Բաքուն հրաժարուել է ՀՀ–ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնեան հանդիպումից

Բաքուն հրաժարուել է ՀՀ–ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնեան հանդիպումից

Բաքուն հրաժարուել է նոյեմբերի 20-ին Վաշինգտօնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյեանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումից: Տեղեկութիւնը յայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` յղում անելով Ադրբեջանի ԱԳՆ–ին։

Նշէնք, որ ԱՄՆ պէտքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ լսումների ժամանակ յայտարարել էր, որ Վաշինգտօնը դադարեցրել է ռազմական եւ այլ օգնութեան տրամադրումը Բաքուին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելութիւններ եւ ազդարարել, որ մինչեւ Երեւանի հետ բանակցութիւններում առաջընթաց չգրանցուի, երկկողմ յարաբերութիւնների կարգաւորում չի լինի:

«Կարեւոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարաւոր չենք համարում Վաշինգտօնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը։ ԱՄՆ-ն տարածաշրջանային երկիր չէ, իր գործողութիւններով եւ յայտարարութիւններով վնասում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգութեան ջանքերը»,– յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն։

Գերատեսչութիւնն ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանի դռները փակ են ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաների համար, իսկ Օ’Բրայենի մեկնաբանութիւններն անուանել է «միակողմանի եւ կողմնակալ», ինչպէս նաեւ «անարդիւնաւետ, անհիմն եւ անընդունելի»:

Անդրադառնալով Բաքուի համար ռազմական օգնութիւնը դադարեցնելու մասին յայտարարութեանը՝ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ամերիկեան կողմն ինքն է ժամանակաւորապէս դադարեցրել «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ լրացման գործողութիւնը (ըստ այդ լրացման՝ ԱՄՆ կառավարութեանն արգելւում էր օգնութիւն ցուցաբերել Ադրբեջանի պաշտօնական կառոյցներին, դրա գործողութիւնն ամէն տարի կասեցւում էր 2002 թուականից. խմբ), երբ 2001 թուականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւններից յետոյ Ադրբեջանը սատարել էր ահաբեկչութեան դէմ պայքարում Միացեալ Նահանգների ջանքերին:

«Ստացւում է, որ ԱՄՆ-ն միշտ ժամանակաւոր է համարել Ադրբեջանի աջակցութիւնը, սակայն չպէտք է մոռանալ, որ պատմութիւնը կարող է կրկնուել», — ասուած է հաղորդագրութեան մէջ:

Նշւում է նաեւ, որ Միացեալ Նահանգները՝ որպէս արտատարածաշրջանային երկիր, իր գործողութիւններով եւ յայտարարութիւններով խաթարում է տարածաշրջանի երկրների՝ տրանսպորտային անվտանգութեան ապահովման ջանքերը: «Հայաստանը չի կատարել 2020 թուականի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտից բխող իր պարտաւորութիւնները, ինչը դրդել է Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերեալ։ Ադրբեջանի սւուերէն իրաւունքն է պայմանաւորուել հարեւան երկրների հետ, թէ ինչպէս կառուցել հաղորդակցութիւններ, ինչը ներառում է նաեւ Իրանի հետ դէպի Նախիջեւանի Ինքնաւար Հանրապետութիւն երթուղու մասին համաձայնագիրը: Այս ֆոնին Ադրբեջանը հաստատում է «3+2» (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիայ-Ռուսաստան-Իրան) ձեւաչափի գերակայութիւնը տարածաշրջանում անվտանգութեան ապահովման համար», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Յիշեցնենք` ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Անի Բադալեանը սեպտեմբերին յայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ երկկողմ հանդիպում չկայ օրակարգում։

Հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձեւաչափով (առանց Վրաստանի) հանդիպում կայացաւ արտգործնախարարների մակարդակով։ Ձեւաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի մասնակցութիւնը, սակայն Թբիլիսին յայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնութեանը։

Աւելի ուշ յայտնի դարձաւ, որ Թեհրանում կայացած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ ոչ պաշտօնական շփում է եղել։

Share