Բաքուի դատարանը մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդութիւնը:
Այսօր Բաքուի դատարանը մերժել է Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարների՝ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու պաշտպանների միջնորդութիւնը։ Այս մասին յայտնում են ադրբեջանական լրատուամիջոցները։
Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին դատարանը տուել է եւս 10 օր՝ շինծու գործի նիւթերին ծանօթանալու համար․ Վարդանեանի պաշտպանները դատարանին միջնորդել էին յատկացնել 30 օր։
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 16 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Յարութիւնեանը, Արկադի Ղուկասեանը, Բակոյ Սահակեանը, ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանը, Պաշտպանութեան բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դաւիթ Մանուկեանը, ԱԳ նախկին նախարար Դաւիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարեանը, Էրիկ Ղազարեանը, Դաւիթ Ալաւերդեանը, Գուրգէն Ստեփանեանը, Լեւոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսեանը, Մելիքսեթ Փաշայանը:
Ադրբեջանի գլխաւոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչեւ 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատուածում կատարուած «յանցագործութիւնների» առնչութեամբ գլխաւոր դատախազութեան եւ երկրի այլ քննչական մարմինների կողմից քննուած 1,389 քրէական գործերը միաւորուել են մէկ վարոյթում։