ԱՄՆ Կոնգրեսականների կոչը պատերազմական յանցագործութիւնների համար ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերեալ

ԱՄՆ Կոնգրեսականների կոչը պատերազմական յանցագործութիւնների համար ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերեալ

ԱՄՆ Կոնգրեսականներ Դինա Տիտուսը եւ Քրիս Սմիթը ղեկավարում են երկկուսակցական բանաձև՝ պատերազմական յանցագործութիւնների համար ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերեալ:

— ԱՄՆ երեսունուեց ներկայացուցիչներ խնդրել են պէտքարտուղար Ռուբիոյին ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրայ՝ հայ գերիներին եւ պատանդներին ազատ արձակելու համար։

ԱՄՆ կոնգրեսի երեսունուեց ներկայացուցիչներ՝ Դինայ Տիտուսի (D-NV) եւ Քրիս Սմիթի (R-NJ) գլխաւորութեամբ, կոչ են արել պէտքարտուղար Մարկոյ Ռուբիոյին Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի դէմ մարդու իրաւունքների լուրջ ոտնայարման համար, ներառեալ նախկին ղեկավարների ապօրինի կալանաւորումը: Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (ANCA) ողջունել է Կոնգրեսի նամակը՝ որպէս երկկուսակցական քայլ՝ ուղղուած Արցախի հայ բնակչութեան նկատմամբ արդարութեան ապահովման։

«Այս երկկուսակցական նամակը, որը գլխաւորում են ներկայացուցիչներ Դինայ Տիտուսը եւ Քրիս Սմիթը, հզօր ուղերձ է ուղարկում, որ Ամերիկան ​​պէտք է կանգնի արդարութեան եւ հաշուետուողականութեան կողքին», — ասաց ԱՀԴՅի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: «Շնորհակալ ենք Կոնգրեսի բոլոր անդամներին, ովքեր ստորագրել են այս նամակը, պահանջելու համար անյապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ռազմական յանցագործութիւնների մէջ ներգրաւուած ադրբեջանցի պաշտօնեաների եւ հայ քաղաքական առաջնորդների եւ ռազմագերիների ապօրինի կալանաւորման մէջ: Տարածաշրջանում կայուն խաղաղութիւնը պահանջում է ապօրինի ձերբակալուած բոլոր հայերի ազատ արձակում, ադրբեջանական ուժերի դուրսբերում հայկական տարածքից եւ, իհարկէ, աջակցութիւն Արցախում հայերի վերադարձի իրաւունքն ու անվտանգութիւնը»։

Երկկուսակցական նամակը կոչ է անում Պետդէպարտամենտին «անյապաղ գործադրել ձեր լիազօրութիւնները՝ պատժամիջոցներ կիրառելու Global Magnitsky Human Rights Accountability Act-ի համաձայն՝ Ադրբեջանի պաշտօնեաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան դէմ մարդու իրաւունքների լուրջ խախտումների եւ ռազմական յանցագործութիւնների համար»:

Ստորագրողները ընդգծեցին, որ «առայսօր Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով կալանաւորել առնուազն 23 յայտնի հայ ռազմագերիների, որոնք գերեւարուել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ եւ դրանից յետոյ», զգուշացնելով, որ «այս քաղաքական պատանդները, այդ թւում՝ նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, ենթարկուել են անազատութեան մէջ բռնութեան եւ նուաստացուցիչ վերաբերմունքի»։

Նրանք նաեւ ընդգծել են Ադրբեջանի անպատժելիութեան աւելի լայն տարածաշրջանային հետեւանքները՝ գրելով. «Հայ բարձրաստիճան գործիչների կեղծ դատավարութիւնները խաթարում են կայուն խաղաղութեան համար անհրաժեշտ վստահութեան ամրապնդման միջոցները: Քաղբանտարկեալների եւ ռազմագերիների ազատ արձակումը կարեւոր քայլ է արդար եւ տեւական լուծման հասնելու համար»:

Նամակը եզրափակում է ԱՄՆ-ի անյապաղ գործողութիւնների կոչով. «Մենք կարծում ենք, որ Մագնիտսկու պատժամիջոցները կարեւոր գործիք են ռազմագերիներին ազատ արձակելու եւ Հայաստանի դէմ յետագայ ագրեսիան կանխելու համար»:

Ներկայացուցիչներ Դինայ Տիտուսին (D-NV) եւ Քրիս Սմիթին (R-NJ) միացան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երեսուն չորս անդամներ՝ ստորագրելով քարտուղար Ռուբիոյին ուղղուած նամակը:

Նամակի ամբողջական տեքստը ներկայացուած է ստորեւ եւ հասանելի է առցանց՝ այստեղ.

https://anca.org/assets/pdf/041125_Titus_Smith_AzerbaijanSanctions.pdf

Share