Բագրատ սրբազանը յայտարարութիւն է արել Բաքւում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցութեան վերաբերեալ

Բագրատ սրբազանը յայտարարութիւն է արել Բաքւում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցութեան վերաբերեալ

Բաքւում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցութեան վերաբերեալ

Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացուելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան գագաթնաժողովը (COP 29), որին մասնակցելու պաշտօնական հրաւէր է ուղարկուել նաեւ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին: Բաքու մեկնել-չմեկնելու հարցի առնչութեամբ տարբեր պաշտօնեաների հակասական մեկնաբանութիւնները, ի թիւս այլնի, վկայում են, որ առ այսօր չկայ վերջնական որոշում միջոցառմանը մասնակցելու վերաբերեալ:

COP 29-ին Հայաստանի մասնակցութեան առնչութեամբ հարկ եմ համարում ամրագրել.

I — Սրբազան պայքարի, շարժման համակիրների վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի վերաբերեալ մնում է անփոփոխ՝ կապուած թէ՛ վերջինիս լեգիտիմութեան, թէ՛ ներքին ու արտաքին քաղաքականութեան լիակատար ձախողման հետ:

II — Միաժամանակ, եթէ վարչապետի աթոռը զբաղեցնողն ինքն իրեն համարում է Հայաստանի վարչապետ, ապա COP 29-ին մասնակցութեան հետ կապուած շատ յստակ եւ իրական արդիւնքին միտուած որոշում պէտք է լինի եւ վերջինից բխող այնպիսի կոնկրէտ քայլեր, ինչպիսիք են՝

Ա) վարչապետի պաշտօն զբաղեցնողը պէտք է անձամբ մեկնի Բաքու եւ, կիրառելով (կամ նախապէս կիրառած լինելով) Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ բանակցելու իր սիրելի ձեւաչափը, հասնի այնպիսի արդիւնքի, որը հնարաւոր կը դարձնի բոլոր գերեւարուած, պահուող, պատանդառուած մեր հայրենակիցների անյապաղ վերադարձը հայրենիք: Կրկնում ենք՝ բոլորի, առանց որեւէ բացառութեան,

Բ) վարչապետի պաշտօն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցուելիք իր պաշտօնական խօսքում պիտի ամրագրի Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի փաստը՝ պահանջելով ՀՀ տարածքային ամբողջականութեան անյապաղ վերականգնումը,

Գ) վարչապետի պաշտօն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցուելիք իր պաշտօնական խօսքով պիտի յստակ գնահատական տա 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածի առնչութեամբ՝ որպէս էթնիկ զտում եւ բռնի տեղահանում,

Դ) վարչապետի պաշտօն զբաղեցնողն իր ելոյթով պիտի ամրագրի, որ Արցախեան հիմնախնդիրը փակուած չէ, եւ Արցախի մեր հայրենակիցների՝ միջազգային երաշխիքների ներքոյ անվտանգ եւ արժանապատիւ վերադարձն օրակարգային թիւ մէկ կէտն է Հարաւային Կովկասում կայուն եւ երկարաժամկէտ խաղաղութեան հաստատման համատեքստում:

Ներկայացուած կէտէրը չարտացոլող ու չապահովող որեւէ քայլ, գործողութիւն եւ/կամ իրադարձութիւնների ընթացք չի կարող դիտուել որպէս արդիւնք, աւելին՝ նման պարագայում գործ կ’ունենանք սեփական հանրութեանը հերթական անգամ մոլորեցնելու եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու շարքային քայլի հետ:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեան

08.11.2024  

Share