է, այսպէս կոչուած, խաղաղութեան պայմանագրի ստորագրումից՝ շարունակ նորանոր եւ անիրագործելի պահանջներ առաջադրելով։ Խաղաղութեան պայմաններում Ալիեւի՝ յաղթող նախագահի կերպարը, կարող է այլեւս «պահանջուած» չլինել։ Ուստի Ապշերոնեան բռնապետին Հայաստանը պէտք է իբրեւ թշնամի, սեփական իշխանութեան պահպանման համար։ Վստահ՝ Ալիեւը տեղեակ է, որ 1945թ․ յուլիսին, բրիտանական հասարակութիւնը մերժեց անգամ պատմութեան ամենալեգենդար գործիչներից մէկին՝ Ուինսթօն Չերչիլին, ով անուրանալի վաստակ ունէր Երկրորդ աշխարհամարտի յաղթանակի եւ բրիտանական թագաւորութեան պաշտպանութեան գործում, իսկ Չերչիլն ու Ալիեւը, մեղմ ասած, համեմատութեան աղերս անգամ չունեն։

Ալիեւը իշխանութիւնը ամրացնող երկու գործոններից նուազագոյնը մէկը թուլացնելը Հայաստանը կարող է։ Ուժեղ Հայաստանը, հարկ եղած դէպքում ադրբեջանական ագրեսիային արժանի հարուած հասցնելու ընդունակ Հայաստանը ադրբեջանական ներքին լսարանի համար կարող է կոտրել Ալիեւի, յաղթող նախագահի կերպարը։ Մանաւանդ, որ ադրբեջանական հասարակութեան քիչ թէ շատ մտածող շերտերը լաւատեղեակ են, թէ միջազգային ինչ ներգրաւման պայմաններում Ադրբեջանը կարողացաւ յաղթել պատերազմը։ Յատկանշական է, որ վերջերս թուրքական ներգրաւման պայմաններում Ղարաբաղեան երկրորդ պատերազմի յաղթանակի մասին խօսում են թուրքական պետութեան բարձրագոյն պաշտօնեաները, այդ թւում նախագահ Էրդողանը։ Մի բան, որին անմիջապէս յաջորդեց ադրբեջանական ջղաձիգ հակազդեցութիւնը։

Ալիեւի իշխանութիւնը պահող հիմնական գործոնը՝ միջազգային կոնսենսուսը նոյնպէս, ինչպէս վերը նշեցինք խիստ ժամանակաւոր եւ երկարաժամկէտ կտրուածքում անկայուն երեւոյթ է, մանաւանդ այն պարագայում, երբ Արեւմտեան աշխարհի այնպիսի առանցքային դերակատարներ ինչպիսիք Միացեալ Նահանգները, Եւրոպական միութիւնը, Եւրոպական խորհուրդը, Կանադան, Ֆրանսիան եւ այլն վերջին ամիսներին պարբերաբար բարձրաձայնում են Ադրբեջանում մարդու իրաւունքների խայտառակ վիճակի եւ հակաժողովրդավարական վերը յիշատակուած դրսեւորումների մասին՝ կարծես թէ պարարտ հող նախապատրաստելով ապագայի զարգացումների համար։

Ստեղծուած իրավիճակում Հայաստանը, չթերագնահատելով եւ կառավարելով ներկայ մարտահրաւէրները, միաժամանակ առանց չարդարացուած զգուշաւորութեան, պէտք է պատրաստ լինի ապագայ զարգացումներին։

Share