ՀՀ քաղաքացիների նկատմամբ Եւրամիութեան որոշ երկրների մօտեցումները կարող են պայմանաւորուած լինել ոչ միայն վիզայի դիմում-հարցաթերթիկում եւ հարակից փաստաթղթերում ներկայացուած պայմանների խախտմամբ, այլեւ տուեալ երկրների ներգաղթային քաղաքականութեամբ։ Սպուտնիկ Արմէնիայի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Նիդեռլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը` մեկնաբանելով ԱԳՆ–ի օրերս տարածած հաղորդագրութիւնը` ՀՀ քաղաքացիներին մուտքի իրաւունք չտրամադրելու մասին։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչութիւնը օրերս յայտարարել էր, որ վերջին շրջանում քաղաքացիներից մեծ թուով դիմումներ են ստանում, թէ, ունենալով շէնգենեան վիզաներ եւ ժամանելով եւրոպական տարբեր երկրներ, չէն ստանում մուտքի իրաւունք։
Նախարարութիւնը պարզաբանել էր, որ վիզայ ստանալու համար անհրաժեշտ է դիմել շէնգենեան գոտու այն երկրի դեսպանատուն, որտեղ նախատեսւում է այցելել։ Իսկ մի քանի երկիր այցելելու դէպքում՝ հիմնական այցելութեան երկրի դեսպանութեանը։«Որոշակի մտահոգութիւն կայ, որ, հաշուի առնելով, մեր երկրի շուրջ ստեղծուած անվտանգային խնդիրները եւ դրանց հետեւանքով աճող միգրացիոն մտահոգութիւնները, թէ՛ մուտքի արտօնագրի տրամադրումն է բարդանում, թէ՛ մուտքի ժամանակ մարդկանց մերժումներն են յաճախակիանում։
Բնականաբար, եւրոպական երկրները բացարձակապէս ցանկութիւն չունեն միգրանտների նոր հոսք ստանալու, յատկապէս այն երկրից, որն իրենք այսօր հռչակում են իրենց համար բարեկամ եւ արտաքին քաղաքականութեան հարցերում սատարուող երկիր»,– նկատում է դիւանագէտը։Ձիւնիկ Աղաջանեանը եւս հաստատում է ԱԳՆ–ի պարզաբանման մէջ ներկայացուած կանոնները` ԵՄ մուտք պէտք է գործել այն երկրից, որի դեսպանատից ՀՀ քաղաքացին վիզայ է ստացել։
Խնդիրներ կարող են առաջանալ նաեւ ճանապարհորդութեան ընթացքում, եթէ քաղաքացին խախտել է նախապէս իր ներկայացրած պայմանները։Նախկին դեսպանը չի հերքում` քաղաքացիներին ճիշտ ու ժամանակին իրազեկելը կարող է նրանց որոշ չափով զերծ պահել ֆինանսական եւ հոգեբանական ռիսկերից, բայց եթէ խնդիրը պայմանաւորուած է տուեալ երկրի միգրացիոն քաղաքականութեան խստացմամբ, այստեղ ՀՀ ԱԳՆ–ն անզօր է։Անդրադառնալով արտագաղթի պայմաններում ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացին` Ձիւնիկ Աղաջանեանն արձանագրում է, որ 2018 թ–ից յետոյ գործընթացն իրականում հետընթաց է ապրել եւ այսօր փաստացի սկսւում է զրոյական կէտից։
«ՀՀ նախորդ իշխանութիւններն էական ջանքեր էին գործադրել, որպէսզի չէզոքացնեն այն ռիսկերը, որոնք ԵՄ երկրները կարող են տեսնել վիզաների ազատականացման պարագայում։ Եւ շատ դրական միգրացիոն դինամիկայ մենք ունէինք թէ՛ Եւրոպայ գնացողների քանակի, թէ՛ որակի առումով, թէ ինչ կարգավիճակով էին մարդիկ այցելում շէնգենեան գօտի եւ թէ՛ վերադարձող միգրանտների ընդունման առումով։ Կյիշեք` մենք ժամանակին հսկայական քանակով ընդունման համաձայնագրեր ստորագրեցինք ԵՄ երկրների հետ, քանի որ ռեադմիսիայի գործընթացը վիզաների ազատականացման գործընթացի մաս է»,– արձանագրում է Աղաջանեանը։
Նրա գնահատմամբ` ՀՀ այսօրուայ իշխանութիւնը փորձում է վերագործարկել տարիներ առաջ կասեցուած այդ գործընթացը։ Բայց, հաշուի առնելով ՀՀ–ից միգրացիոն հնարաւոր հոսքերի վերոյիշեալ խնդիրը, նախկին դեսպանը խիստ կասկածում է, որ դա դրական արդիւնք կ’ունենայ։ Աղաջանեանի խօսքով` անիւը հետ է պտտուել, եւ Հայաստանն այսօր շատ բացասական դիրքում է։